Բարեկամութիւնը ամրապնդելու կամարտայայտութեամբ

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում:

Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը:
Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների միջեւ արդէն 25-ամեայ կենսագրութիւն ունեցող քաղաքական եւ մասնաւորապէս անվտանգութեան ոլորտներում համահունչ հետաքրքրութիւնների մասին:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ապա, գեներալ Դեհղանի կողմից հայաստանցի գործընկերոջը հրաւիրելու նախաձեռնութիւնը յուշում է այն մասին, որ երկու հարեւան ու բարեկամ երկրների պաշտպանական եւ յատկապէս անվտանգութեան նկատառումները վերաթարմացման ու խորքային քննարկման ենթարկւելու անհրաժեշտութիւն ունեն, յատկապէս տարածաշրջանային ու միջազգային աշխարհա-քաղաքական նորօրեայ նկատառումներից ելնելով:
Միւս կողմից, ՀՀ ՊՆ գերատեսչութեան ղեկավարը, պաշտպանական ոլորտից բացի, անվտանգութեան ու քաղաքական առնչութիւնների վերաբերեալ տեսակցութիւններին առընթեր համապատասխան քննարկումներ է կատարելու ԻԻՀ գործադիր թէ° օրէնսդիր ատեանների բարձրաստիճան պատասխանատուների հետ, որն էլ իր հերթին ընդգծելու է թեհրանեան այցի ուշագրաւութիւնն ու կարեւորութիւնը:

Ի վերջոյ, հայրենի պետութեան պաշտպանութեան նախարարի այցը համընկնելով հայոց յաղթական բանակի 25-րդ բարեբաստիկ տարեդարձին, աւելիով է հոգեհարազատ ընթացք հաղորդելու ամենահայաստանամերձ համայնքի հայրենասէր անդամների ու միաւորների հետ հանդիպմանը, երկուստեք խթանելու է թէ՛ միջպետական եւ թէ՛ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման ճամբին ցուցաբերւող կամքի արտայայտութեանը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Տպել Տպել