Միայն խոսքերով ուսուցչի կարեւորությունը չի շեշտվում

Մենք ունեինք մտահոգություններ, ժամանակն է ուշադրություն դարձնել կրթության որակին, որ հետո չկանգնենք կոտրած տաշտակի առջեւ:

Այդ մասին այսօր կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը եւ ասաց, թե ոլորտում ինչ մտահոգություններ կան. «Մտահոգիչ է այն, որ բարձրագույն կրթական համակարգում մեր բակալավրիական շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար կրթության ներկայացուցիչներ են: 30 տոկոսի մի զգալի հատվածը տանում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագիտությունների ցանկը, մեծ մտահոգություն ունենք բնական գիտությունների կրթության պահպանման իմաստով»:

Նախարարը նշեց, որ լուրջ մարտահրավեր է նաեւ այն, որ 87 հազար ուսանողությանը սպասարկում են 65-ից ավելի համալսարաններ. «Սա լուրջ մարտահրավեր է եւ ուղղակիորեն վտանգում է մեր կրթական համակարգի որակը»: 1400 դպրոցների մի հսկայական զանգված ունենք, որտեղ ունեն 10, 20, մինչեւ 100 աշակերտ:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, կրթական համակարգը ժամացույցի են նմանեցնում, եթե ժամացույցի մի փոքր օղակ էլ չի աշխատում՝ ժամացույցը սխալ է աշխատում: Հիմա հարց է՝ մեր ժամացույցն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, մանկապարտեզից մինչեւ ակադեմիկոս, մենք մեր ֆունկցիան կատարում ենք. «Կարող է այդ ժամը մի քիչ հետ է ընկնում, առաջ է ընկնում, ուզում ենք ավելի հստակ ցույց տա, բայց այն աշխատում է եւ դա այն հենքն է, որի վրա պետք է նստեն բարեփոխումները»: Մինչեւ 2030-ը ընկած ժամանակաշրջանում կրթության զարգացման ծրագիր պետք է մշակվի՝ հանրակրթության պետական ծրագիրը, երկրորդը՝ բարձրագույն կրթության համալիր զարգացման ծրագիր պետք է լինի եւ մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների ծրագիրը:

Նախարարը հայտարարեց. «Ամեն ինչ կմնա թղթի վրա, եթե չկարողանանք մեր վերաբերմունքը փոխել մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ՝ ուսուցչական համակազմ: Շուրջ 37 հազար ուսուցիչ կատարում են իրենց պարտականությունը, մի մասը՝ ամբողջական նվիրումով, մի զգալի մասը՝ դժգոհելով, բայց հասկանալով գործի կարեւորությունը, եւ կա մի մաս՝ պատահական հատված, որոնց համար կրթությունը պարզապես աշխատատեղ է կամ իրենց ընթացիկ ժամանակը ծախսելու տեղ: Մենք պետք է արմատապես փոխենք մեր վերաբերմունքը եւ նոր որակ սահմանենք: Միայն խոսքերով ուսուցչի կարեւորությունը չի շեշտվում»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, ծրագիր պետք է մշակեն, որը կօգնի ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ մեծացնել, հակառակ դեպքում մնացած ծրագրերը մեծ վտանգի են դատապարտելու. «Ուսուցչի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխենք երկու հարթությամբ՝ մասնագիտական որակին ներկայացվող պահանջները եւ ուսուցիչը՝ որպես մեր հասարակության ամենաակտիվ նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը, որի ապրելակերպը պետք է համազոր լինի այն առաքելությանը, որը կոչված է իրականացնել»: Նախարարը հիշեցրեց, թե դարեր ի վեր ինչպես են մարդիկ վերաբերվել վարժապետներին. «Հայ հասարակության ամենակարեւոր օղակներից են եղել վարժապետները: Պարտավոր ենք այդ ամենը վերադարձնել հասարակությանը: Ուսուցչի դերի արժեւորման ճանապարհին ձեր օգնության կարիքն ունենք»:

Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ ուսուցիչը պետք է հանգիստ, հպարտ քայլի մեր պետությունում. «Եթե գյուղում, թաղում խնդիր լինի, ոչ թե գնան թաղային հեղինակության մոտ, այլ՝ ուսուցչի մոտ գնան: Ոչ թե տնօրենը, ուսուցիչը գնա ծառայի թաղային հեղինակությանը՝ առանց հասկանալու, թե ինչ վնաս է տալիս մեր երկրին»:

