Ֆրանսիայում մզկիթի վրա հարձակում գործած հայը մտագարությամբ է տառապել

CCAF-ը դատապարտում է նրա արարքը

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ հունիսի 29-ի երեկոյան, Ֆրանսիայի Կրետեյ արվարձանում մզկիթի առջև հավաքված մարդկանց վրա վրաերթի փորձ կատարած հայը հոգեկան խանգարությամբ՝ մտագարությամբ է տառապել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Ֆրանկ Փափազյանը:

«Ոստիկանությունը պարզել է, որ հարձակման փորձ կատարողի ինքնությունը և ձերբակալել նրան հենց իր բնակարանի մեջ: Պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի է: Հարցաքննության ընթացքում նաև պարզվել է, որ նա հոգեկան խանգարումով՝ մտագարությամբ է տառապում և 2006-ին և 2007-ին հոգեբուժարան է տեղափոխվել»,- ասաց նա:

Ֆրանկ Փափազյանը պատմեց, որ հարձակման փորձ կատարած անձը, ոստիկանությունում 24 ժամ մնալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահը նաև տեղեկացրեց, որ իրենք հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ նշել են, որ «ապշանքով են» տեղեկացել Հայաստանի քաղաքացու արարքի մասին, այն որակել են «ծանրակշիռ հարձակում»:

«Մենք դատապարտում ենք այն, ինչպես բռնության և ատելության բոլոր արարքները, հատկապես երբ դրանք հիմնված են կրոնական անհանդուրժողականության, ցեղապաշտության և այլատյացության վրա: Մեր ուրախությունը կհայտնենք, որ ոչ ոք վիրավորված չէ և կհուսանք, որ արդարադատությունը պատշաճորեն պիտի լուսաբանի հարցը և բոլոր թյուրիմացությունները պիտի փարատի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ազգությամբ հայ, 43-ամյա մի քաղաքացի ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել Փարիզի արվարձաններից մեկի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբին: Միջադեպը տեղի է ունեցել Կրետեյ քաղաքում: Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ ցանկանում էր վրեժ լուծել Փարիզում վերջին տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների համար: Հարձակման ընթացքում ոչ ոք չի տուժել:

tert.am

Տպել Տպել