Մեզ հերոսության չափանիշ են տվել

Կանանց միամսյակի շրջանակում ՀՕՄ-ի Ավան համայնքի «Ակնունի» մասնաճյուղը մարտի 25-ին ՀՅԴ «Համազասպ» կոմիտեությունում մեծարանքի ու հարգանքի տուրքի մատուցման միջոցառում էր կազմակերպել Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերի, կանանց և աղջիկների համար: ՀՕՄ-ի «Ակնունի» մասնաճյուղի հոմուհիներից Նարինե Գալստյանը ամփոփ կերպով պատկերացում տվեց ՀՕՄ-ի գործունեության և մասնավորապես այն ծրագրերի մասին, որոնք առնչվում են զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Բավական ջերմ և անմիջական մթնոլորտը տրամադրում էր հուշեր պատմելու, անդրադառնալու հայոց հերոսական անցյալի դրվագներին, որոնք, մասնակիցների խոսքերով, մշտապես ապացուցում են հայ մայրերի ու կանանց կարևոր դերակատարությունը աճող սերնդի հայեցի դաստիարակության և հայրենիքին նվիրված լինելու գործում: Հենց այդ հանգամանքների վրա հրավիրեց ներկաների ուշադրությունը միջոցառմանը մասնակցող մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ պատգամավորության թեկնածու, հրապարակախոս Արտաշես Շահբազյանը: Նրա խոսքերով՝ Դաշնակցության հարազատությունն ազատամարտիկների մայրերի, կանանց, քույրերի ու աղջիկների հետ միայն տարին մեկ-երկու առիթների դեպքում չի եղել, այլ դրսևորվել է մշտապես: «Մենք լավ ենք հասկանում նրանց, որովհետև ազատամարտի տարիներին կորցրել ենք մեր լավագույն ընկերներից շատերին և այդ կապակցությամբ բազմիցս այցելել ու շփվել ենք նրանց ընտանիքների անդամների հետ՝ քաջատեղյալ դառնալով նրանց ցավերին ու խնդիրներին,- ասաց Արտաշես Շահբազյանը: Նա հիշատակեց հետևյալ փաստը. «Դեռևս 1990-ական թվականներին, մտնելով զոհված ազատամարտիկների ընտանիքները, համոզվել ենք, որ տղաների հերոսությունը գալիս էր ընտանեկան դաստիարակությունից: Ապրիլյան քառօրյայի և այսօրվա հերոսներն էլ իրենց մայրերից ստացած դաստիարակության շնորհիվ են անմահացել հանուն հայրենիքի պաշտպանության»:

Զոհված ազատամարտիկների մայրերն ու կանայք իրենց խոսքում հատկապես գնահատում էին այն հանգամանքը, որ այս միջոցառումը նախընտրական քարոզարշավի նպատակով չէր իրականացվում, այլ, ինչպես նախընթաց տարիներին, այս տարի նույնպես ՀՕՄ-ը կարևորում է հայուհիների դերը հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Նրանք նաև նշում էին, որ ոչ թե բարեսիրական այս կառույցի, այլ առավելապես պետական համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն իրենք:

Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների՝ օրեսդրորեն պաշտպանված լինելու խնդիրն արծարծեց միջոցառման մասնակիցներից թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ պատգամավորության թեկնածու Ռուզան Առաքելյանը: Նա դեմ է այն երևույթին, որ մեր զոհված հերոս տղաների մայրերին, քույրերին կամ կանանց օգտագործում են այս քարոզարշավի շրջանակներում: «Այս օրերին, երբ ես առիթ եմ ունեցել հանդիպելու և զրուցելու նրանցից շատերի հետ, իմ պարտքն եմ համարել պատկերացում տալ մեր այն նպատակների մասին, որոնք ուղղորդված են այդ ընտանիքներին»,- ասում է Ռուզան Առաքելյանը: Դաշնակցության նախընտրական ծրագրում կա մի ամբողջ գլուխ, որը նվիրված է զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու նրանց սոցիալական խնդիրներին, ինչպես նաև՝ այսօրվա զինծառայողներին: «Մեզ համար իսկապես առանցքային է այն, որ սահմանում ծառայող տղաների ընտանիքները պետք է ապահովված կյանքով ապրեն: Նրանք պիտի մտահոգություն չունենան, որ իրենց ընտանիքները սոցիալական ծանր կացության մեջ են:

