ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել:

Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է:

«Այսինքն՝ ոչ թե նստեն դասագիրք գրեն, այլ մենք, երևի թե, կարիք ունենք մագիստրոսական հատուկ մասնագիտության դասագրքաստեղծ գործի, որոնք կկարողանան նկարագրել դասագիրք գրելու պայմանը, թե ինչպիսին պետք է լինի տվյալ տարիքային խմբի դասագիրքը, նրա բեռնվածությունը, նկարազարդվածությունը, որակը։ Սա լուրջ խնդիր է, և եթե կարիք լինի, մենք մի խումբ մասնագետներ կուղարկենք վերապատրաստելու և հիմք ստեղծելու»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ օտար լեզուներով շատ ավելի լավ վերապատրաստում կարող են անել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը կամ Երեւանի պետական համալսարանը։ «Իսկ երրորդ ուղղությունը կլինեն արդեն մասնագիտական կրթության օղակները»,-ասաց նախարարը և նշեց, որ մեկ ամիս ունեն՝ կմշակեն և կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ հարցը լուծում է պահանջում, քանի որ դպրոցական կրթության որակը կառավարության առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների վերապատրաստումը հաճախ ձևական բնույթ է կրում:

«Նման թերությունները վերացնելու համար կրթության և գիտության նախարարին հանձնարարում եմ մեկ ամսվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման ծրագիր ներկայացնել»,- նշել էր վարչապետը:

Տպել Տպել