Մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման հավակնոտ ծրագրեր են իրականացվում

Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման ուղղությամբ հավակնոտ ծրագրեր են իրականացվում: Դրանց իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: 2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ նաև 2025 թվականին բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը, 2014թ. հետ համեմատած, պետք է աճի առնվազն 10 տոկոսով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

ՀՀ ՏԿԶ նախարարության խնդիրների մեջ չի մտնում ստեղծել որևէ արտադրություն. գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում, որ արդյունավետ և մրցակցային լինի արդեն ստեղծվածը։ «Մենք պետք է կարողանանք ճիշտ ընտրել արտադրական խմբերը և ֆինանսավորումն ուղղել այնպես, որպեսզի տեղում ունենանք ցածր ինքնարժեքով արտադրանք ու խուսափենք ներմուծումից։ Ընդհանուր համաշխարհային շուկայից շեղված արտադրանք չպետք է ունենանք։ Այսինքն, եթե մենք միս ենք արտադրում, պետք է այն էժան լինի։ Մեկ այլ երկրում, եթե ավելի էժան միս լինի, շատ հեշտությամբ այն կարող է ներկրվել Հայաստան։ Մենք խնդիր ունենք ոչ միայն ինչ-որ բան ստեղծելու, այլև ստեղծածն արդյունավետ դարձնելու»,- ասաց Լոքյանը։
Նախարարի խոսքով՝ առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվն ավելացնել։ Սա մի ռազմավարություն է, որն ունի երեք հիմնական շեշտադրում։ Առաջին նպատակն այն է, որ երկրում այն անհամաչափությունը, որն առկա է մարզերում և Երևանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ում (համախառն ներքին արդյունք), մոտենա համաչափության սկզբունքին։

«Երևանի բնակչին ընկնող ՀՆԱ-ն 2,5 անգամ ավելի մեծ է, քան Տավուշի կամ Շիրակի մարզերում ապրող բնակչինը։ Մեր առաջին նպատակն է, որ այս մեծ շեղվածությունը իջեցնենք մինչև 70 տոկոս։ Այսինքն, եթե 2025 թվականին Երևանի բնակչին ընկնող ՀՆԱ-ն լինի 10 հազար դոլար (հիմա 3550 դոլարի սահմաններում է), մարզերում ոչ թե 2,5 անգամ պակաս կլինի, այլ կլինի դրա 70 տոկոսը։ Ստացվում է, որ մարզերի բնակիչներինը կլինի մոտ 7000 դոլար։ Երկրորդ` պետք է ունենանք մարդկային կապիտալ, ինչն արտահայտվում է կրթությամբ, զարգացվածությամբ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք, օրինակ, հեռավոր Բերդաշեն գյուղում ունենանք բիզնես ծրագիր գրող, միջազգային գներն իմացող մասնագետներ, որոնց լոգիստիկ ծառայություններով կարելի է ցանկացած ապրանք արտահանել և վարել ճիշտ գնային քաղաքականություն»,- նշեց նախարարը։ Ռազմավարության երրորդ շեշտադրումն էլ այն է, որ մարզերում պետք է լինեն աշխատատեղեր գյուղատնտեսությամբ ոչ ֆորմալ 50.000-60.000 զբաղվողների համար։

Նախարարի խոսքով, սրանք մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմման ուղղությամբ այն երեք առանցքային քայլերն են, որոնք էլ իրենց հերթին ազդելու են մարզերի բնակիչների ՀՆԱ-ի աճի վրա: 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ արդեն մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: «Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը: Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը»,-ասաց Դավիթ Լոքյանը:
Ինչ վերաբերում է 2017 թ. գերակա խնդիրներին, ընթացիկ տարում աշխատանքներ են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ: Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև Եվրոպական միության օժանդակությամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:

armenpress.am

Տպել Տպել