Սա, կարծում եմ, ամենամեծ երաշխիքն է մեր երկրի բարոյական մթնոլորտի, որն այսօր գրեթե բացակայում է»,- նշեց պատգամավորության թեկնածուն: Նա նաև ներկայացրեց իրեն մտահոգություն պատճառող մեկ այլ կարևոր հանգամանք. «Հանդիպել եմ այնպիսի ընտանիքների, որոնցում կան կամ զինծառայող, կամ զոհված երեխա, և տեսել եմ, որ նրանք գտնվում են բավական հուսահատ և հիասթափված վիճակում: Իհարկե՝ ոչ բոլորը, բայց նույնիսկ, եթե նրանցից մի ընտանիք էլ հիասթափվել է, հերոս զավակ տալուց հետո, սա արդեն մեզ համար մտահոգիչ է: Ես կարծում եմ, որ մենք բոլորս ենք պարտավոր մտածելու այս մասին: Մեզ հերոսության չափանիշ են տվել այդ մարդիկ: Եթե մենք այսօր խաղաղ ապրում ենք, մեր երեխաների համար ապահովում ենք բարեկեցիկ կյանք, ապա պարտավոր ենք խորհել հիշյալ խնդիրների շուրջ»:

Այն հարցին, թե արդյոք նշված հիմնահարցերը ժամանակը չէ՞, որ վերջանականապես օրենսդրորեն լրացնեն եղած բացը, Ռուզան Առաքելյանը պատասխանեց, որ դրանք անհրաժեշտ է օրենսդրական գործունեության մեջ կարգավորել: «Ես չեմ կարող ասել, որ նրանք ուշադրությունից դուրս են եղել, բայց դա եղել է օրվա հետ: Ով իր դժգոհությունն է հայտնել, ով կարողացել է իր վրա ուշադրությունը սևեռել տալ, ավելի շատ է կարողացել իր ընտանիքի առջև ծառացած խոչընդոտները փոքր-ինչ հաղթահարել: Կան այնպիսիններն էլ, ովքեր ավելի ներփակված են իրենց վշտի մեջ, ովքեր անհրամար են զգում խոսել իրենց կորցրածի մասին: Ուրեմն, պետք է անպայման օրենքներ լինեն, որ տարածվեն բոլորի վրա: Ընդ որում, այդ օրենքները պետք է հիմնականում ուղղորդված լինեն ոչ միայն սոցիալական ապահովությանը, այլև պետք է բարոյական նեցուկ դառնան այս մարդկանց համար: Պետք է օրենքներ լինեն նաև այն զինծառայողների համար, ովքեր ծառայության ընթացքում վնասել են իրենց առողջությունը, հաշմանդամ են դարձել, որ նրանք բոլորը կարողանան ապրել արժանապատիվ կյանքով»,- ահա այսպես իր տեսակետներն արտահայտեց Ռուզան Առաքելյանը:

ՀՕՄ-ի «Ակնունի» մասնաճյուղում անցկացված միջոցառումն ևս մեկ անգամ փաստեց, որ հոմուհիները շարունակելու են պարբերաբար հանդիպել զոհված ազատամարտիկների մայրերի, կանանց, քույրերի և ընդհանրապես նրանց ընտանիքների հետ, կրկին ականջալուր են լինելու բարձրաձայնվող խնդիրներին ու փորձելու են դրանց լուծումներ տալ թե՛ իրենց կառույցի համեստ ուժերով, թե՛ համագործակցելով համայնքային ու պետական մարմինների հետ:

ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տպել Տպել