ՀՀ պաշտպանութեան նախարարի համայնքային հանդիպումները Իրանում

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին ունեցել է նաեւ համայնքային հանդիպումներ:

Առաւօտեան ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն այցելել է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն եւ հաստատութիւն:
«Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում, հիւրերին ողջունել է «Ալիք»-ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որից յետոյ թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական յարաբերութիւնների, ՀՀ զինւած ուժերում իրականացւող աշխատանքների ու առաջիկայ անելիքների վերաբերեալ, ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ ՊՆ նախարարը մանրամասնել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարի դրոյթները:

Վերջում, այցի առիթով արտայայտւել է նաեւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:

Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը եղել է նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի, Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հոգեւոր դասի հետ:
Հանդիպմանը, ՀՀ պաշտպանութեան նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ Սփիւռքի կառոյցների դերակատարութիւնը հայապահպանութեան, ինչպէս նաեւ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման ու հետագայ զարգացման գործում:

Ելոյթ են ունեցել նաեւ Սրբազան Հայրը, դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը: Սրբազան Հայրը ներկայացրել է թեհրանահայ համայնքը, Ժորժիկ Աբրահամեանը՝ Նոր Ջուղայի հայ համայնքը, իսկ. դոկտ. Կարէն Խանլարեանն էլ անդրադարձել է ՀՀ պաշտպանութեան նախարարի գլխաւորած պատւիրակութեան այցի քաղաքական նշանակութեանն ու կարեւորութեանը՝ հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստում:

Վիգէն Սարգսեանն այցելել է նաեւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի եւ ծաղեպսակ է դրել եկեղեցու տարածքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին՝ յարգելով նրանց յիշատակը:

Երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում ՀՀ պաշտպանութեան նախարարն ու նրան ընկերակցող պատւիրակութեան անդամները հանդիպել են թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական յարաբերութիւնների, ՀՀ ԶՈՒ-ում կատարւած աշխատանքների, «Ազգ-բանակ» գաղափարի դրոյթների եւ ՀՀ անվտանգութեան գործոմ Սփիւռքի ունեցած դերի եւ նշանակութեան մասին: Վերջում, անկաշկանդ մթնոլորտում նա սպառիչ պատասխաններ է տւել ներկաներին յուզող հարցերին:

2 Փետրւարի 2017

Տպել Տպել