Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունն իր ուղերձում

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները եւ բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ կերպով հիշատակել այն ապրիլի 24-ի իր հայտարարությունում, հաղորդում է «Ասպարեզը»:

Նրանք կոչ են անում Թրամփին «պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:

«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ նախագահ Թրամփին կոչ անելով մերժել Թուրքիայի լռեցնելու քաղաքականությունը եւ ընդունել Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում»,- ընդգծել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ արդեն վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն դադարի ձեւավորել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի ազգային քաղաքականությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ավելի ու ավելի բռնատիրական դարձող եւ հակաամերիկյան ռեժիմի միջոցով»:

Նախագահ Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասված է.

«Անկեղծորեն եւ ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետեւեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, եւ Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:

Նախագահության տարիներին Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հայտարարելով, որ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն, ինչպես Հայոց ցեղասպանությանը, որը տեղի ունեցավ մինչ այդ, եւ Կամբոջայի ցեղասպանությանը, որը հաջորդեց դրան:

Տպել Տպել