Ընտրակաշառքով որոշված ընտրությունների արդյունքում մենք երբեք չենք կարող ունենալ հզոր Հայաստան

ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ընթացքում Սևան քաղաքում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց ընտրողների հետ և ներկայացրեց ՀՅԴ ծրագիրը:


Դիմելով ներկաներին` նա նշեց, որ նրանց մեծ մասը կրթական համակարգի ներկայացուցիչներ են, ապա ընդգծեց, որ մեր կրթական հաակարգը մեկ ֆունկցիա ունի՝ ապահովել հայ տեսակի շարունակականությունը:

Այնուհետև նախարարը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով է ՀՅԴ-ն գնում այս ընտրություններին, թե ինչպես է պատկերացնում երկրի ապագան, խոսեց պետական համակարգի վերաբերյալ ՀՅԴ պատկերացումների մասին:

«Դաշնակցությունն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, և մշտապես երկու կարևոր ուղղություն ՀՅԴ-ի համար եղել է սկզբունքային: Մեկը մեր ազգային ուղղվածությունն է, մյուսն այն է, որ մեզ դարձրեց աշխարհում առաջին կուսակցություններից մեկը, որ անդամագրվեցին միջազգային Սոցիալիստական ինտերնացիոնալին»,- ասաց նա՝ հավելելով՝ իրենց համար կարևոր է մարդու արժանապատվությունն ու մարդու շահերի պաշտպանությունը:

Ըստ Մկրտչյանի` երկիրը չի կարող հզոր, ուժեղ լինել, եթե այդ երկրի քաղաքացիներն իրենց հարաբերությունները չեն կառուցում արդարության, հավասարության սկզբունքների վրա:

Անդրադառնալով իրենց համար մյուս կարևոր սկզբունքին` նա նշեց, որ չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որ քարոզի պատերազմ, բայց ամեն մի խաղաղություն գին ունի: «Եթե այդ խաղաղության համար դրվում է շատ բարձր գին, պատմությունը դա համարում է պարտություն, պարտությունն էլ խաղաղության ձև է: Դաշնակցությունը կա Հայաստանում, դա նշանակում է, որ մեր ժողովուրդը չի ունենա ստորացված խաղաղություն, մեր ժողովուրդը պիտի հպարտ խաղաղության տեր լինի»,- շեշտեց Մկրտչյանը:

Խոսելով ներդրումների մասին` նա նշեց, որ ՀՅԴ-ն աշխարհի 30 երկրում ունի ներկայացվածություն և ղեկավարում է հայի կյանքը, ինչը նշանակում է, որ իրենց ուժի չափը ԱԺ-ում վստահություն կներշնչի սփյուռքահայերին Հայաստանում ներդրումներ կատարելու, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար:

Ըստ Մկրտչյանի` Դաշնակցությունը գործում է Հայաստանում 25 տարի և այդ 25 տարվա ընթացքում իր քաղաքական ուղին չի փոխել: Նա նշեց, որ իրենց կուսակցության համար պատմության ընթացքում երեք կարևոր արժեքներ են ստեղծված՝ անհատը, այդ անհատների միասնությունը՝ ընտանիքը, այդ ընտանիքների միասնությունը՝ ազգը:

«Այսօր մեր երկրի հզորացման արգելքը մեր ժողովրդի սոցիալական վիճակն է: Պետք է արմատապես ձևաչափ գտնենք, որպեսզի այդ աշխատանքը կատարենք, որ մեր ժողովուրդը կարողանա ինքն իր աշխատանքով հանգիստ ապրել այս երկրում: Բարեգործությամբ երկիր չի պահվում, դա հնարավոր չէ: Ժողովրդին ոչ թե նվիրատվություն է պետք, ոչ թե գումար է պետք տալ` լինի ընտրական, թե` կենցաղային, այլ ժողովրդին պետք է հնարավորություն տալ աշխատելու, որ ինքն իր աշխատանքով իր կյանքն ապահովի: Այսինքն` այդ գումարները ոչ թե պետք է բաժանվեն, այլ պետք է ստեղծվեն աշխատատեղեր»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով՝ քաղաքական ուժեր կան, որ ժողովրդի սոցիալական վիճակն օգտագործում են և նրան հասցնում այն վիճակին, որ նա իր ամենակարևոր արժեքը վեր է ածում դրամական միավորի, և այդ կուսակցությունները քանդում են պետության հիմքերը:

«Ընտրակաշառքով որոշված ընտրությունների արդյունքում մենք երբեք չենք կարող ունենալ հզոր Հայաստան: Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում, որպեսզի դուք նայեք յուրաքանչյուր կուսակցության անցած ճանապարհին, անգամ`եթե այդ կուսակցությունները մի քանի տարին մեկ անունները փոխում են, նայեք անցած ճանապարհին, նայեք` որքանով է այդ ճանապարհը նույնը, հավասարակշռված, որքանով է այդ կազմակերպությունը հավատարիմ իր արժեքներին: Եթե չեք ընդունում ՀՅԴ գաղափարախոսությունը՝ սոցիալիզմը, քվեարկեք լիբերալ քաղաքական կուսակցության օգտին, բայց իսկական քվեարկեք, մի’ գնացեք ոչ մի սկզբունք չունեցող, դեռ չձևավորված քաղաքական ուժերի հետևից»,- ասաց նա` հավելելով, որ մեր պրոբլեմներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ դեռ չի կայացել քաղաքական մշակույթը:

«Որքան մենք պառլամենտում մեծ ներկայություն ունենանք, այնքան հավատացեք, որ այս կարևորագույն սկզբունքները կպաշտպանվեն ՀՀ-ում»,- խոսքն ամփոփելով` ասաց Մկրտչյանը:

Տպել Տպել