Քննարկվել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու հարցը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համաձայն՝ այս հարցում առաջնահերթ է ոչ միայն ճանապարհորդների ժամանակը խնայելը, հարմարավետությունը, այլ նաև զբոսաշրջության զգալի խթանումը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քննարկումները Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի և գործադիր տնօրենի տեղակալ և արտաքին կապերի գծով տնօրեն Թրևոր Դեյլիի հետ հնարավորություն են տվել փոխանակվել դրական և կառուցողական գաղափարներով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի և «Զվարթնոց» օդանակավակայանի միջև ուղիղ չվերթներ մեկնարկելու վերաբերյալ:

Նշվում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը:

«Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ղեկավարության հետ և գնահատում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը», – ասել է Ռաֆֆի Համբարյանը:

tert.am

Տպել Տպել