Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունվար 2017թ.)
Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ

Ողջույն:

Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող եք ամեն օր կարդալ, քննարկել և դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խոսակցություններից և կրկնություններից, այսօր ես ուզում եմ բացառապես անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին:
Գուցե զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելույթը ունենում ենք Լիբանանում, բայց հավատում եմ՝ այս ընտրություններն ունեն համահայկական կարևորություն և նույնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին և բնակչությանը, կարող են և պետք է հետաքրքրեն համայն հայությանը:

Յուրահատուկ պայմաններում են այս ընտրությունները տեղի ունենում. մենք պատերազմական վիճակում ենք դարձյալ: Ամեն օր կարող են լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվել: Ինչո՞ւ եմ շեշտում սա: Շեշտում եմ, որովհետև ամեն մեկ ընտրություն իր հետ բերում է լարվածություն, և ամեն մեկ լարվածություն կարող է ցնցումի վերածվել, իսկ ամեն մեկ ցնցում կարող է արտաքին թշնամու համար նոր ոտնձգության ախորժակ բացել:

Նախ կարևոր է, շատ կարևոր, որ Հայաստանի քաղաքական դաշտի պատասխանատուների, առաջին հերթին իշխանության կողմից, ապա նաև բոլոր քաղաքական ուժերի կողմից, լինի գիտակցություն, որ այս պայքարը, այս մրցակցությունը չպետք է վերածվի թշնամանքի և առճակատման:

Երկրորդ. ամբողջ տարածաշրջանը վայրիվերումների մեջ է, լարված է վիճակը: Միջազգային ազդեցության դաշտերի բաժանում և վերաբաժանում է տեղի ունենում: Այս պայմաններում մեծ է լինում արտաքին միջամտությունների հավանականությունը: Արտաքին միջամտությունները հաճախ տեղի են ունենում` ներքին խնդիրները պատրվակելով, հաճախ տեղի են ունենում` ներքին խնդիրներն օգտագործելով: Այլ խոսքով՝ արտաքին միջամտությունները կարող են մեր երկրում ավելի դերակատար դառնալ՝ հայ մարդուն, հայ քաղաքական ուժը օգտագործելով: Եվ այս առումով ևս մենք ունենք խնդիր, որ այս ընտրությունների ժամանակ չստեղծենք առիթներ ու պատրվակներ արտաքին միջամտության համար:

Երրորդ. այս ընտրությունները տեղի են ունենում նոր պայմանների մեջ` մենք Հայաստանում նոր Սահմանադրություն ենք ընդունել, Սահմանադրություն, որն այս ըմտրություններով պետք է իրագործվի, Սահմանադրություն, որն այս ընտրություններով պետք է իրականություն դառնա, Սահմանադրություն, որով համակարգային փոփոխություն է, տեղի է ունենում Հայաստանում, Սահմանադրություն, որ պետք է գա արմատախիլ անելու բացասական երևույթները Հայաստանի քաղաքական կյանքում: Եվ այս ընթացքն է, որ պետք է անխափան լինի: Հետդարձ չպետք է տեղի ունենա:

Մենք, իբրև հայկական իրականության մեջ պատասխանատու կազմակերպություն, մասնակցելու ենք այս ընտրություններին: Մասնակցելու ենք՝ ունենալով ելակետային որոշ պայմաններ: Մենք անցած ժամանակաշրջանում համագործակցել ենք թե ընդդիմության հետ, թե իշխանության հետ: Երկու պարագայում էլ այդ համագործակցությունը ինքնանպատակ չի եղել, երկու պարագայում էլ այդ համագործակցությունը եղել է հանուն Հայաստանի և մեր կողմից հայտարարված նպատակների: Եվ կարևորն ինչ է՝ երկու պարագայում էլ նույն նպատակների հայտարարումով է տեղի ունեցել այդ համագործակցությունը: Այլ խոսքով՝ մենք ունենք բոլորի հետ համագործակցելու, աշխատելու հնարավորություն: Մենք կաշկանդված չենք, մենք ազատ ենք այդ առումով, և դա, ես կարծում եմ, կարևոր հատկանիշ է մեզ համար: Իշխանությունների հետ մեր համագործակցության արդյունքում նոր Սահմանադրություն է ստեղծվել, որի արդյունքում նոր ընտրական օրենսգիրք է ընդունվել, որի հետ համաձայնել են Հայաստանի բոլոր, գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ թե’ ընդդիմադիր, թե’ իշխանական: Մեր համագործակցությամբ դրել ենք մի նոր սկիզբ Հայաստանի պետական կյանքում: Նոր կառավարություն է ձևավորվել, կադրային լայնամասշտաբ փոփոխություններ են տեղի ունեցել: Իրականության մեջ՝ նոր սկիզբ կա, հույսի դուռ է բացվել, զարգացման կարելիություն է ստեղծվել, մթնոլորտ կա այս առումով: Այս իմաստով առկա է նաև մտահոգություն, որ որոշ նախկին պաշտոնյաներ, ինչ-ինչ շահերից ու մտահոգություններից ելնելով, փորձում են համախմբվել, կազմակերպվել, փորձում են ռևանշի դուրս գալ, որպեսզի այդ հույսը խամրի, որպեսզի վերադարձ տեղի ունենա դեպի անցյալ: Եվ այս առումով ես պետք է հստակ հայտարարեմ, հենվելով մեր ժողովրդի վրա` մենք ընթանալու ենք հույսի և զարգացման ճանապարհով:

