Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ` բարևում են

Դեպի Հադրութ տանող ճանապարհի ամբողջ ընթացքում մի տեսակ անհանգիստ էի, որովհետև դժվար ու պարտավորեցնող է գրել այն մարդու մասին, ում ոչ մի անգամ չես տեսել, բայց ում մասին շատ ես լսել: Հեռախոսով աշխատավայրը ճշտելուց հետո` ահա Հադրութի շրջվարչակազմի շենքի մոտ եմ, աստիճաններով բարձրանում եմ դեպի «Դիզակ» թերթի խմբագրություն: Ներս մտնելուց հետո Երմոնյա Զաքարյանի բարեհամբույր ժպիտն ու սենյակում տիրող ջերմ մթնոլորտը ցրեցին բոլոր մտավախություններս: Ընթացավ անմիջական զրույց տիկին Երմոնյայի` ձեռբերումներով, վայրվերումներով լի կյանքի մասին:

Նախնիները Պարսկաստանի Ղարադաղ բնակավայրից տեղափոխվելով Արցախ` 3 գյուղերի՝ Արևշատի, Հին Թաղերի և Խծաբերդի հիմքն են դրել: Խծաբերդն էլ նրա հայրենի գյուղն է: Մասնագիտությամբ լեզվաբան է. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում, սկզբում` «Կոլտնտեսական» թերթում, որտեղ աշխատել է 1969-ից մինչև 1990թ.: Այնուհետև, ընտանեկան պայմաններից ելնելով, աշխատանքի է անցել շրջխորհրդի գործկոմում՝ սկզբում որպես որբ երեխաների խնամակալության գծով տեսուչ, իսկ հետո՝ կազմակերպական բաժնի վարիչ` մինչև 1996 թվականը: Այնուհետև, ինչպես ինքն է բնութագրում, «խառը ժամանակներ են սկսվում»: «Հիմնարկից 8 հոգու գրչի մի հարվածով հեռացրին աշխատանքից»,- հիշում է Երմոնյա Զաքարյանը: Որպես դաշնակցական` իրեն էլ են աշխատանքից ազատում, չնայած կուսակցական չէր: Բացատրություն է պահանջել, հիմնավորել են հաստիքի կրճատումով: Սակայն հաստիքը 2 ամսից հետո վերականգնել են, նոր աշխատող ընդունել: Երմոնյա Զաքարյանին էլ աշխատանք են առաջարկել Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնում՝ որպես մասնագետ: Դրանից հետո Հադրութի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատել:

1998թ. գործուղել են Ստեփանակերտ, մասնակցել է բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության կազմակերպած հոգեբանների եռամյա դասընթացներին ու ստացել հոգեբանի որակավորում:

2000թ. նշանակվել է Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, որտեղ աշխատել է մինչև 2013թ.: Քաղծառայության օրենքի համաձայն` տարիքը լրանալու հետ կապված` 2013թ. ազատվել է աշխատանքից և նույն թվականին էլ աշխատանքի անցել «Դիզակ» թերթում՝ որպես լրագրող:

Դաշնակցական չլինելով հանդերձ` որպես կուսակցության անդամ աշխատանքից ազատվելուց հետո 1998թ. դիմում է ՀՅԴ-ին` ընգդրկվելու շարքերում: «Ինձ համար մեծ պատիվ է. ոչ խուսափում եմ, ոչ խուսանավում, ընդհակառակը` կուսակցության անդամ լինելը միայն հպարտության տեղիք է տալիս»,- նշում է զրուցակիցս:

Այժմ Հադրութի շրջանի կոմիտեության անդամ է: «Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ` բարևում են»,- կատակում է տիկին Երմոնյան:

Ազգային կուսակցությանն անդամագրվելը կապում է գեների հետ: Մորական կողմի պապիկը՝ Մանգասար Թամրազյանը, ով 1937թ. կուլակ անվան տակ Սիբիր է ուղարկվել, եղել է Թևան Ստեփանյանի նամակատարը. տեղեկությունները Խծաբերդից հասցնում էր Գորիս: Նամակները թաքցնում էր մահակի մեջ և գիշերները հասցնում դաշնակցական գործիչներին: Տիկին Երմոնյան չի տեսել պապիկին, բայց նրա խիզախության, գործերի մասին շատ է լսել: Հենց պապի նման մարդկանց շնորհիվ է, որ թուրքերը չեն կարողացել ոչ մի անգամ մտնել Խծաբերդ:

Ընտանիքի մասին խոսելիս տիկին Երմոնյայի աչքերն արցունքոտվում են. անժամանակ կորցրել է ամուսնուն և դստերը: Երկու աղջիկ ունի, աղջիկներից մեկը Երևանում էր ամուսնացած, մահացել է 2004թ.:

Հպարտանում ու ապրում է թոռների հաջողություններով: Ունի 5 թոռ, որոնցից երկուսը ծառայել են Արցախյան բանակում: Թոռներից մեկը՝ Վալերի Ղազարյանը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով` ռազմական կարևոր առաջադրանքի մասնակցելու և խիզախություն ցուցաբերելու համար:

