Եթե Հայաստանի և Իրանի հարաբերություններում փոփոխություններ լինեն, ապա դա չի լինի իրանական կողմից

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ շատերն էին նկատել, որ չնայած Օբամայի վարչակազմը փորձեց իր հարաբերությունները մեղմացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Միջուկային զենքի շուրջ համաձայնության գալ, ԱՄՆ-ը այնուամենայնիվ իր ձեռքից բաց չի թողնի ճնշումների խաղաքարտը:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սակայն վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերություններում եղած լարվածությունը քաղաքական քաշքշուք է, որը երկար տևել չի կարող և ուր որ է իր սահմանները կգտնի:

«Իրան-ԱՄՆ հարաբերությունները շատ ավելի խորն են։ Միացյալ Նահանգների վերաբերմունքն Իրանի նկատմամբ շատ խորը և հակասական մեծ ազդցություններ են թողել Իրանի ժողովրդի վրա, և նույն այդ բնույթը շարունակվում է հիմա»,- ասաց նա՝ նշելով, որ ըստ այդմ՝ իրանցիներն այդ իմացականությամբ են առաջ շարժվում:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանն աշխարհին ցույց է տվել, որ ինքը բարյացակամ է, որ չի ցանկանում զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծել և գնացել է բանակցությունների աշխարհի հետ:

«Նախագահ Թրամփի պաշտոնավարության ժամանակ նկատվում է, որ տարբեր էժան միջոցներով աշխատում են շրջանցել ձեռքբերված համաձայնությունները: Իմ գնահատականով՝ Իրանը խոհեմ և շատ ծանրակշիռ շարունակում է իր վարած քաղաքականությունը և նախապատրաստվում է և պատրաստ է հակադրվելու ցանկացած այնպիսի վերաբերմունքներին, որ Միացյալ Նահանգները կցուցաբերի համաձայնագիրը շրջանցելու կամ սխալ վերծանելու, վերլուծելու և չարաշահելու ուղղությամբ»,- ասաց նա։

Ժորժիկ Աբրահամյանն ավելացրեց, որ դժվար է կանխատեսել, թե ուր կհասնեն այդ հակասությունները, քանի որ դրանք մեծ շրջանակ կարող են կազմել՝ ընդգրկելով տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների։

Իրանահայ պատգամավորը սակայն նկատեց, որ այս հակասությունների ֆոնին Իրանը խոհեմաբար շարունակում է իր ընդհանուր քաղաքականությունը: «Եթե ուզում ենք գնահատել, պետք է նկատենք, որ Եվրոպայի համախմբումը չի հաստատում ԱՄՆ-ի քաղաքականությունը․ԱՄՆ-ը ցանկանում է պատժամիջոցները շարունակել, մեծացնել, իսկ Եվրոպական շատ ընկերություններ երկարատև հեռանկարով և փոխշահավետ պայմանագրեր են ստորագրել Իրանի հետ»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացումը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վրա, որովհետև ըստ նրա, աշխարհում ընթացքող ամեն ինչը փոխկապակցված է: Եթե այս ընթացքում էլ Հայաստանի և Իրանի հարաբերություններում փոփոխություններ լինեն, ապա, իրանահայ պատգամավորի խոսքով, փոփոխությունն Իրանի կողմից չի լինի:

«Իրանն ունի իր ռազմավարական քաղաքականությունը, ունի իր մարտավարությունն ամբողջ աշխարհում, և այս պարագայում ովքեր Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ են, փոխշահավետ հարաբերությունները նրանց միջև կշարունակվեն»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Տպել Տպել