ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպումը խոստումնալից էր

Այսօր, նոյեմբերի 10-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների` Արմեն Ռուստամյանի եւ Արսեն Համբարձումյանի հետ: ՀՅԴ-ԲՀԿ առաջին հանդիպման մասին Արմեն Ռուստամյանը ասաց, որ այն նախնական էր, եւ որ հանդիպման ընթացքում ներկայացվել են կողմերի տեսակետները:

«Արձանագրեցինք, որ համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է: Ստեղծված իրավիճակի գնահատումները, բնականաբար, բավականին մոտ են: Հանդիպման ընթացքում կարեւորվեց, որ այս փուլում անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի միավորող գաղափարն ամրապնդվի, որից հետո արդեն մյուս տակտիկական քայլերը կքննարկենք: Ընդհանուր առմամբ, առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր: Դա հնարավորություն կտա համագործակցել հիմնական կետերի շուրջ, որոնք հրապարակել ենք նաեւ մեր վերջին ասուլիսի ժամանակ, համաձայնեցնել եւ գնալ առաջ»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Արդյոք քաղաքական դաշտում այլ ուժերի հետ ընդհանուր համախմբումը կստացվի` Ռուստամյանը պատասխանեց` կյանքը ցույց կտա:

Նա ընդգծեց նաեւ, որ ՀՅԴ-ն այդ ճանապարհն է մատնացույց անում, որով երկիրն այս վիճակից դուրս կգա: Ընդ որում` այս մասին ՀՅԴ-ն խոսում է արդեն երկար ժամանակ:

Սա այն օրակարգն է, որում կա անհրաժեշտ եւ բավարար քայլերի ցանկը, որը շատ կարճ ժամանակում կապահովի այն Հայաստանի կերտումը, որը մենք բոլորս երազում ենք: Սա համախմբման ամենակարեւոր առանցը կարող է լինել, եւ եթե սա վերածվեց հասարակական պահանջի, ով էլ լինի իշխող ուժը, չի կարող հաշվի չնստել արդեն ձեւավորված հասարակական պահանջի հետ: Այս դուռը բաց է բոլորի առջեւ: Որքան մեծ կոնսոլիդացիա առաջանա այս գաղափարների շուրջ, այնքան կմեծանա այս խնդիրները լուծելու հեռանկարը` ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել