Ինքնանպատակ դաշինք կազմելու խնդիր չունենք, իսկ ընտրություններից հետո ՀՅԴ-ի հետ կապված որևէ անակնկալ չի լինի

Չեմ կարծում, որ Դաշնակցության հետ կապված ընտրություններից հետո որևէ անակնկալ լինի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն, և իշխանափոխության հնարավորության դեպքում ՀՅԴ-ն միանա ընդդիմությանը:

«ՀՅԴ-ի հետ կապված չեմ կարծում՝ անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, և եթե որևէ մեկը ուզում է համատեղ աշխատել այդ ծրագրերին համապատասխան, մենք իրենց հետ համագործակցելու դաշտ տեսնում ենք։ Եթե ոչ, ապա ինքնանպատակ դաշինքներ ու միավորումներ՝ պարզապես տեղերը շատացնելու նպատակներով և ամբիցիոզ խնդիրներ լուծելու համար, այդպիսի հարցեր ՀՅԴ-ն չունի»,-ասաց Ռուստամյանը:

Հիշեցնեք, որ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ բազմիցս նշել է, որ այս ԸՕ-ն իշխանափոխության մեծ հնարավորություն է տալիս:

Ըստ Ռուստամյանի՝ ՀՅԴ-ն ապագա ԱԺ-ում էլ անելու է ամեն ինչ, որպեսզի սկսածը ավարտին հասցնի. «Որպեսզի թույլ չտա, որ այս ամենը հետ պտտեն, և բնական է՝ այն բոլոր ուժերը, որոնք այս մոտեցումը կիսում են, մենք իրենց հետ պատրաստ ենք համագործակցել ամենախորքային առումով»։

ՀՅԴ պատգամավորը չի ցանկանում գուշակությունների գնալ՝ արդյո՞ք հնարավոր է երկրորդ փուլ անցկացվի. «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնքան ներկայություն, որ այս բարեփոխումների գործընթացն անշրջելի դառնա, և հետո արագ տեմպերով արդյունքներ արձանագրվեն, որպեսզի ժողովուրդն այդ պտուղները տեսնի, որովհետև մենք համոզմունքով գնացել ենք սրան, որ այն դժգոհությունը, որ երկրում կա, դրա պատճառները վերացվեն: Հիմա այդ պատճառները վերացնելու հիմքերն ենք ստեղծել, և մնում է, որ դրական հետևանքները մարդիկ տեսնեն»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի, իսկ եթե Դաշնակցության ներկայացվածությունը չլինի, այդ գործն արագ չի ստացվելու լուծել. «Իսկ եթե ՀՅԴ-ն մեծ ներկայություն կունենա, շատ ավելի արագ մեր ժողովուրդը կտեսնի, որ այս ամենն իսկապես ճիշտ էր, բոլորը սրանից կօգտվեն։ Հետո ոչինչ, թող մոռանան, թե ում շնորհիվ էր, որ սենց եղավ, բայց ամեն դեպքում մեր խնդիրն է այդ»։

Ռուստամյանի խոսքով՝ իրենց ցանկությունը՝ հնարավորինս մեծ թվով լինել ԱԺ-ում, ինքնանպատակ չէ. «Այսօր ԱԺ-ում ՀՅԴ-ն 5 հոգի է, բայց էնքան գործ է արել, որ 50 հոգի չեն արել։ 5 հոգով Սահմանադրություն փոխել, ընտրական համակարգ փոխել, այսինքն՝ մեկը պատկերացնո՞ւմ է, թե դա ոնց էր հնարավոր անել։ Եթե դուք վերցնեք և տեսնեք Դաշնակցության նախընտրական ծրագիրը, մի գլուխն առնվազն վերաբերում է ժողովրդավարական պետության կայացմանը. այն գրեթե ամբողջությամբ իրացված է՝ ունենալով 5 պատգամավոր»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչքանո՞վ են վստահ, որ այս ԸՕ-ը ժողովրդավարություն կապահովի՝ հաշվի առնելով, որ շատ քաղաքական գործիչների և որոշ քաղաքացիների համար ռեյտինգային ցուցակի տրամաբանությունն այդքան էլ պարզ չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե կարծում է, որ ռեյտինգային կարգով ընտրությունները հետագայում կվերանայվեն:

«Այստեղ իսկապես խնդիրն այն է, որ այո, այս ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի, որովհետև այստեղ որոշ հարցեր կան, որ բաց են մնում և հասկանալի է, որ ճիշտ չէ այս ձևը կիրառել։ Բայց ամեն դեպքում սա բոլորի համար նույն ձևն է»,-ասաց նա:

Իսկ թե չկա՞ մտավախություն, որ գործընթացը վերահսկողությունից կարող է դուրս գալ՝ Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, վերահսկողությունից եթե դուրս է գալիս, ուրեմն բոլորի վերահսկողությունից դուրս կգա. այդ առումով վատ չի, հավասար իրավիճակ կլինի, բոլորի համար: Բայց նախնական մեկնարկային պայմանները, իհարկե, նույնը չեն, որովհետև սրանից ավելի շատ կարող է օգտվել իշխանությունը, որովհետև ավելի շատ ռեյտինգային մարդ կարող է ունենալ։ Բայց մյուս առումով, եթե մյուսները չեն կարողանում ռեյտինգային մարդիկ ունենալ, դա, ըստ էության, թիմի փոքրության մասին է խոսում: Այդ առումով, իհարկե, կարող են մի քիչ դժվարություններ առաջանալ, որովհետև մասնակցելու են շատ մեծ թվով թեկնածուներ տարբեր տարածքներում»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ գրեթե ամեն մի ձայնը հաշվված է լինելու: «Այսինքն՝ անտեր քվե չի լինելու, դա ինչ-որ տեղ էլ լավ է, որ ժողովրդի մոտ ակտիվություն լինի»,-ասաց նա՝ միաժամանակ չբացառելով, որ հենց թիմի ներսում էլ կարող են «անարդար դրսևորումներ լինել»:

«Ռեյտինգայինների մոտ կարող է լինել մի վիճակ, որ մեկը շատ ավելի ձայն ստանալով՝ իր իսկ թիմի մեջ չստանա մանդատ, իսկ մյուսն իրենից մի քանի անգամ պակաս ձայն ունենալով՝ մանդատ ստանա։ Դա անարդար է, մյուս կողմից էլ կարող են ասել, որ մեր մեջի մանդատներն են, ի՞նչ կապ ունի մյուսների հետ, բայց մեջի մարդն էլ է չէ՞ ջանք ու եռանդ դրել ու չի անցել, այսինքն՝ ապահովել է մի խաղի կանոն, որից կարող է օգտվել մեկը, ով պակաս ձայներով կարող է մանդատ ստանալ»,-ասաց նա:

Հարցին էլ, թե դա կարո՞ղ է, որոշ ընդդիմադիրների ձևակերպմամբ՝ «իշխանական բուրգի» փլուզման պատճառ դառնալ, Ռուստամյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ներսից դժգոհությունը հնարավորություն է տալու, որ մենք հետո վերանայենք այս ընտրակարգը: Սա առաջինն է, և ինչպես ասում են՝ առաջին սերը, ինչպես և հացը, միշտ կուտ է գնում: Հիմա այս էլ այդ դեպքն է, ոչինչ»:

tert.am

Տպել Տպել