Փոխվենք, որ օրհներգը չփոխենք

Շառլ Ազնավուրն անվիճելի մեծություն է, աշխարհահռչակ հայ, որի խոսքը գետնին գցել, չհարգել, չլսելու տալ չի լինի: Մյուս կողմից էլ՝ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ պաշտում ենք մեր մեծերին: Ահավասիկ, մենք Գարեգին Նժդեհի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու հետնորդն ու ժառանգորդն ենք: Բայց, ցավոք, մեր կոչումն ու միսիան հենց ժառանգորդ լինելով էլ վերջանում է: Թե մեր թողած սերունդն ինչ է ժառանգելու մեզնից` առայժմ անհայտ է: Թերեւս` նույն Գարեգին Նժդեհին, Հովհաննես Թումանյանին, Չարենցին, Արամ Խաչատրյանին, Վահրամ Փափազյանին, Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն… Որովհետեւ մենք նրանց թողածին բան չենք ավելացրել, չենք կարողացել նրանց ստեղծած գոհարակերտ բարձունքներից այն կողմ անցնել, արարել հպարտության արժանի հիշատակություններ: Երբ, օրինակ, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Կարպ Խաչվանքյան ունեցող ազգը «խփնվում» է այսօրվա սերիալների, մանավանդ այդ հնդկական հիմարությունների վրա, երբ կիսառաբիս երգիչ-երգչուհիներն են արդեն վաստակավոր դառնում, երբ մշակույթի նախարարը քեզ համոզում է` եթե Օպերայում քյաբաբնոց չլինի, սիրուն չի լինի, երբ չենք կարողանում ինչպես հարկն է մեծարել այսօրվա հրաշալի, ազգային դիմագիծ ունեցող բանաստեղծին, նկարչին, քաղաքական ու պետական գործչին, թվում է` վտանգվում է մեր հիշողությունը, եւ մեր պատմությունն է հայտնվում ասպարեզից հեռանալու ռիսկային գոտում հայտնված ժողովուրդների պատմության կողքին:

Շառլ Ազնավուրի առաջարկը, թե իր` «Քեզ համար, Հայաստան» երգն ավելի լավ օրհներգ կլիներ, բնականաբար, հարգանքի ու պատկառանքի է արժանի: Սերժ Սարգսյանը չէր կարող նրան ասել` ոչ, ասել է` համամիտ եմ: Նա, ինչ է, պետք է բանավիճե՞ր Շառլի հետ: Տարօրինակն այս պատմության մեջ, սակայն, ոչ այնքան Շառլի առաջարկն ու Սերժ Սարգսյանի համամիտ լինելն է, որքան Սերժ Սարգսյանի «համամիտ լինելուց» ոգեւորված ու ֆալստարտով ոտքի ելած «մտավորականության», գործից հասկացող-չհասկացողների, զենք ու վառոդից խորշողների, ազատական կեղծ գաղափարակիրների վետվետումները: Ասում են` պետք է փոխել «Մեր հայրենիքը», «թշվառ-անտեր» երկրի մասին երգը չի կարող օրհներգ լինել, աշխարհի ոչ մի օրհներգ զոհվելու կոչ չի անում, երաժշտությունը թռցրած է ինչ-որ կոմպոզիտորի ինչ-որ բալետի նախերգանքից, իտալացի աղջկա խոսք է, ձոներգային չէ եւ այլն: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր ասացին, որ Ադրբեջանի հիմնն ավելի լավն է, քան մերը: Շնորհավորում եմ բոլոր հայերին` մեր անկախության 100-ամյակի շեմին, հանկարծ, մարտահրավեր ենք ստանում ինքներս մեզնից` կասկածի տակ է առնվում դեռ ազգային-ազատագրական պայքարի օրերի ապրեցնող երգը, որ հետո դարձավ մեր անկախության անբաժան մասը` եռագույնի եւ զինանշանի հետ:

«Մեր հայրենիք»-ն իր պարզությամբ, սեղմությամբ եւ միեւնույն ժամանակ իր կատարելությամբ չի զիջում ոչ մեծ շանսոնիեի «Քեզ համար, Հայաստան»-ին եւ ոչ էլ Արամ Խաչատրյանի` Խորհրդային Հայաստանի օրհներգին: «Մեր հայրենիք»-ը նույն վեհությամբ է հնչում թե քառաձայն երգչախմբերի կատարմամբ, թե կատարելության հասցված մշակումների մեջ, թե երեխաների եւ թե հասարակ մարդկանց շուրթերից: Ոմանք ասում են` Ելցինի ժամանակ ռուսները մի հիմն էին գրել, որն այնքան վատն էր, որ նորից անցան ԽՍՀՄ հիմնի երաժշտությանը: Եղբայր, դա ռուսների իմանալու բանն է, մե՞զ ինչ, թե ինչ են երգում նրանք: Ու, քանի որ նրանք փոխել են, մե՞նք էլ փոխենք: Ի՞նչ դնենք տեղը` «Սովետական, ազատ աշխարհ Հայաստա՞ն», «Քեզ համար, Հայաստա՞ն», որ կարծես հիվանդապահի երգ լինի` հիվանդի կողքին կատարվող, հիվանդին հույս տվող:

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ասում է` Գլազունովի երաժշտության մոտիվներով է գրված «Մեր հայրենիքը»: Աշխարհում դատարկ տեղը ոչինչ չի ստեղծվում, Ռուբո ջան: Նույն Ռուբեն Հախվերդյանի շատ երգեր էլ Շառլ Ազնավուրի երգերի մոտիվներով են գրված, հետո՞, վա՞տն են:

Հայաստանի ազգային օրհներգն ընդունվել է 1991թ. հուլիսի 1-ին: Այն մեր Առաջին Հանրապետության օրհներգն է` ենթարկված ժամանակով պայմանավորված չնչին փոփոխությունների: Առաջին անգամ այն կատարվել է 1885թ., Թիֆլիսում, որպես տեղի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն երգչախմբի համերգի առաջին երգ: Հետագայում այն մշակել է նաեւ Բարսեղ Կանաչյանը:

«Մեր հայրենիք»-ով է ուղեկցվել Վանի 1915թ. հերոսական ինքնապաշտպանությունը, դրանից առաջ էլ այդ երգով են իրենց մարտիկներին ոգեշնչել ազգային-ազատագրական պայքարի մեր առաջնորդները: Դերիկի վանքի կռվին (գտնվում է թուրք-պարսկական սահմանին, պարսկական կողմում) իր «ՀՅ Դաշնակցության քննական պատմություն» աշխատության մեջ անդրադառնում է նաեւ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը: Նա գրում է. «1894թ. Ամռանը, երբ վանքում էր գտնվում ՀՅ Դաշնակցության Թավրիզի բյուրոյի անդամների մի մասը, Վանի կուսակալ Պահրի փաշայի հրահանգով Դերիկը պաշարվեց քրդերի եւ թուրքական կանոնավոր հեծելազորի կողմից: 1894-ի հուլիսի 21-ի առավոտյան սկսվեց հարձակումը: «Մենք խմբով 17 հոգի էինք եւ բաժանվել էինք 4 տեղ,- վկայում է Սեւքարեցի Սաքոն,- իսկ քրդերը` 4-5 հարյուրից ավելի համիդեի զինվորներ եւ 50 հոգի էլ սուվարի ձիավորներ: Կռվի ժամանակ օրիորդ Ծաղիկը հավաքել էր մոտը վանքի կանանց, եւ նրանք փամփուշտ էին սրբում եւ բաժանում կռվողներին»: Չնայած հակառակորդի հսկայական գերակշռությանը, համիդիե քրդերը եւ կանոնավոր հեծելազորը, որոնց սահմանի այն կողմում սպասում էր Վանի Պահրի փաշան` հայդուկների գլուխները ստանալու, չկարողացան կոտրել Դերիկի պաշտպանների դիմադրությունը: Կռվի վճռական պահին Սեւքարեցի Սաքոն փչեց իր շեփորը, եւ «ուխտավորներն» սկսեցին երգել: Դերիկի կամարների տակ հնչեց «Մեր հայրենիք»-ը: Հարձակվողները հետ նահանջեցին` հասցնելով միայն իրենց հետ քշել կրակոցներից ցաքուցրիվ եկած վանքի անասունները» (Գեւորգ Խուդինյան, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն, Երեւան, 2006, էջ 289):

Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ «Մեր հայրենիք»-ը չի մոռացվել, այն եղել է աշխարհասփյուռ հայության երազանքի` անկախ Հայաստանի օրհներգը, մինչեւ որ վերանկախացած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիք»-ը՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը եւ տեքստում որոշակի փոփոխություններ կատարելով:

Մեր հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Լսել եմ` առաջարկ կա հանել վերջին քառատողը, քանի որ այն, իբր, մեռնելու, զոհվելու կոչ է, իսկ պետական օրհներգը նման կոչ չպետք է անի: Քավ լիցի, չկա նման բան: Այս երգը ոչ թե մեռնելու, այլ պայքարելու եւ ապրելու երգ է: Վերջին քառատողը ոչ թե կոչ, այլ խրատ է, «Մահ իմացեալի» եւս մեկ հիշեցում, եթե կուզեք:
Փոխե՞նք: Ինչո՞ւ: Տերտերական ճաշակ ունեցողներն ասում են` մեր օրհներգը ձոներգություն չէ, այսինքն՝ շարականի երանգներ չունի: Մի՞թե սա ձոն չէ` մեր եռագույնին ու անկախությանը.

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան…

Երեւի շատ ազգեր կերազեին այսպիսի քառատող ունենալ իրենց օրհներգերում: Բայց նրանք շատ էլ չեն նեղվում, որ չունեն: Փոխարենը ունեն այն, ինչն ավելի հարիր է իրենց պատմությանն ու ներկային: Մեծ Բրիտանիան, թեեւ այսօր ողջ աշխարհի շուրթերին է թեւավոր խոսք դարձած «անգլիական թագուհի» արտահայտությունը, շարունակում է երգել` «Աստված պահի թագուհուն»: Եվ այնպես էլ չէ, որ աշխարհահռչակ անգլիացի շանսոնիե չկա, որ ասի` լավը չէ այդ օրհներգը:

Մի կկու, ուրեմն, իր բնից վատ հոտ էր առնում: Գնաց-նստեց ուրիշ թռչունի բնում ու էլի հոտ առավ: Ասում են՝ այդ կկուն մինչեւ հիմա անհոտ բույն է փնտրում, որովհետեւ համոզված է, որ բնից է: Ավելի կարճ ասեմ` փոխվենք, որ օրհներգը չփոխենք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

hraparak.am

Տպել Տպել