Տիկին Երմոնյան 1969 թվականին է տեղափոխվել Հադրութ: Իսկ հայտնի է, որ Արցախյան շարժման ակտիվ շրջանը 1988թ. Հադրութից է սկսվել: Եվ, բնականաբար, ազգի ապագայով մտահոգված` նա չէր կարող անմասն մնալ պայքարին հնարավորության սահմաններում մասնակցելուց: Ակտիվորեն մասնակցել է ստորագրահավաքի, ժողովրդին ոգևորելու աշխատանքներին:

Արցախյան պատերազմի ընթացքում բժիշկներ էին եկել Ռուսաստանից, որպեսզի վիրավորներին վիրահատեն: Բայց տեսնելով, որ օգնող ձեռք համարյա չկա, որոշել էին հեռանալ: Տիկին Երմոնյան հարևանուհու՝ Նինայի հետ մեծ դժվարությամբ կարողացավ համոզել բժիշկներին` մնալ: Նրանց սննդի հարցն էլ կազմակերպեցին, լվացքն էլ արեցին: Նույնիսկ սեփական բաժինն էին հյուրասիրում վիրավոր տղաներին ու բուժողներին: Հոսպիտալը տեղակայված էր շենքի նկուղային հարկում: Մինչև հիմա չի մոռանում դեղերի հոտը, վիրավորների տնքոցները, զոհվածների դիակները: Վիրավորների կողքին, սավանով առանձնացված մասում նույնիսկ երեխայի ծնունդ են ընդունել: Ինչպես տիկին Երմոնյան է ասում՝ կյանքն ու մահը մի տեղում էին:

Տիկին Երմոնյան աշխատել էր Արթուր Մկրտչյանի հետ: Ինքն այդ ժամանակ «Կոլտնտեսական» թերթում էր աշխատում: Թերթի մի համարում հոդված էր լույս տեսել. աշխատողներից մեկը գրել էր՝ «առաջ, բայց ու՞մ հետ»: «Ում հետ» ասելով` նկատի ուներ դաշնակցականներին, այսինքն` ինչու՞ է ժողովուրդը Դաշնակցության հետևից գնում: Դրանից խիստ վիրավորվել էր Արթուր Մկրտչյանը. Հադրութի մշակույթի տանը մեծ հանդիպում էր կազմակերպել ժողովրդի հետ և բացատրական աշխատանք տարել:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահը նրա հիշողության մեջ մնացել է ռետինե կոշիկներով, մեծ գրպաններով հին բաճկոնով. այդ գրպաններում էր գաղտնի թղթերը, բլյուտենները տեղափոխում: Մկրտչյանն այն ժամանակ Հադրութի թանգարանում էր աշխատում: Թանգարանը դարձել էր գործիչների հիմնական հավաքակայանը:

«Չնայած պատերազմը ոչ մի արցախցու մոտով անտարբեր չի անցել, բայց մեր տան երեք սյուներն էլ 1990-1993թթ. ընկել են: Երեք տղամարդ կար, երեքն էլ մահացել են»,- ցավով նշում է տիկին Երմոնյան: Ամուսինը՝ Անդրանիկ Բաբայանը, մահացել է 1990թ.: Մահվան պատճառը սրտի հիվանդությունն էր. պարզապես դժվար ժամանակներ էին, հնարավորություն չկար դրսում բուժման տանելու: 1992թ. զոհվել է տեգրոջ՝ Ռոբերտ Բաբայանի մինուճար որդի Սերգեյը: Նրա ինքնաձիգը վերցրել է հայրը՝ Ռոբերտը, ով նաև զինագործ էր. առաջին ինքնաշեն գրադ կայանը ինքն է պատրաստել Հադրութում:

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ այստեղ էր. «Իմ ճակատը շան ճակատ է, ես չեմ վախենում,- ասում է տիկին Երմոնյան ու եզրակացնում,- 4 օրը 4 տարվա տևողություն ունեցավ մեր երկրի համար»: Հաստատ գիտեր, որ «տղաները երբեք չեն թողնի, որ թշնամու պիղծ ոտքը նորից Ղարաբաղի հողին դիպչի»: Ինչպես Մոնթեն էր ասում` եթե նայելու լինենք քարտեզին, մենք ուրիշի հողեր չենք վերցրել, մեր հողերն ենք պահում և պիտի պահենք:

«Բոլոր հայերն էլ արդեն հասկացել են, որ հայը միայն իր վրա պիտի հույսը դնի, որևէ մեկի օգնությունը չաղերսի. ինքն ունակ է իր ցավը տանելու, իր խնդիրները լուծելու: Պարզապես, պետք է միահամուռ, միակամ լինենք: Իսկ եթե միաբան լինենք, մի մուրճի զարկին ուժ տանք, մեր հաջողություններն ավելի ակնառու կլինեն: Մենք կունենանք մեր ծովից ծով Հայաստանը»,- եզրակացնում է Երմոնյա Զաքարյանը:

Տաթևիկ Աղաջանյան

aparaj.am

Տպել Տպել