Ֆրանսիայի ՍԴ-ն քաղաքական որոշում է կայացրել

Մուրադ Փափազյանը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն քննադատում, այլ նաև դատապարտում են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը՝ մերժել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված պարունակող օրինագծի ընդունումը:

«Մենք բոլոր մասնագետների հետ աշխատել ենք արդեն քանի տարի: Պետության, կառավարության հետ ենք քննարկել օրինագիծը, և տեքստը, որ ներկայացավ Սենատին և քվեարկվեց, բոլոր ծերակուտականների կարծիքով՝ սահմանադրական էր: Մենք համոզված ենք, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը քաղաքական որոշում է կայացրել»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով են նրանք դատապարտում այդ որոշումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը իր պաշտոնական տեսակետն էր հայտնել Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի առնչությամբ: Խորհուրդը որոշել է, որ այն հակասում է ցեղասպանությունը և մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունները դատապարտող 173-րդ հոդվածի 2-րդ մասին:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծի փոփոխությունները: Օրինագծին կողմ էր քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենք քայլեր են ձեռնարկելու սահմանադրական դատարանի որոշման դեմ: «Սահմանադրական դատարանը չէր կարող արգելել, որ մենք Թուրքիայի դեմ մեր պայքարը շարունակենք, չի կարող նաև մեզ արգելել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում աշխատենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են բրիֆինգ անել՝ հասկանալու, թե ինչպես պետք է շարունակեն իրենց պայքարը՝ օրենքի՞ միջոցով, թե ուրիշ ճանապարհով:

Ֆրանսահայ հասարակական գործիչը հիշատակեց, որ այս օրինագիծը երկու անգամ է Սահմանադրական դատարանի կողմից մերժվում: «Սա նշանակում է, որ իրենց համար չի կարելի ընդունել օրենք, որը կդատապարտի Հայոց ցեղասպանության մերժումը, ուրացումը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ի՞նչ ընթացակարգեր կան սահմանադրական դատարանի որոշման դեմ պայքարելու, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

«Դեռ որոշումը նոր է ընդունված: Ինչ-որ ժամանակ պետք է անցնի, որպեսզի մենք ճիշտ որոշում կայացնենք: Սա լուրջ հարց է, և մենք մեր համակիրների հետ պետք է աշխատենք, քննենք և որոշում գտնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանն ընդգծեց այս իրադարձության մեջ թուրքական լոբբինգի նշանակությունը։ Նա նշեց, որ Ֆրանսիայում թուրքական լոբբինգը շատ հզոր է: «Հասկացան, որ այս օրենքն իրենց համար վտանգավոր է, հասկացան, որ Թուրքիային պետք չէ, որ այդ օրենքը կյանքի կոչվի: Մենք գիտենք, թե նրանք ինչ են արել, ինչ միջոցներ են օգտագործել, ինչ ձևով են աշխատում: Մենք էլ երբեք չենք մոռանում, որ այդ աշխատանքի վերջը պետք է տանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե օրինագիծը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստումն էր հայ համայնքին, ֆրանսահայ գործիչը պատասխանեց․ «Մենք մշտապես կապի մեջ ենք նախագահի հետ: Ինքն էլ դժգոհություն հայտնեց, որ Սահմանադրական դատարանը չհաստատեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասաց նա:

tert.am

Տպել Տպել