Ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին

Կարևոր է, որ դուք գիտակցեք՝ ապրիլի 2-ին հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին: Այսօր Ավան վարչական շրջանում Դաշնակցություն կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Մենք այլևս միայն ազգային ժողով ենք ընտրելու և ԱԺ-ն է ձևավորելու գործադիր իշխանությունը, ԱԺ-ն է ընտրելու նախագահին: Այդ պատճառով ապրիլի 2-ի ընտրությունները որոշիչ դեր են ունենալու առաջիկա 5 տարիներին: Ազգային ժողովը հնարավորություն ունի նաև փոխել երկրի վարչապետին, եթե կառավարության աշխատանքը դուր չգա, և կարելի է ասել, որ առաջիկա 5 տարիներին քաղաքական զարգացումները անկանխատեսելի են»,- ասաց Մանոյանը:

Նա նաև անդրադարձավ ընտրակաշառքների մասին խոսակցություններին՝ նշելով, որ յուրաքանչյուրի քվեն շատ կարևոր է. «Եթե կարևոր չլիներ, այդքան կաշառքի առաջարկներով հանդես չէին գա»:

Մանոյանի խոսքով՝ այն քվեն, որն ազատ կամքով է տրվում ցանկացած քաղաքական ուժի, դա Դաշնակցության համար նույնպես քվե է. «Դա կնշանակի, որ իսկապես ժողովրդի կամքի դրսևորում է, իսկ մեր ջանքն է եղել, որպեսզի ժողովուրդը ունենա իր իշխանությունը ընտրելու հնարավորությունը»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի տեղեկացմամբ՝ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ոչ մի քաղաքական ուժ համամասնական ընտրակարգով 50 տոկոս ձայն չի ստացել: Եվ ըստ նրա՝ շատ անբնական և ոչ թափանցիկ կդիտարկվի, եթե որևէ ուժ այս ընտրություններին կարողանա 50+1 ձայն հավաքել:

Տպել Տպել