Դավիթ Լոքյանն ամփոփեց նախարարության վեց ամսվա գործունեության արդյունքները

Այս տարի ՀՀ-ում ևս 480 համայնք կմիավորվի. այսօր լրագրղներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ համայնքների միավորումն առաջ է բերել որոշակի լուրջ փոփոխություններ: Միավորված համայնքի կազմի մեջ մտնող բոլոր գյուղական համայնքներում այս կամ այն բարեփոխումն էկատարվել:

«Խոշորացված համայնքներին գյուղատնտեսական տեխնիկաներ են տրամադրվել, համայնքներում սկսվել է փողոցների լուսավորության գործընթաց, աշխատանքի են ընդունվել փականագործներ, անասնաբույժներ, ջրային տնտեսության մասնագետներ, ովքեր ծառայություններ են մատուցում գյուղի բնակիչներին»,- ասաց նախարարը` նշելով, որ հաջորդ տարի համայնքների խոշորացման գործընթացը կավարտվի:

Օրինակ բերելով Շիրակի մարզի խոշորացված համայնքներից Սարապատը` Լոքյանը նշեց, որ վեց ամսվա ընթացքում այդ համայնքը կարողացել է որոշակի ֆինանսական ռեսուրսներ առանձնացնել, ինչի արդյունքում ձեռք է բերել վառելանյութ, տեխնիկա և պատրաստվում է բարեկարգել միջհամայնքային բոլոր ճանապարհները:

«Ի դեպ, այս համայնքն ընդունել է մի հետաքրքիր որոշում` շուրջ 6 մլն դրամ իր բյուջեից հատկացրել է բարձրորակ սերմեր գնելուն, որոնք տրամադրել իր համայնքի բնակիչներին, որպեսզի աշնանը կարողանան բերք ստանալ և գյուղի բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ համայնքների խոշորացման հայաստանյան փորձը Եվրամիությունում ճանաչվել է լավագույններից մեկը՝ համեմատվելով Խորվաթիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Մերձբալթյան երկրների փորձի հետ:

Անդրադառնալով համայնքների կողմից առաջարկված տնտեսական զարգացման ծրագրերին` Լոքյանը հայտնեց, որ, հավանաբար, մինչև տարեվերջ 50-ից ավելի ֆինանսավորման ծրագրեր կլինեն, որոնք համայնքներում աշխատատեղեր կապահովեն:

Նախարարի խոսքով՝ ֆինանսավորվելու են Ապագա գյուղում գյուղատնտեսական տեխնիկայի պարկ ստեղծելու ծրագիրը, Վայոց ձորի Գետափ գյուղում տուրիստական կենտրոնի և հյուրանոցային համալիրի օժանդակության ծրագիրը, Արտենի համայնքում չրերի արտադրության և այլ ծրագրեր: Ըստ նրա` գլոբալ փոփոխությունների է ենթարկվել համայնքային բյուջեների կառավարումը, ինչի արդյունքն արդեն ակնհայտ է` համայնքների սեփական եկամուտներն ավելացել են 1.7 միլիարդ դրամով:

Հայաստանի փոքր գյուղերում դպրոցների քանակի կրճատումն անխուսափելի է, ասուլիսի ժամանակ հայտնել է Դավիթ Լոքյանը։ Նա ուշադրություն է դարձրել, որ հանրապետության 1 380 պետական դպրոցներից 222-ում 50-ից քիչ աշակերտ է սովորում, դրանցից 34-ում՝ 10-ից էլ քիչ։ Մի քանի տարբեր դասարաններ ստիպված միասին են սովորում։

Այդ դեպքում 2-3 կմ հեռավորության վրա գտնվող 2-3 գյուղերի աշակերտների համար նախընտրելի է միասին սովորելը, հավելեց Լոքյանը։

Ընդ որում նախարարությունը հնարավորության դեպքում կձգտի պահպանել դպրոցները, հավելեց նա։

«Իսկ մանկավարժներին այսպես թե այնպես չենք կրճատելու։ Քանի որ փոքր դպրոցներում ոչ միայն աշակերտներն են քիչ, այլեւ ուսուցիչները։ Նույն ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում։ Իսկ 2-3 դպրոցներից էլ հենց կկարողանանք ամբողջական ուսուցչական կազմ հավաքել»,- նշել է Լոքյանը։

Մայիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա առաջին համապետական շաբաթօրյակը, տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ շեշտը դնելու են աղբավայրերի լոկալիզացման վրա: «Յուրաքանչյուր համայնքից կամ համայնքային խմբից պետք է տեղեկություն ստանանք, թե աղբավայրերը որտեղ են լոկալիզացնում: Օրինակ, Աշտարակին հարակից 15 բնակավայրերն իրենց համար պետք է ունենան մեկ ընդհանոր աղբավայր, որը պետք է շատ լավ կառավարեն:

Օրինակ, պետք է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղական համայնքի շրջակայքում գործող 5 աղբավայրերը փակել և ունենալ մեկ ընդհանուր աղբավայր»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ՀՀ մարզերում առկա է ավելի քան 2000 աղբանոց՝ մոտ 500 հա ընդհանուր տարածքով: Նա տեղեկացրեց, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց նախարարության աշխատակազմի կողմից գույքագրվել և անձնագրավորվել են այդ աղբավայրերը: Աղբանոցների տեղադիրքի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում:

Լոքյանի խոսքով՝ այսօր տարեկան 9-10 մլրդ դրամ գումար է ծախսվում աղբահանության համար, որի 60 %-ը հատկացվում է պետական բյուջեից: Ըստ նրա՝ առաջնային խնդիրներից է այդ աղբավայրերը տեղայնացնելը և աղբահանության համար նախատեսված ծախսերը ճիշտ կառավարելը:

Նրա խոսքով՝ նախարարության վարչության պետերը, փոխնախարարներն այցելում են բոլոր մարզեր և մարզային հանձնաժողովների հետ քննարկում են աղբահանության ծրագրերը և հանձնարարություններ տալիս: «Աղբավայրերի խնդիրը մեկօրյա խնդիր չէ»,-նկատեց նա:

ԵՄ-ն 1․6 մլն եվրո կհատկացնի Հայաստանի սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու համար, ասուլիսի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Այդ գումարներով աջակցելու են գյուղացիական կոոպերատիվներին, նաեւ փոքր ու միջին բիզնեսին։

«Մի խոսքով, այն ամենին, ինչ կօգնի ավելացնել զբաղվածությունը։ Գյուղերի համար դա հատկապես կարեւոր է»,- ասել է Լոքյանը։

Տավուշի մարզի համար եւս մեկ ծրագիր ուղղված է լինելու Դիլիջանում ու հարակից գյուղերում հյուրանոցների զարգացմանը։ Այդ ծրագրին կհատկացվի մոտ 1․2 մլն եվրո։

Տավուշի մարզում զբաղվածության աջակցության եւս մեկ ծրագիր է իրականացվում Ռուսաստանի կառավարության միջոցներով։ Ծրագրում ներառված են 45 սահմանակից գյուղեր։ 17-ում ծրագիրն արդեն մեկնարկել է։ Ծրագրի նպատակն է օգնել ջերմոցների, մրգերի ու հատապտուղների համար սառը շինությունների, վերամշակման կետերի, նաեւ նոր այգիների ու գյուղական ենթակառուցվածքի ստեղծմանը։

Չեմ կարող ասել՝ ես կլինեմ նոր կառավարությունում, թե ոչ, ասել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Այն հարցը՝ արդյոք ինքն ուզում է մնալ՝ Լոքյանն անտեղի է համարել ու չի պատասխանել դրան։

Տպել Տպել