Մեր նպատակը ձայն փախցնելը չէ, մեր նպատակը մեր առաջադրած խնդիրները լուծելն է

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը

-Պարոն Վարդանյան, նախընտրական դաշինքները գրեթե ձևավորվել են, շտաբները ձևավորվել են, ի՞նչ նորություն կա ՀՅԴ-ում: Մինչև այս պահը դուք հայտարարել եք, որ որևէ դաշինքում ձեզ չեք տեսնում և առանձին կմիանաք ընտրապայքարին, բայց մամուլում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն, որ դուք հանդիպել եք լայն կոնսոլիդացիայի առաջարկով հանդես եկող Գագիկ Ծառուկյանի հետ, ով բացել է քաղաքականության փակված էջը. կա՞ այդպիսի բան, թե՞ ոչ:

-Ծառուկյանի հետ մենք հանդիպումներ ունեցել ենք այս ամբողջ ընթացքում՝ և՛ էջը փակելուց առաջ, և՛ էջը փակելուց հետո, և՛ էջը բացելուց հետո, այո՛, բայց քննարկում ձեր պատկերացրածի նման կամ ինչպես որ մամուլում է գրվում՝ ոչ, նման բան գոյություն չունի, ապատեղեկատվություն է:

-Այդ դեպքում հանդիպումներն ինչի՞ համար էին, նպատակը ո՞րն էր. քաղաքական ճշգրտումնե՞ր, թե՞ պարզապես առաջարկ է արվել ՀՅԴ-ին, իսկ ՀՅԴ-ն մերժել է:

-Չի եղել նման առաջարկ որևէ կողմից, իսկ հանդիպումներ, ինչպես ասացի, եղել են երեք ժամանակներում էլ, եղել են ընդհանուր խնդիրների, բարեգործության և Սփյուռքում աշխատանքների հետ կապված և Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապված, այնպես որ այստեղ գաղտնիք չկա:

Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք նախընտրական փուլում են փորձել հանդիպել, մեր հանդիպումները կրել են պարբերական բնույթ և պայմանավորված չեն եղել ընտրություններով: Մեր հանդիպումները կայուն են, մշտական:

-Պարոն Վարդանյան, դուք հանդիպել եք նաև «Օհանյան-Օսկանյան» դաշինքի հետ, առաջարկ ստացե՞լ եք նրանց կողմից:

-Որևէ հանդիպում չի եղել: Իհարկե այդ դաշինքում կան շատ մարդիկ՝ հրապարակային գործիչներ, որոնց հետ մենք առօրյա հանդիպումներ, քննարկումներ ունենում ենք, բայց դրանք կապված չեն նոր ձևավորվող դաշինքի հետ, այդ կարգի հանդիպումներ չեն եղել:

-Այս պահին ինչպե՞ս եք գնահատում «Դաշնակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ այս լայն դաշինքները հնարավոր է առանձին մասնակցող ուժերի համար տեղ չթողնեն:

-Այսօր մոդայիկ է դաշինքներ կազմելը, «Դաշնակցությունը» մոդային հետևող չէ, «Դաշնակցությունը» մոդան թելադրող է: Մեր արածի արդյունքում է, որ այսօր քաղաքական ուժերը փորձում են դաշինքներ կնքել, որովհետև հասկանում են՝ մենք համակարգ ենք փոխել, խորհրդարանական կառավարման ենք անցել և այն ուժերը, որոնք չեն լինի ապագա խորհրդարանում, նրանք դուրս կմնան քաղաքականությունից կամ պետք է միավորվեն ուրիշ ուժերի հետ: Սրա համար է այս աժիոտաժը, սրա համար են բոլորը փորձում միավորվել, դաշինքներ կնքել… Կա երկրորդ խնդիրը՝ դաշինքների բնույթը, դաշինքներ կազմող ուժերի հարաբերությունները, գաղափարական, ծրագրային սկզբունքների հարցը: Եվ կա երրորդ կողմը՝ դաշինքների վերջին 25 տարիների պատմությունը. ցավոք, հաջողված պատմություն չգիտեմ: Եթե քաղաքական ուժերի միակ նպատակը ջրի երեսին մնալն է, սա անհասկանալի է: ՀՅԴ-ն ամենահետևողական ուժն է, մեր նպատակը ձայն փախցնելը չէ, մեր նպատակը մեր առաջադրած խնդիրները լուծելն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել