«Արցախ այցելելը հանցանք չէ». ՀՅԴ երիտասարդների ցույցը՝ բելառուսական խանութի դիմաց

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բելառուսական արտադրանքի վաճառքով զբաղվող խանութի առջև:


Բողոքի ակցիայի մասնակիցները մերժում են Հայաստանում բելառուսական ապրանքների վաճառքը` համարելով, որ վերջին շրջանում Բելառուսի Հանրապետության վարած ադրբեջանամետ քաղաքականությունը հակասում է ՀՀ շահերին և անտեսում մարդու ազատ տեղաշարժման իրավունքը։

Ցուցարարները բելառուսական խանութի դիմաց պարզել են պաստառներ՝ «Արցախ այցելելը հանցանք չէ», «Ո’չ բելառուսական արտադրանքին», «Հակահայ Բելառուս», «Բելառուսը Ադրբեջանի կցորդն է» գրություններով:

Միության անդամները նաև գրություն են կպցրել խանութի ապակու վրա, որի վրա գրված է. «Բելառուսի իշխանությունների հակահայ, հակաիրավական կեցվածքի պատճառով ձերբակալվել և Ադրբեջանին է արտահանձնվել օտարազգի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ադրբեջանը ոտնահարել է մարդու ազատ տեղաշարժման իրավունքը՝ հետախուզում հայտարարելով Լապշինի նկատմամբ և մեղադրելով նրան Արցախ այցելելու համար:

Արցախ այցելելը հանցանք չէ:

Արցախը ազատ և ինքնիշխան պետություն է:

Ո՛չ Բելառուսին:

Ո՛չ բելառուսական արտադրանքին»:

Միությունները հայտարարել են, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ, որոնց մասին նախապես կհայտարարվի:

Տպել Տպել