Մեր ժողովուրդն արժանի է խաղաղ ու բարեկեցիկ ապրելու

«Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման 20 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք»
Դավիթ Լոքյան

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգն արդեն քսան տարեկան է: Նորանկախ պետության դժվարությունների, պատերազմի ու հուսալքության բովով անցած համայնքն այսօր մասնակցային կառավարման և ժողովրդավարության իր ձևաչափով ներկայանում է իբրև մի կառույց, որը, չնայած, հանդիպում է բազում խոչընդոտների, սակայն իրապես զգում է ժամանակի պահանջներին համաչափ քայլելու անհրաժեշտությունը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փաստում է`այլևս ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ համայնքը միայն սպառող էր և գոյատևում էր պետությունից ստացած միջոցների հաշվին: Արդի մարտահրավերները համայնքնապետերից պահանջում են տիրապետել համայնքի ինքնուրույն կառավարման մեխանիզմին, ինչն առաջընթացի և կայացման հիմքն է:

-Պարո՛ն Լոքյան, տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորվումն ու կայացումը մարդկային կյանքի նման իր կենսագրությունն ունի` երկունքը, անցած ճանապարհը, խոչընդոտները և ձեռքբերումները: Որպես ոլորտի ղեկավար Ձեզ համար ի՞նչ կերպար ունի քսանամյա համակարգն այսօր:

-Հիրավի, մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգն անցել է դժվարին, երկարատև ուղի և ապագայում նույնպես դժվարություններ կլինեն: 90-ականների սկզբին համայնքներում պետական կառավարման համակարգի բացակայությունը բազմաթիվ ենթակառուցվածքների կորուստների պատճառ դարձավ, ինչը հղի էր անբարենպաստ հետևանքներով: 1996 թվականին, երբ համայնքներում կազմակերպվեցին առաջին ընտրությունները, համայնքապետ, ավագանի, մասնակցային կառավարում, ժողովրդավարություն հասկացությունները նոր էին սաղմնավորվել և համայնքապետերից շատերը չէին ըմբռնում իրենց լիազորությունների դերն ու նշանակությունը: Ներկայումս, վստահաբար կարող եմ փաստել, գրեթե բոլոր համայնքներում գործում է համայնքի խնդիրները ճանաչող և համայնքի բնակչին ծառայող տեղական ինքնակառավարման ճկուն համակարգ: Եվ հատկանշական է, որ երբեմնի ձևական լիազորություններ ունեցող ավագանին այժմ որոշումներ կայացնող և այդ որշումների իրականացմանը հետամուտ կառույց է: Բացի այդ, տարեցտարի ձևավորվել է համայնքապետերի այնպիսի սերունդ, ովքեր իրապես հասկանում և զգում են համայնքի կարիքներն ու զարգացման հեռանկարները: Հպարտությամբ պետք է փաստեմ` այսօր կան համայնքների կառավարման հաջողված օրինակներ: Այդ համայքներն աչքի են ընկնում առաջընթացով. ծառայությունների մատուցման, բարեկարգման ու համայնքի բնակչի խնդիրների լուծման առումով դյուզն-ինչ չեն զիջում քաղաքներին: Զորօրինակ Ուրցաձորը. համայնքապետն ու ավագանին այդ համայնքը վերածել են արդի չափանիշներին համապատասխան կառույցի:

-ՀՀ մարզերն իրենց համայնքներով և քաղաքներով երկրի ողնաշարն են և այդ ողնաշարն ամուր պահող առաջին գրավականը համակարգի անդադար աշխատանքն է, մարզերի համաչափ զարգացումը: Կայացման ու ձևավորան ի՞նչ փուլ է ապրում տեղական ինքնակառավարման համակարգը և որո՞նք են գերակա խնդիրները:

-Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել: Սրա վառ ապացույցն է այն, որ Եվրոխորհրդարանը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը համեմատելով հարևան երկրների, արևելյան գործընկերության և զարգացող երկրների համակարգերի հետ` բարձր է գնահատում մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործընթացը: 90-ականների վերջը և 2016 թվականը, համայնքային խնդիրների տեսանկյունից զուգադրելիս, ակնհայտ է առաջընթացը: Զարգացումը, սակայն, ամենօրյա աշխատանք է, և այժմ մեր գերակա խնդիրն է ավագանու դերի շեշտադրումը և քաղաքական ավագանիների ձևավորումը, համայնքներում անհրաժեշտ առաջնային ամբողջական ծառայությունների ստեղծումը: Համայնքի բնակչին իր համայնքում պետք է մատուցվի անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մարզպետարանն ու նախարարությունը, տեղում ծանոթ չլինելով խնդիրներին, չեն կարող համայնքի զարկերակը զգալ այնպես, ինչպես այնտեղ բնակվող համայնքապետը: Ուրեմն, խնդրի լուծումն այն է, որ առաջադրվի համայնքապետի այնպիսի թեկնածու, ով զգում է ժամանակի ռիթմը, ըմբռնում է ժամանակակից աշխարհի զարգացման միտումները: Այս պահին յուրաքանչյուր մարզ և համայնք կենտրոնացած են մարզային ռազմավարության և համայնքային զարգացման հնգամյա ծրագրեր կազմելու վրա: Յուրաքանչյուր համայնքում բնակիչը պետք է ականատեսը լինի, թե զարգացման և ծառայությունների մատուցման տեսակետից ի՞նչ առաջընթաց է գրանցվել իր համայնքում և ի՞նչ անելիքներ կան հաջորդ տարիների համար: Եթե արտադրություն կազմակերպելու համար համայնքին անհրաժեշտ է փոքր վերամշակման ձեռնարկություն, համայնքապետն ավագանու հետ համատեղ պետք է կարողանա նախաձեռնել և լուծել այդ խնդիրը:

-Որքանո՞վ է կուռ և արդյունավետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունը և համատեղ ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

-Տեղական ինքնակառավարման մարմինների կառուցման ամբողջ տրամաբանության հենքն ազատ գործելու սկզբունքն է: Կառավարության ու մարզային իշխանությունների գործառույթները համայնքների առօրյա կյանքում շատ չեն: Նրանց օրինական գործառույթն է ուղղորդել, այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնցով համայնքապետերը կկարողանան իրականացնել իրենց ծրագրերը: Պետության խնդիրը համակարգելն է և համայնքների խոշորածավալ պետական ծրագրերի իրականացման գործում աջակցելը: Նախարարությունն, իր հերթին, յուրաքանչյուր համայնքի համար կազմել է մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ և մատնանշել է օրինակներ, որոնցով նրանք պետք է կազմեն իրեն համայնքների զարգացման հնգամյա ծրագրերը:

–Ո՞րն է համակարգի տեսլականը և որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ի՞նչ եք կարծում, ՀՀ-ում տեղական ինքնակառավարումը ե՞րբ կունենա իդեալական դիմագիծ և համայնքների խոշորացման ծրագիրը ո՞ր հարցերին լուծումներ կտա:

– Մեր երկիրը թևափոխել է բարեփոխումների մի նոր փուլ և որդեգրել է առաջընթաց ապահովող նոր գործընթացներ: Դրանցից է համայնքների խոշորացման ծրագիրը: Գաղտնիք չէ, որ 200, 500 կամ 700 բնակիչ և տարեկան մինչև 10 մլն դրամ բյուջե ունեցող համայնքը դժվար է գոյատևում: Այժմ ՀՀ-ում կան 250 գյուղական բնակավայրեր, որոնք չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, մարդկային ներուժ և ծառայություններ, դատարկվում են: Ինչպե՞ս վարվել… Նույնիսկ ամենազարգացած երկրները չեն կարողացել այս խնդիրը շրջանցել: Ռացիոնալ և շահավետ միակ ուղին համայնքների խոշորացումն է, որը ենթադրում է աշխարհագրական, տնտեսական և մշակութային կապ ունեցող բնակավայրերի միավորումը մեկ ընդհանուր համայնքի ներքո: Պետությունն այսպիսի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի որոշ դրույթներն իրագործելու համար կարող է ուղղակիորեն ներդրում ունենալ և ընդհանուր ենթակառուցվածքներ ստեղծել, ինչը վերջնակետում հանգեցնելու է համայնքի առաջընթացին: Մարդկային ներուժի և բյուջեի կենտրոնացումը, մեկտեղումը կարող է նպաստել համայնքի զարգացմանը խթանող ծրագրերի իրականացմանը: Առաջին փուլում նախատեսվում է 793 համայնքներից ձևավորել 100 համայնք, որոնք կհամախմբվեն 15-20 բևեռային քաղաքների շուրջ: Սրան զուգահեռ, քաղաքների զարգացման ծրագրերի շնորհիվ, հնարավոր կլինի զարգացնել 8-9 քաղաքներ` Վանաձոր, Գյումրի, Արտաշատ, Աշտարակ, Սևան, Դիլիջան, Էջմիածին, որոնք կդառնան իրենց տարածաշրջանների փոքր կենտրոնները և ժամանցի ու հանգստի պայմաններով, մատուցվող ծառայությունների ձևով և որակով ոչնչով չեն զիջի մայրաքաղաքին: Այս ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել մայրաքաղաքի և մարզերի միջև գոյություն ունեցող տարբերությունները և ապահովել մարզերի համաչափ զարգացումը: Խոշորացվող համայնքներից մեկը Շիրակի մարզի Բերդաշեն համայնքն է, որի մեջ ներառվել են Արփի լճի շրջանի 13 բնակավայր: Միավորման արդյունքում Բերդաշենը կդառնա իր շուրջը համախմբված բնակավայրերի կենտրոն, որտեղ կկառուցվեն 4000 բնակչին անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածները` համայնքներն իրար կապող ճանապարհներ, նորագույն չափանիշներին համապատասխան դպրոց, բժշկական առաջնային ապահովման կենտրոն և այլն:

-Համակարգի կայացմանն իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել միջազգային բազմաթիվ կառույցներ: Համագործակցության հեռանկարային ի՞նչ ծրագրեր կան:

-Այս բոլոր գործընթացներին իրենց անմիջական և ակտիվ աջակցությունն են ցուցաբերում միջազգային կառույցներն ու դոնոր երկրները: Մեր հիմնական դոնորներից է Եվրամիությունը, որը ներկայումս 10 ծրագիր է իրականացնում խոշորացված համայքներում, իսկ ԱՄՆ-ի Զարգացման Գործակալությունը` 6 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր: Մեր լավագույն գործընկերներից է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը ՄԱկ-ի ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզի 45 գյուղական համայնքների ինտեգրված ծառայությունների /ջերմոցներ, սառնարաններ, վերամշակման արտադրություններ, նոր մշակաբույսերով այգիներ, կաթիլային ոռոգման համակարգեր/ և 60 գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման 3 մլն դոլոր արժողության ծրագիր է իրականացնում: Հասարակական կազմակերպությունների միջոցով Դանիան իրականացնում է ժողովրդավարության, մասնակցային կառավարման, համայնքներում ավագանիների դերի մեծացման բազմաթիվ ծրագրեր: Եվրամիության բանկային համակարգերն ու Ասիական բանկը նույնպես մեծ հետաքրքրվածություն ունեն խոշորացված համայնքներում ներդրումներով և վարկային ծրագրերով հանդես գալու առումով: Մեկ մարզում ամբողջական ռազմավարություն իրականացնելու համար ակնկալում ենք Եվրոմիության բյուջետային ֆինանսավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ` արդյոք ճիշտ ռազմավարությամբ է առաջնորդվում մեր երկիրը և 2025 թվականին կարո՞ղ ենք հասնել ցանկալի արդյունքի:

-Կենսաբանական գիտությունների թեկնածու եք, դոցենտ, հեղինակել եք մի շարք գիտական հոդվածներ, հայտնագործության և գրքի հեղինակ եք: Ձեր հարուստ կենսափորձն այժմ ծառայեցնում եք մեր երկրի ամենակարևոր ոլորտներից մեկի զարգացմանը: Պարոն Լոքյան, երբևէ լինու ՞մ են հուսալքության պահեր:

-Հուսալքությունն ամենևին էլ ինձ բնորոշ հատկանիշ չէ: Իմ բոլոր հաջողությունները համառ աշխատանքի և տրամաբանության արդյունք են: Սիրում եմ աշխատել, որի արդյունքը կարելի է տեսնել և գնահատել: Ես 90-ականների այն երիտասարդներից եմ, ով ժամանակի և պայմանների թելադրանքով թողեց իր մասնագիտությունը և մտնելով քաղաքական դաշտ` ձեռնամուխ եղավ երկրի կառավարմանը: Մեր կուսակցության նոր վերադարձով ես ստանձնեցի այս պաշտոնը` գերագույն նպատակ ունենալով մեր երկրի զարգացման և նոր հեռանկարների որոնման ուղղությամբ լավագույն ծրագրեր իրականացնել:

-Ձեր ողջ կենսագրությունը վկայում է, որ Դուք գործին նվիրվում եք անսասան հավատով ու անմնացորդ սիրով: Արդյոք ունե՞ք նախասիրություններ, որոնք թեթևացնում եմ բազմազբաղ օրվա հոգսերը:

-Հանգստանալու և նախասիրությունների մասին մտածելու ժամանակ գրեթե չեմ ունենում: 12 ժամյա աշխատանքային օրվանից հետո սիրում եմ ընտանիքիս հետ լինել, վայելել նրանց ներկայությունը և օրս ավարտել ընթերցանությամբ: Հանգստյան օրերին երբեմն վոլեյբոլ և բիլիարդ եմ խաղում:

-Առանց երազանքների մարդն անապագա մարդն է: Երազանքն ինչ-որ իմաստով կյանքի շարժիչ ուժն է: Որո՞նք են Ձեր երազանքները:

– Երազում եմ, որ մեր երկրում մարդիկ հանգիստ և ուրախ ապրեն: Մենք անդադար դժգոհելու և անհանգստանալու պատճառներ ենք որոնում, որոնց արդյունքում ժպիտը կարծես կորել է: Պետք է գիտակցել` բարի ժպիտով սկսվող օրը բարիք է բերում: Լիահույս եմ` ներկայիս սերունդը շուտով իր արդյունավետ դրսևորման հնարավորությունը կուենա մեր երկրի կյանքում: Մեր ժողովուրդն արժանի է այս գեղեցիկ երկրում խաղաղ ու բարեկեցիկ ապրելու:

«Վարկանիշ» թեմատիկ ամսագիր

Տպել Տպել