Ելակետային հատուկ պայմանների մեջ ենք հայտնվել, նաեւ ընտրական օրենսգրքի առումով, որով առաջին անգամ, որդեգրված է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, առաջին անգամ կոնսենսուսով՝ համախոհությամբ է ընդունվել, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ և համաձայնությամբ: Եվ սա մեր տարիների աշխատանքի, պահանջների, առաջարկների ամբողջությունն է, որ Ընտրական նոր օրենսգիրք է դարձել: Սակայն այստեղ պետք է նշեմ, որ այս համակարգի մեջ որդեգրվել է նաև ռեյտինգային ընտրակարգ, որի շուրջ մենք այսօր ունենք լուրջ մտահոգություն: Ռեյտինգային տարբերակը լրջորեն վտանգում է համամասնական ցուցակով ընտրությունների էությունը, բայց ընդհանրության մեջ կա առաջընթաց և զարգացում:

Ինչպես բոլոր ընտրությունները, այս ընտրություններն էլ ունեն իրենց վտանգավոր կողմերը: Ճիշտ է, որ այս նոր Ընտրական օրենսգրքով գրեթե կամ ամբողջությամբ բացառվել է հնարավորությունը ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելու, լցոնումներ անելու, սակայն դեռ մնում են հնարավորությունները փողի, ընտրակաշառքի, լծակների օգտագործման և ամբոխավարության առումով: Մենք ի վիճակի չենք այս հնարավորությունները օգտագործել: Մենք փող չունենք ընտրակաշառք բաժանելու և դեմ ենք դրան, մենք լծակներ չունենք մարդկանց վրա ճնշում բանեցնելու, վախեցնելու, ահաբեկելու, հանցագործ աշխարհին մղելու, որ դերակատար դառնա: Մենք այս հնարավորությունները չունենք և լավ է, որ չունենք: Մենք չունենք նաև ամբոխավարության հնարավորությունը: 25 տարի է, որ Հայաստանում ենք, և չի եղել, որ մի բան հայտարարած լինենք, որն իրագործած չլինենք, չի եղել, որ մի բան հայտարարած լինենք, բայց դրա համար հետևողական պայքար մղած չլինենք: Մենք վաստակ ունենք, կենսագրություն ունենք, որ 126 տարվա կյանք ունի և, այս ընտրությամբ էլ ոչինչ չի ավարտվում, և մեր ընթացքը պետք է շարունակվի դեպի ապագա: Մենք ամբոխավարության ազատություն չունենք կամ, ավելի ճիշտ, ամբոխավարության համար անհրաժեշտ անպատասխանատվություն չունենք:

Մենք գնում ենք ընտրությունների, որպեսզի Հայաստանի համար ապահովենք համընդհանուր զարգացման կարելիություն:

1. Հայաստանում համընդհանուր զարգացման կարելիություն ստեղծելու համար անհրաժեշտ է արդարություն, անհրաժեշտ է, որ արդարություն հաստատվի: Զարգացման համար անհրաժեշտ է, որ ժողովրդի մեջ միասնականություն լինի: Իսկ եթե մի տեղ անարդարություն կա, այնտեղ կայունություն չի լինի, եթե մի տեղ անարդարություն կա, այնտեղ ազգային միասնականություն չի լինի:
Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որը միշտ և ամենուր դեմ է եղել բոլոր տեսակի անարդարություններին՝ անկախ այն բանից, թե այդ անարդարությունն ում կողմից և ում դեմ են ուղղված: Եվ, վերջապես, մենք Հայաստանի մեջ գործող միակ քաղաքական ուժն ենք, որ հավատում ենք սոցիալական արդարությանը: Մենք սոցիալիստական կուսակցություն ենք: Այս առումով տարբերվում ենք բոլորից և հետամուտ ենք լինելու Հայաստանում սոցիալական արդարության հաստատմանը: Արդար Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

2. Ներազգային ճակատում մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն, մեզ պետք է ազատություն և ժողովրդավարություն: Ազատ Հայաստանն է, ժողովրդավար Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

