ՀՅԴ-ն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ

Այսօր, «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հրապարակվեց առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը:

«Մեր խնդիրը նախագահ ընտրելու հարցը չէ, այլ` որ գա մարդ, ով կհրաժարվի նախագահական կառավարման համակարգից: Ո՞վ կարող է սա անել»,-լրագրողների հետ ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նախագահի թեկնածուն պետք է լինի պետական մտածելակերպով, ճանապարհ անցած մարդ, ամենակարեւորը՝ վստահություն ներշնչի, որ կստանձնի այն ամենը, ինչ առաջարկում է ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ` կետ առ կետ:

Ըստ նրա` եթե քաղաքական ուժերը համախմբվեն հիմնական գաղափարի շուրջ, ապա նախագահի անձի ընտրության դժվարությունը կլինի նվազագույն կորուստը: «Մեր խնդիրն այն չէ, որ մեկին բերենք` պաշտոն տանք: Նա պետք է գա հստակ ժամանակացույցով, լուրջ պատասխանատվության առջեւ է կանգնելու»,- հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին, թե այլ կուսակցություններում տեսնո՞ւմ է այդ անձին, նա պատասխանեց, որ երբ ՀՅԴ-ն առաջնային չի համարում նախագահի անձը, դա ամենեւին էլ չի նշանակում, որ ՀՅԴ-ն նախագահի թեկնածու չունի:

«Մենք թեկնածուի պակաս չունենք, ՀՅԴ-ում նախագահի թեկնածուները շատ են»,- ընդգծեց Ռուստամյանը եւ հավելեց, որ այլ ուժերի գործիչներից ոչ մեկին չի թերագնահատում, կարեւորը՝ խնդրի լրջությունը հասկանալն է:

«Ի վերջո, հայ ժողովրդի արգանդը չի չորացել, եթե համախմբում եղավ, այդ անձը հաստատ կգտնվի»,- ընդգծեց նա:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու` ԲՀԿ-ի ցանկության մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռոստամյանը գոհունակությամբ է լսել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ ԳՄ հայտարարության մասին` նա ընդգծեց, որ սա ամբողջական փաթեթ է, որը չի ձեւավորվել մեկ-երկու օրում, ՀՅԴ-ն այդ ամենը հայտարարում էր վաղուց:

«Մեկը մյուսից առաջ անցնելու խնդիրը չէ, խնդիրն այն է, թե որքան լրջորեն բոլոր քաղաքական ուժերը կուսումնասիրեն այս մեր առաջարկած պլատֆորմը: Բոլոր կետերով պատրաստ ենք բանավիճել, քննարկել»,- նշեց Ռուստամյանը` հավելելով, որ սա է այն ճիշտ փաթեթը, որի շուրջ պետք է համախմբվել:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու` ԲՀԿ-ի ցանկության վերաբերյալ դրական արտահայտվեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրական է համարում, որ ԲՀԿ-ն առաջին անգամ հրապարակավ խոսեց կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին: Վարդանյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի նման քայլը գուցե նախագահական ընտրություններից առաջ որոշակի տակտիկական նպատակ է հետապնդում, բայց անգամ այդ դեպքում, ըստ նրա, էությունը չի փոխվում:

Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն հարցը քննարկելու համար հանդիպելու են շաբաթ օրը: ՀՅԴ-ն քննարկումնեիրի համար դիմելու է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ՀՀԿ-ին:

Տպել Տպել