Ուսուցիչների շահերի պաշտպանությունը մեր կարևոր խնդիրներից է

Այսօր Դաշնակցությունը բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում: Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ կրթուրթյան և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արագածոտնից ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջդրված թեկնածուներ Տարոն Տոնոյանը, Սիրամարգ Ղուկասյանը, Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակի անդամ Լևոն Մկրտչյանը Կոշ համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար կարևոր խնդիրներից է ուսուցիչների շահերի պաշտպանությունը: «Այսօր Հայաստանում 40000 ուսուցիչներ դժվարին պայմաններում իրականացնում են իրենց աշխատանքը, սերունդ կերտում և այդ ուսուցիչների շահերի պաշտպանությունը պետք է առանձին հոգածության առարկա լինի: Մենք պետք է մեր հայացքն ուղղենք ժողովրդի բոլոր շերտերին` ուսուցիչներ, բժիշկներ, գյուղացիներ, որպեսզի նրանց համար ապահովենք բարեկեցիկ, հպարտ և արժանապատիվ կյանք, որպեսզի նրանք էլ իրենց հերթին մեզ ուժ տան»,-ասաց նա:

Մկրտչյանի խոսքով` այսօր շատ մարդիկ առանց նորմալ աշխատավարձի, առանց նորմալ աշխատանքային պայմանների կատարում են իրենց գործը և որ հենց այդ մարդիկ են նաև իրենց հենարանը: «Մեր հենարանը մարդիկ են, ովքեր կատարում են իրենց գործը, իսկ նրանք, ովքեր ամեն ինչ չափում են փողով կամ բիզնես միջավայրով, ովքեր ամեն ինչի համար փորձում են գին որոնել, այդ մարդիկ դաշնակցության ճանապարհը բռնողները չեն: Մեր նպատակն է այնպես անել, որ մեր երեխաները մեծանան արժանապատիվ երկրում»,-ասաց նա:

Լևոն Մկրտչյանը կոչ արեց քվեարկել գաղափարախոսությամբ, որովհետև արժեքներ կան, որոնք փողով չափել հնարավոր չէ: «Մարդկանց որոշ տեսակ կա, ովքեր սովոր են ամեն ինչ արժեքով չափել , սակայն կան բաներ, որոնք գին չունեն և այդ գին չունեցող բաներից մեկը ձեր ձայնն է, որով մենք ձևավորում ենք Հայաստանի պետություն»,-ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով` բոլոր կուսակցություններն էլ շատ գեղեցիկ կետեր ունեն, բայց եթե որևէ կուսակցություն իրեն թույլ է տալիս ժողովրդի ձայնը փողով գնահատել, գին որոշել, այդ ձայնը 10-15 հազար դրամով առնել, նշանակում է այդ կուսակցությունն ուզում է քանդել երկրի հիմքը: «Եթե նույնիսկ սոցիալական պայմաններից ելնելով ժողովուրդն այդ քայլին է գնում, պետք է քվեախցում գիտակցի, որ գնելով իր ձայնը` ստորոացնում են իրեն և հետևաբար ինքը բարոյական իրավունք ունի քվեարկության պահին ճիշտ որոշում կայացնել և քվեարկել գաղափարով և համոզումով»,-հայտարարեց նա:

Տպել Տպել