Մարտահրավեր, որ պետք է ազգովի հաղթահարենք

«Հայոց Աշխարհ»- ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

– Խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին հայրենի քաղաքական ուժերի արծարծած հիմնական հարցադրումներից մեկը փետրվարի 24-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն գործողությունն էր։

-Իրավիճակն իսկապես մտահոգիչ է. օր չկա, որ շփման գծում հրադադարի խախտումներ չլինեն, զոհեր չլինեն։ Վերջին դիվերսիոն հարձակումները ձեռնարկվել են միանգամից երկու ուղղությամբ՝ փորձել են մտնել պաշտպանական դիրքեր, խորանալ եւ այլն։ Անպայման չէ՝ լայնածավալ պատերազմ լինի, հրթիռներ կիրառվեն, որ ասենք՝ իրավիճակն արտասովոր լարված է։ Այն, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի՝ երկու կարծիք չի կարող լինել։

-Ձեր կուսակից Արթուր Աղաբեկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ պետք չէ ժողովրդին վախեցնել պատերազմով։ Անընդհատ խուճապային տրամադրություններ տարածելով՝ արջի ծառայություն չե՞նք մատուցում պաշտպանության բանակին։

-Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը վախենում է պատերազմից։ Ապրիլին մեր ժողովուրդը ցույց տվեց, չէ՞, որ չի վախենում։ Կարծում եմ, այդ հին կարծրատիպերը՝ վախեցնել եւ այլն, այսօր չեն աշխատում, որովհետեւ վախեցողը վաղուց արդեն վախեցել է, վախն էլ բռնվել է։

Մենք գիտենք՝ ինչ հակառակորդի հետ գործ ունենք, եւ շատ լավ հասկանում ենք՝ եթե խուսափում են բանակցություններից, ուրեմն պատերազմ են ուզում եւ պատերազմի են պատրաստվում։ Սա մարտահրավեր է, որ պետք է ազգովի հաղթահարենք՝ մեր ռեսուրսները համապատասխանեցնելով այդ սպառնալիքներին։

-Ի՞նչ եք կարծում՝ բանակցությունները որեւէ հեռանկար այս փուլում ունե՞ն։

-Իրենց գլխավոր խնդիրը միշտ եղել է՝ հնարավորինս խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետեւ հասկանում են՝ տրամաբանությունը, որով ընթանում են բանակցությունները, իրենց ձեռնտու չէ։ Սա միանշանակ է։ Եթե գնում են բանակցությունների՝ որեւէ բան չզիջելով, սա ամենապերճախոս ապացույցն է, որ գործ ունենք անբանակցելի կողմի հետ։

Ի՞նչ է այսօր պատրաստվում զիջել Ադրբեջանը։ Ո՛չ մի բան։ Բաքվի հայտարարությունը, թե պատրաստ են Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարություն «շնորհել», ուղղակի ծիծաղելի է։ Նրանք չեն պատրաստվում որեւէ բան զիջել, իսկ բանակցությունները զիջում են ենթադրում։ Այս իրավիճակում, բնականաբար, ամեն ինչ պետք է անեն, որ բանակցությունների խափանման պատասխանատվությունն իրենց վրա չընկնի, այլապես կհայտնվեն շատ լուրջ ճնշումների տակ։ Եթե մի օր վեր կենան ու ասեն՝ կոնֆլիկտը ոչ թե խաղաղ միջոցներով ենք ուզում լուծել, այլ պատերազմի միջոցով, կհայտնվեն մարգինալ դաշտում՝ միջազգային մեկուսացման մեջ, եւ կընկալվեն որպես ագրեսոր պետություն, որը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։

Վերջին տասնամյակների հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է՝ տարածքային վեճերը, էթնիկ հակամարտությունները պետք է լուծվեն փոխադարձ համաձայնության, խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Եթե սա խախտվում է՝ խախտվում է միջազգայնորեն ընդունված կարգուկանոնը, եւ Ադրբեջանը չի ուզում իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Եվ, տեսեք՝ ինքը հարձակվել է, բայց ասում է՝ ե՛ս չեմ հարձակվել։

-Չի՞ ստացվում, որ այդ հնարքը, ըստ էության, աշխատում է. նույն միջազգային հանրությունը, համանախագահները, միտումնավոր թե ոչ, կուլ են տալիս այդ խայծը։

-Չեմ կարծում։ Այդ տրամաբանությունը որեւէ քննադատության չի դիմանում։ Ուղղակի միջազգային հանրությունը, փորձելով տեղ թողնել բանակցությունների համար, այսպես ասած՝ չեզոքություն է պահպանում։ Բայց դա իրեն չի արդարացնում՝ պետք է իրերն իրենց անուններով կոչվեն, եւ միջազգային հանրությունը վաղուց արդեն պիտի հասկացած լիներ՝ այս ճանապարհը ճիշտ տեղ չի տանում։

-Այն, որ Հայաստանում կա քաղաքական ուժ (խոսքը ՀԱԿ-ի մասին է), որ ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, բարիդրացիություն, առաջընթաց» կարգախոսով՝ ասելով, որ առանց դրա Հայաստանը եւ Արցախը ապագա չունեն, խոցելի չե՞ն դարձնում մեր դիրքերը բանակցային գործընթացում։

-Մենք դեմ ենք այդ կարգախոսին, ունենք մեր հստակ դիրքորոշումն այդ հարցում եւ պարզ հարց ենք տալիս այդ քաղաքական ուժին. իսկ ի՞նչ է, որ չի արել Հայաստանը մինչեւ հիմա, որ տարածաշրջանում խաղաղություն լինի՝ մե՞նք ենք մեղավոր, որ այդ հաշտեցումը չկա, խաղաղությունը չկա։ Ինչի՞ մասին է խոսքը. երբ կողմերից մեկն անբանակցելի է՝ պատրաստ չէ որեւէ բան զիջել։

Այդ դեպքում հաշտեցումն ինչպե՞ս ենք պատկերացնում. զիջել այնքան, ինչքան դիմացինին ձե՞ռք է տալիս՝ այնքան, ինչքան իրենց քիմքին հաճո՞ է։ Սա՞ է նրանց ասածը։
Եվ երբ զուգահեռ են անցկացնում 1997թ. փուլային տարբերակի հետ. իբր՝ դա նույնն էր, ինչ Մադրիդյան սկզբունքները, որ Հայաստանն այսօր ընդունում է որպես հիմք բանակցությունների համար, ապա բոլորովին այդպես չէ։ Դրանով պարզապես փորձում են մոլորեցնել հանրությանը, թաքցնել այն նպատակը, որին իշխանությունը հետամուտ էր 1997թ.։ Պարզ հարց ենք տալիս՝ եթե փուլայինը նույնն է, ինչ Մադրիդյան սկզբունքները, ինչպե՞ս է, որ այն ժամանակ Ադրբեջանը երկու ձեռքով կողմ էր դրան, հիմա՝ ոչ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

armworld.am

Տպել Տպել