ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտորատ, որի առջև պատասխանատու է

Շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել կարող են այդ մրցակցության մեջ մտնել, թե ոչ: Այս մասին այսօր խորհրդրանում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀԿ-ն ընտրություններիսց առաջ մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառք է բաժանում:

«Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ընտրակաշառքը բաժանում են հիմնականում նույն օրը։ Առայժմ ոչ մեկին 100 դոլար կաշառք չեն տվել։ Ուզում են ուսումնասիրել հնարավոր տարբերակները, իրենց մեջ ճշտեն գները: Սա էլ նորություն չէ, բայց այս անգամ, բնականաբար, ավելի շատ է օգտագործվելու, որովհետև ընտրակեղծիքները տեղամասերում գրեթե անհնար են։ Մնում է հիմա դուրսը ընտրակեղծիքներ կատարեն», – ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ն միշտ բացառություն է եղել:

«Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, արդեն իշխանություն ձևավորած կլինեինք։ ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտորատ, որի առջև պատասխանտու է: Հնարավոր չի, որ ով ունի կայուն էլեկտորատ սկսի ընտրակաշառք բաժանել։ Բա այդ մարդիկ, որ միշտ մեզ ձայն են տվել առանց ընտրակաշառքի, մեզնից չեն նեղանա, չեն հիասթափվի՞», – ասաց նա։

Ռուստամյանը նաև խորհուրդ տվեց լուրջ չընդունել Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքական ուժերը ընտրություններից առաջ արդեն ձայների տոկոս են պայմանավորվել։ «Ընտրություններ են, շատ լուրջ մի ընդունեք, որովհետև նույն բաներն են ասում։ Սրանք ընտրական պրոցեսներ են, որտեղ սուտն ու կեղծիքը հասնում են նույն մակարդակին։ Այդ հայտարարություններին շատ մի տրվեք», – եզրափակեց նա:

yerkir.am

Տպել Տպել