Սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքացիական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ուրիշ բան չէր կարելի սպասել Բելառուսի գերագույն դատարանից:

«Պարզ էր թե ինչ կարելի է սպասելԲելառուսի գերագույն դատարանից, սա Բելառուսն է ի վերջո: Չեմ կարծում տարբեր որոշում պետք է սպասեինք»,- հայտարարեց Մանոյանը:

Ըստ Մանոյանի սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է Ադրբեջանի հետ, ինչը մենք տեսել ենք և ՀԱՊԿ-ի մեջ և ԱՊՀ-ի որոշ ժողովների ընթացքում:

Մանոյանի խոսքով կարևոր է, որ այս հարցը ճիշտ հանգուցալուծում ունենա և որ հնարավորություն կա, որ Լապշինը դիմի ՄԻԵԴ և հույս հայտնեց, որ դա կանի:

Մյուս կողմից ըստ նրա անհրաժեշտ է, որ այս հարցը մեր տեսանկյունից բարվոք լուծում ստանա, որովհետև այս նախադեպը կարող է վատ նախընթաց լինել, այլազգի լրագրողների և նույնիսկ քաղաքական գործիչների համար, ովքեր կցանկանան այցելել Արցախ:

Մանոյանը նշեց, որ Հայաստանը որպես պետություն այնքան էլ շատ անելիք չունի, քանի որ ենթական ՀՀ քաղաքացի չի, Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չի: Ըստ նրա` Հայաստանը պետք է պարզապես փորձի հնարավորինս բարձրաձայնել իր անհանգստությունը, որ նման քայլերը ոչ մի ձևով խաղաղ կարգավորման չեն նպաստի:

Մանոյանը կարծիք հայտնեց, որ պետք է ձայն բարձրացնեն մեր հասարակությունը և քաղաքական շրջանակները: «Հիմա պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի և Բելառուսի միջև, որովհետև այս հարցում առնվազն երկուսն էլ նույն բանն են»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով մեր խորհդարանականները պետք է բարձրացնեն այս հարցը խորհրդարանական տարբեր վեհաժողովներում, բայց անհրաժեշտ է նաև խրախուսել, որպեսզի դիմվի ՄԻԵԴ և ավելի աղմուկ բարձրացնել արտասահմանում:

Կիրո Մանոյանը անդրադարձավ երեկ գիշեր և, առհասարակ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրմանը: Ըստ նրա` դա անսպասելի չէր. ամեն անգամ երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջ են քաշում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հարցը, Ադրբեջանը լարում է իրավիճակը շփման գծում:

Մանոյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներիցպետք է պահանջել անվանական կոչեր անել, այլ ոչ թե անարդար ձևով, ինչպես նրանց վերջին հայտարարությունն էր, երբ Հայաստանից ինչ-որ ակնկալիք ունեին դին հանձնելու կապակցությամբ և առանձին տվեցին Հայաստանի անունը: Հիմա էլ պետք է իրենց պահանջը հասցեագրեն Ադրբեջանին:

Մանոյանը բացատրեց, որ Մինսկի խումբը ձգտում է անկողմնակալ երևալ: «Սա տեղի է ունենում ճիշտ այնպիսի ժամանակ, երբ Ալիևը Բրյուսելում իբրև թե բանակցություններ է սկսելու Եվրամիության հետ: Այս ամենը հաշվի առնելով` պետք է շատ ուժեղ հակազդեցություն ցույց տանք»,- ասաց նա:

Իսկ թե այս տարի ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախյան հիմնախնդրի հարցի հետ կապված, Մանոյանը նշեց, որ ակնկալիքներ չունի, ընդամենը կարող են ինչ-որ հանդիպումներ լինել կողմերի միջև:

Մանոյանը խոսեց նաև Արցախյան հիմնահարցի և Ցեղասպանության ճանաչման հետ կապված` Հայ Դատի ծրագրերի մասին: «Արցախի հարցում կարևոր քայլեր են ձեռնարկելու Հայ Դատի գրասենյակները` Մերձավոր Արևելքին հնարավորություն տալ մոտիկից ծանոթանալ Ղարաբաղին և Ղարաբաղի հարցին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Եվրոպային` փորձել Արցախը արտաքին մեկուսացման քաղաքականությունից դուրս բերել: Արդեն որոշ ջանքեր կատարվել են անցած տարիներին այդ ուղղությամբ: Ավելի ենք շատացնելու լրագրողների և քաղաքական գործիչների փոխայցելություններ»,- ասաց նա:

Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մանոյանը նշեց` այն, ինչ եղել է վերջին տարիներին, կշարունակվի, բայց, առանց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու, շեշտը դրվելու է հատուցման խնդրի վրա և տարբեր քայլերով ցույց է տրվելու` և’ աշխարհին, և’ Թուրիքային, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ի վերջո, նշանակում է նաև հատուցում:

yerkir.am

Տպել Տպել