Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, լրագրողներին ներկայացրելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը և համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան: Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաև տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրևը: Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետև կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել: Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է:

Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է:

Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է աել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարևոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք և թույլ չտանք, որ այս աղետի հետևանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին:

xosrovi-antar-hrdeh-zinvornerՄիջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, և դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին:

…Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս օրերին ակտիվ, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել այս աղետը կանխելու և հետևանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով: Պարզ է, որ կարող եք ասել, որ այն արգելոցի աշխատակիցների պարտականությունն է, բայց դեպքեր կան, երբ աշխատակիցը գրկում և մարմնով փակում է ծառը, որ այն չվնասվի: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հրամանատարներին, զինված ստորաբաժանումներին, մեր զորքերին, ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում և անգնահատելի ներդրում ունեցան մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում:

Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի: Չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային և մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»:

Անդրադառնալով օդից հրդեհաշիջման աշխատանքներին` նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ լանդշաֆտի պայմաններում մարդկային ուժի կիրառումը շատ ցածր արդյունավետություն ուներ, դրա համար էլ անհրաժեշտություն առաջացավ օդից շիջման աշխատանքների իրականացում: Նախարարը կարևորել է հակահրդեհային տեխնիկական զինվածությունը և շեշտել, որ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր` ներգրավելով տեղական և միջազգային գործընկերներին և այնպես կարվի, որ առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

yerkirmedia.am

Տպել Տպել