ԿԳ նախարարը` տնօրենների ձայնագրությունների` աղմկալի դեպքի մասին

Շուտով ավագ դպրոցների մասով կամփոփվեն ուսումնասիրության արդյունքները և փորձ կարվի` հասկանալու, թե ինչ է «հետո»-ն լինելու. լրագրողների հետ զրույցում, խոսելով տնօրենների` ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու` աղմկալի դեպքի մասին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց նաև, թե փաստը, որ նրանց մեջ կային նաև ավագ դպրոցների տնօրեններ, ենթադրում է, որ իրենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն: «Շուտով կամփոփվի մեր զեկուցագիրը, կխոսենք ՄԻ պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, կհասկանանք` նաև մեր քաղաքապետարանն ու մարզպետարաններն ինչ ընթացք են տվել գործին և կներկայացնենք արդյունքը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե դպրոցների բոլոր տնօրենները ՀՀԿ-ական են, այս փաստն ինչի՞ մասին է խոսում, նախարարը պատասխանեց, թե հիշում է` տարիներ առաջ էլ տնօրենների բացարձակ մեծամասնությունն այլ կուսակցության անդամ էր: Սա, ըստ Մկրտչյանի, մի քիչ տնօրենների որակի մասին է խոսում, որովհետև մարդը կարող է կուսակցության անդամ դառնալ իր համոզմունքով: «Եթե որևէ մեկը կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չի նշանակում, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը: Իմ կարծիքով` նաև ՀՀԿ-ն այս իմաստով իր դիտարկումները կունենա: Մենք բարձրագույն կրթության համակարգում վերոհիշյալ խնդիրը լուծում ենք օրենքով` փորձելով մեխանիզմ ստեղծել և բարձրագույն կրթական հաստատության գլխավոր մարմինը` խորհուրդը, ապակուսակցականացնել: Իսկ դպրոցի պարագայում մեր միջազգային ՀԿ-ներն ունեն առաջարկություններ: Պետք է քննարկենք և փորձենք հասկանալ` ինչպես անել, որ դպրոցները խնայենք ընտրությունների փուլում»,- ասաց նախարարը:

Նրա հավաստմամբ` ըստ էության, դպրոցները կարևոր ռեսուրս են բոլոր կուսակցությունների համար, քանի որ մեր մտավորական սերուցքն է դպրոցներում` 40 000 ուսուցիչ, բայց ինչպե՞ս անել, որ նրանց կուսակցական պատկանելությունը չխանգարի կրթության ոլորտի կենսագործունեությանը, այս խնդրին պետք է լուծում տալ: Նախարարը կոչ արեց համայնքապետերին` հասկանալ, որ իրենց գյուղի ապագան դպրոցն է, և եթե իրենք այդ դպրոցի հեղինակությունը, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, իջեցնում են, իջեցնում են նաև իրենց գյուղի հեղինակությունը:

Տպել Տպել