Սիրիա օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ծրագրով ուղարկված մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը Երեւանյան ժամանակով երկուսին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում: Մինչ այդ արդեն նախապես մշակված ուղերթի եւ պայմանավորվածությունների համաձայն, ինքնաթիռը Երեւանի ժամանակով 08:10-ին վայրեջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ անվտանգության նկատառումներով եւ ենթարկվել ստուգման:

Ստուգումը ընթացել է խիստ ռեժիմով եւ տեւել է մի քանի ժամ։ Թուրքական պատկան մարմինները փորձանմուշներ են վերցնում առաքված ապրանքներից։ Թուրքական լրատվամիջոցները շտապել են տեղեկություններ հրապարակել ինքնաթիռի վայրէջքի մասին, սակայն այս անգամ գրեթե բոլորը խուսափել են սենսացիոն տեղեկություններ հրապարակել, ինչպես պատահել էր նախորդ անգամ։ Նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ հոկտեմբերի 15-ին առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել: Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր Սիրիական ավիաուղիների միջոցով՝ շրջանցելով Թուրքիան: Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով: Ինչպես տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, բեռնատար «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը Հալեպ է տեղափոխել ընդհանուր ծավալով 13 տոննա բեռ, որը բացառապես սնունդ է։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, օդի սառնությունը, այս անգամ հնարավոր է եղել առաքել նաեւ չոր կաթ եւ պանիր։

Հալեպում ուղեբեռի տնօրինումը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Բերիո թեմի ազգային առաջնորդարանը, և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։

Տպել Տպել