Մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ ինչպես է Իրանը վերաբերվում Ադրբեջանին, ավելի կարևոր հարցեր կան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով և դրանից բխող մտահոգություններով է պայմանավորված, որ ամեն մի փոքր դեպքից ուրախանում ենք կամ դժբախտություն ապրում:

Նա Tert.am-ի հետ զրույցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմինի հայտարարություններից հետո:

«Իմ կարծիքով՝ նման արտահայտությունները դիվանագետների կողմից կենացների մակարդակից չի բարձրանում: Նման արտահայտությունների մասին խոսելիս կարելի է ենթադրել, որ սա այս գործչի վերաբերմունքն է տվյալ երկրի նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները գնահատել էր «լավ» բառով, իսկ Հայաստանի մասին խոսելիս` օգտագործել է «բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունները: Նա նաև խոսել էր տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ասելով «Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»:

Իրանահայ պատգամավորը նաև նշեց, որ պետք չէ ենթադրություններ անել Իրանի արտաքին գերատեսչության խոսնակի արտահայտություններից և համարել, որ դրանք ապացուցում են, որ Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքն ավելի լավ է, քան Ադրբեջանի: «Ընդհանրապես քաղաքական դաշտում առաջնորդվում են շահերով: Այդ հիմնական շահերը այս երկրների միջև գոյություն ունեն, և որևէ բան այս ընթացքում չի փոխվել»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ շատ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ արդյո՞ք Իրանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանին: «Ավելի կարևոր հարցեր կան: Ավելի կարևոր գործեր կան, որ պետք է անենք»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորը, Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մակարդակի մասին խոսելիս, նշեց, որ դրանք ավելի լավ լինել չեն կարող: «Առավելագույն մակարդակի վրա են և՛ քաղաքական առումով, և՛ փոխհարաբերությունների առումով: Սակայն եղած մակարդակից, թե ինչն ենք վերածում գործնականի և ինչն ենք ստանում, սա է կարևոր հարցը, որը երկու երկրների հարաբերությունների միջև ճշտող է, ուղենիշ է: Արդյունքներն են որոշողը: Եվ այդ արդյունքներում մեծ փոփոխություններ չկան․ մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների մասին, քսան տարի առաջվա ծրագրերն են՝ գազատարի ստեղծում, Արաքսի վրա ՀԷԿ-ի կառուցում, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում և այլն: Դրանից այն կողմ համագործակցությունը չի անցնում»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ երկու երկրների սահմանում ազատ տնտեսական գոտիներ հիմնելն էլ դեռևս չի խոսում երկու երկրների միջև շատ բարձր մակարդակով համագործակցության մասին:

Իրանահայ քաղաքական գործիչը նշեց, որ իր ցանկությունն է, որպեսզի Իրանի և Հայաստանի միջև ավելի բարձր մակարդակի պայմանավորվածություններ և համագործակցություն լինի: «Այդ համագործակցությունները չափվող, կշռվող պետք է լինեն: Թիվ պետք է լինի: Փոխադարձ այդ հարաբերությունների մեջ մեր բալանսը դեռ շատ բացասական է, երբ այդ բալանսը փոխվի, կասենք, որ շատ ավելի են լավացել մեր հարաբերությունները»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց նաև շատ չկառչել Իրանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարություններից, որոնք վերաբերել են տարածաշրջանային հիմնախնդիրներին։ Նրա խոսքով՝ դրանք պետք չէ վերագրել Ղարաբաղյան հիմնախնդրին:

«Իրանի մոտեցումները հիմնախնդիրների հետ կապված չի փոխվել․ կրկնում են այն, ինչ միշտ կրկնել են: Իհարկե, այդ կրկնությունն ինչ-որ երանգներ է ունենում: Ադրբեջանամետ իրանցի գործիչների հայտարարությունները մի փոքր տարբերվում են հայամետ գործիչների հայտարարություններից: Այն, ինչ ընդհանուրի մեջ է բանաձևվել, դրա մեջ փոփոխություն չկա: Եվ դա այն հիմնականն է, որ ամբողջ աշխարհն է ասում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ռազմական կողմ չունի․ դա պետք է կարգավորվի բանակցության միջոցով»,- ասաց նա՝ նշելով, որ Իրանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերի նկատմամբ վերաբերմունքի մասին խոսելիս պետք է նկատենք, որ նա «դրական չեզոքություն» է պահպանում, և որևէ կողմի նկատմամբ կողմնակալ չէ, և դա բխում է նաև մեր շահերից:

Հռիփսիմե Հովհաննիսյան
tert.am

Տպել Տպել