Տեղի ունեցավ «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» գրքի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ պատմաբան, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Արեւելյագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Կիրո Մանոյանը և Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը , պատմաբաններ, կուսակցական եւ մշակույթի գործիչներ:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ պարոն Երվանդ Փամբուկյանը կատարել է ահռելի աշխատանք՝ պատմաբաններին տրամադրելով հսկայական պատմագիտական նյութ, ինչը, որպես անհերքելի սկզբնաղբյուր, ունի նաեւ քաղաքական մեծ արժեք՝ հատկապես հայոց ցեղասպանության իրողությունը փաստելու առումով:

Պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը ներկայացրեց Դաշնակցության արխիվի ձեւավորման եւ նրա անցած ճանապարհի ոդիսականը՝ շեշտելով, որ կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ռոստոմի կատարած առաջին քայլերից սկսած եւ նրան հետեւած մյուս երախտավորների ունեցած կարեւոր ներդրումից հետո Երվանդ Փամբուկյանը այս գործի արժանավոր շարունակողն է: Նա նշեց, որ այդ արխիվները դժվար է եղել պահպանել, և որ Փամբուկյանը հսկայական գործ է արել` դրանք հավաքագրելով և ընթերցողին ներկայացնելով: «Այս գիրքը «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» է կոչվում, բայց իրականում 1890-1915 թթ. հայոց պատմության առաջնային սկզբնաղբյուրների ժողովածուն է»,- շեշտեց նա:Այնուհետեւ ողջույնի խոսք ասացին, զեկույցներով հանդես եկան ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Վերջինս Երվանդ Փամբուկյանին հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի սահմանած Ջեյմս Բրայսի անվան ոսկե հուշամեդալը:

Վերջում ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ բազմահատոր ժողովածուի խմբագիր Երվանդ Փամբուկյանը:

Տպել Տպել