Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն «երիտասարդ կադր» է բերում

Գաբրիել Գյոզալյան, Աշոտ Սիմոնյան

ՀՀ Արագածոտնի մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նա արդեն պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով, արդեն որոշում ունեն, թե ով կնշանակվի մարզպետ, քանի որ այդ պաշտոնը քվոտայում հանձնվել է ՀՅԴ-ին:

«Երիտասարդ կադր ենք բերելու: Առաջարկելու ենք Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի մարզից է, մասնագիտությամբ՝տնտեսագետ:

News.am֊ի հարցին, թե ո՞րն է նման փոփոխության պատճառը, արդյոք ՀՅԴ-ն դժգոհ էր դաշնակցական մարզպետից, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ դժգոհ չենք: Մենք շնորհակալ ենք Գաբրիել Գյոզալյանին: Մի օր մենք էլ ենք փոխվելու»:

Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի մարտի 3-ին:

Տպել Տպել