Դոկտոր Խաչիկ Մուրատեանի դասախոսությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում


Ս/թ․ հուլիսի 17-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ «Հալեպահայության դերը Հայոց Ցեղասպանության ընթացքում Սիրիա հասած գաղթականների փրկության գործում» դասախոսությունը, որի բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Միջին Արևելքի, Հարավային Ասիայի ու Աֆրիկայի հարցերով զբաղվող կենտրոնի դասախոս, դոկտոր Խաչիկ Մուրատեանը։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, ով մեծապես կարևորեց միջոցառումը և մեծ թվով ներկաների ցուցաբերած հետաքրքրությունը օրվա թեմայի շուրջ՝ մատնանշելով «հալեպահայի» ով լինելը և «պատերազմ» կոչվող արհավիրքը, որն այնուամենայնիվ ի զորու չեղավ արմատախիլ անել նրանց կամքն ու կյանքի հանդեպ անհագ եռանդը։

Թեմատիկ հանդիպումը հնարավորություն ընձեռեց ոլորտի գիտակի մասնակցությամբ վեր հանել և բարձրաձայնել դարերի պատմություն ունեցող սիրիահայ համայնքի կշիռն ու նշանակությունը հայրենաշեն ու հայրենանպաստ գործունեությունում՝ առանցքում պահելով հալեպահայերի նպաստը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած իրենց հայրենակիցներին ապաստանելու անձնվեր գործում։

Հալեպի հայ համայնքը 1915թ. մայիս ամսին ստեղծեց մարդասիրական օգնության ցանց, որի առաքելությունն էր օգնել ցեղասպանությունից մազապուրծ եղած և Սիրիա հասած հայերին՝ նրանց ցուցաբերելով առաջնային օժանդակություն կացարանի, սննդի, դեղորայքի և հագուստի տեսքով։

Այս պատմական նախաձեռնությունը, որը փրկության օղակ դարձավ հազարավոր հայերի համար, այնուամենայնիվ, չկարողացավ անտարբեր թողնել Օսմանյան իշխանություններին, որոնք շուտով կտրուկ միջոցներ ձեռնարկեցին՝ ղեկավարների մի մասին ձերբակալելով, մյուսին՝ աքսորելով։

Միջոցառման ավարտը տրվեց հյուրասիրությամբ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Խաչիկ Մուրատեանին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հարկի ներքո հյուրընկալվելու և այդչափ հետաքրքիր և տեղակատվական բանախոսությամբ հանդես գալու համար։

Առանձնակի շնորհակալություն Տիկնանց խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր օժանդակեցին միջոցառման կազմակերպչական աշխատանքերին։

Շնորհակալություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Երիտասարդաց խորհրդի անդամներ Ավո Ափոշյանին՝ միջոցառումը համակարգելու, ինչպես նաև Հովսեփ Գրիգորյանին՝ դաշնամուրային գեղեցիկ կատարմամբ հանդես գալու համար։

aleppo-ngo.org

Տպել Տպել