Հանդիպում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի հետ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինայի հետ:

Ողջունելով հյուրին` Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ քարոզարշավի ընթացքը, մոտեցումները:

Նա նշեց, որ քարոզարշավի շրջանակներում Դաշնակցությունը ոչ միայն իր քարոզարշավն է իրականացնում, այլև իրազեկում է ժողովրդին նոր ընտրակարգի, փոփոխությունների մասին:

Գրիշինան Ռուստամյանին մի քանի` իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց, մասնավորապես` ի՞նչն է անհանգստացնում ՀՅԴ-ին այս քարոզարշավի ընթացքում, արդյո՞ք քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություն է տրվել, նախընտրական պաստառների փակցման հետ խնդիրներ եղե՞լ են, հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են ընտրվել, արդյո՞ք ՀՅԴ-ն ունի հանձնաժողովի` բավարար թվով անդամներ ընտրությունները վերահսկելու համար:

Ռուստամյանը նշեց, որ իրենց ամենամտահոգող հարցը ընտրակաշառքի գործոնն է, ինչը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Մարդիկ չեն ընկալում, որ ընտրակաշառք բաժանելիս հավասարապես պատասխանատվություն են կրում` թե’ վերցնողը, թե’ ստացողը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի հնարավորություններին ու պաստառներին, Ռուստամյանը նշեց, որ այդտեղ խախտումներ չկան: «Նախընտրական պաստառներ փակցնելը գումարների հետ է կապված: Մեր կուսակցությունը 4-րդ տեղում է այդ տեսանկյունից: Որոշ վայրեր կան, որ առանձնահատուկ թանկ են ու ոչ բոլորին հասանելի»,- ասաց նա:

Հանձնաժողովի անդամների հետ կապված հարցին էլ Ռուստամյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը նախապես դասընթացների է մասնակցում, քննություն հանձնում, ապա նոր հանձնաժողովի անդամի վկայական ստանում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Ռուստամյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը բոլոր տեղամասերում ունի հանձնաժողովի անդամներ:

Տպել Տպել