3. Հայաստանը, հակառակ որոշների կարծիքին, շատ ավելի անվտանգ է, շատ ավելի մեծ հնարավորություններ ունի զարգանալու Արցախի հետ միավորված: Եվ այն կարծիքը, թե Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը, մահացու սխալ է: Մահացու սխալ է, որովհետև երբեք նահանջը, զիջումը չի կարող բերել զարգացման: Եվ Արցախով միավորված Հայաստանն է, որ կարող է զարգացում ապրել:

4. Պատերազմը չարիք է, բայց պատերազմը կանխելու համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի: Մեր ունեցած միջոցները սակավաթիվ են, մեր ունեցած հնարավորությունները փոքր են: Մենք պետք է օգտագործենք այնպիսի կազմակերպական վիճակներ, որ մեզ բերեն առավելություններ: Եվ ազգ-բանակ հասկացողությունը կամ համաժողովրդական բանակ հասկացողությունը, որի փորձը հայկական իրականության մեջ առաջին հերթին և միայն ունեցել է Դաշնակցությունը: Այո, մենք պարտավոր ենք ազգովի կազմակերպվել իբրև բանակ, մենք պարտավոր ենք կազմակերպվել այնպես, որ ամբողջությամբ թև ու թիկունք լինենք բանակին: Մենք այլ ելք չունենք: Որպեսզի պատերազմ չունենանք, որպեսզի կարողանանք խուսափել պատերազմից, որովհետև դա չարիք է, ազգովի պետք է դառնանք բանակ: Սա է մեր ելքը, մեր փրկությունը: Ուժեղ, հզոր բանակով է, որ Հայաստանը կարող է զարգանալ:

5. Արտագաղթը չարիք է, արտագաղթը մեր երկիրը վտանգելու աստիճան արդեն մտահոգիչ երևույթ է, սակայն արտագաղթի խնդրում ավելի բացասական երևույթ է երիտասարդության արտագաղթը: Արտագաղթին տոն տվող պատճառները բազմաշերտ են, բայց այսօրվա իմ խոսքի տրամաբանությունը թույլ չի տալիս, որ բոլոր այդ շերտերին բազմակողմանի անդրադարձ ունենանք: Սակայն կարող եմ մի բան հստակ ասել՝ ամեն տարի շատ երիտասարդներ ավարտում են իրենց զինվորական ծառայությունը և դուրս են գալիս կյանքի ասպարեզ: Նրանք իրենց կյանքը կազմակերպելու խնդիր ունեն և նրանք առաջին փորձերն անում են Հայաստանում այդ կյանքը կազմակերպելու համար: Եվ, երբ չեն կարողանում, փորձում են արտագաղթել: Իսկ արտագաղթող երիտասարդների հետևից արտագաղթում են նաև ընտանիքները: Մենք պարտավոր ենք, մենք ունենք համապատասխան ծրագիր, որ իբրև պետություն պարտավոր ենք ամեն տարի զորացրվող երիտասարդի կողքին կանգնել, որպեսզի նրան ապահովենք արժանավայել աշխատանքով, արժանապատիվ աշխատավարձով և օգնենք, որ նա կարողանա Հայաստան հողի վրա իր կյանքը կազմակերպել: Դա հնարավոր ծրագիր է, կարելի ծրագիր է, և մենք պետք է հաջողեցնենք դա: Երիտասարդ Հայաստանն է, որ կարող է լինել կենսունակ և կարող է ունենալ զարգացում:

6. Ազգային տեսլական ունեցող, նպատակ ունեցող, ուղղություն ունեցող երկիրն է, որ գիտի ինչպես պետք է կազմակերպի և ինչպես պետք է իր ժողովրդին ուղղորդի դեպի նպատակային աշխատանք: Ազգային տեսլական, ազգային երազանք՝ ինչ ուզում եք դրեք անունը, պետք է ունենանք մեր ազգային նշանակետը, որին պետք է ձգտենք: Ազգային երազանք ունեցող Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

7. Հայաստանում հաճախ են խոսում, որ մենք ուժեղ ենք Սփյուռքի հետ միասին: Ճիշտ է: Ես կասեմ, սակայն, որ այդտեղ անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն և կարելիություն, որպեսզի Սփյուռքը իրական մասնակցություն ունենա Հայաստանի զարգացման գործում, Հայաստանի կյանքում: Ստեղծել, օգնել, մղել, որպեսզի Սփյուռքը կարողանա ինքնակազմակերպվել և ինքնավերակազմակերպվել, որովհետև մեզ պետք է առույգ, աշխույժ, ազգային կազմակերպված Սփյուռք: Դա մեզ համար կարելիություն է և հնարավորություն: Եվ Սփյուռքի հետ միավորված է, որ Հայաստանի զարգացումը հնարավոր ու կարելի է:

Տպել Տպել