Այսպիսով, նախարարը հայտարարեց օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը, մարզերից առաջիկայում պետք է նույնպես ներկայացնեն իրենց դիտարկումները, առաջարկությունները եւ Ուսուցչի օրը՝ հոկտեմբերին այն կարողանան ներկայացնել հանրությանը:

Նախարարն առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ:

Լեւոն Մկրտչյանը, խոսելով ուսուցիչների կրթական որակի մասին, ասաց, որ երեք կարեւոր հիմք ունենք՝ պետությունը արդեն որոշակի գումար է դնում բյուջեում՝ ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ. «Վերապատրաստումների որակից դժգոհ ենք, գտնում ենք, որ այն շատ բյուրոկրատական է, շատ անձեւ է, չի համապատասխանում ժամանակակից պայմաններին եւ կարող ենք այդ ռեսուրսները ավելի լավ օգտագործել: Պետք է կարողանանք ամբողջությամբ բարեփոխել համակարգը: ԵՄ-ից մենք դրամաշնորհ ունենք, դրա շրջանակում արմատապես վերափոխելու ենք Կրթության ազգային ինստիտուտի համակարգը: Այն վերածվելու է հանրակրթության ազգային ինստիտուտի, որը դասագրքերի ստեղծմամբ է զբաղվելու, բարձրացնելու է դասագրքերի որակը, էլեկտրոնային գրականությունն է դրա մեջ մտնում, դպրոցական համակարգի էլեկտրոնացում, պլանշետներով համալրում, երկրորդը՝ չափորոշիչներ, կրթակարգեր, երրորդ հատվածը՝ ուսուցիչների վերապատրաստման նոր մեխանիզմների ներդրում: Վերապատրաստումով պետք է զբաղվեն այն կազմակերպությունները, որոնք դա ավելի որակով կարող են անել»: Թե ինչու նախկինում վերապատրաստումը չի տվել ցանկալի արդյունքներ՝ նախարարը սոցիալական կողմն ընդգծեց. «Եթե մենք ուսուցչին պետք է բերենք եւ տարրական օրապահիկ նույնիսկ չտանք վերապատրաստման ընթացքում, որակի մասին ավելորդ է խոսել: Մանկավարժական կրթության մեջ ուսուցչի մասնագիտությունը պետք է ավելի մոտիվացված դարձնել»:

Հետո Լեւոն Մկրտչյանը հայտարարեց. «Որակյալ ուսուցչին պետք է տանք ազատություն: Այսօր դպրոցը կարողանում է շուրջ 30 տոկոս իր ընտրությունը կատարել, բայց այդ ընտրությունը չի հասնում ուսուցչին: Ուսուցիչը իրավազրկված է հասարակության մեջ, նաեւ վատ վիճակում է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրի իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինի իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե մեկ գորշ ամբողջություն, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»:

Ըստ նախարարի, ուսուցիչը պետք է աշխատի կոմֆորտ միջավայրում, կրթական հաստատությունները պետք է լինեն ազատ մտածողությամբ:

«Չի կարող մի ուսուցիչ լրիվ դրույքով մի տեղ աշխատի նույն մասնագիտությամբ, ստանա մի աշխատավարձ, մի ուրիշ տեղ աշխատի նույն մասնագիտությամբ, նույն ծանրաբեռնվածությամբ եւ ստանա այլ աշխատավարձ՝ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտները շատ են, մի տեղ՝ քիչ»,- ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ արդարություն են մտցնելու համակարգում. «Մենք կարիք ունենք արմատապես փոխել նաեւ մեր ֆինանսավորման բանաձեւը: Կունենանք բազային ֆինանսավորում, որով կգնահատենք կոնկրետ մեկ դրույքի բազային արժեքը եւ անկախ նրանից՝ դա քանի աշակերտի է մատուցվում, ուսուցիչը, որը այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, պետք է ստանա նույն աշխատավարձը»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ֆինանսավորումը փոխվելու է նաեւ՝ կախված դպրոցի տեղից՝ սահմանամերձ շրջանում է, Երեւանում է, թե որ հատվածում եւ ինչ կարգավիճակում է:

Նախարարն անդրադարձավ նաեւ ուսուցչի սոցիալական խնդիրներին: Պետք է խրախուսեն երիտասարդ ուսուցիչներին, տարեցներին. «Կարող է տարեց մեկը կա, որ գնում է թոշակի, կենսունակության մեջ է, եթե իրեն առաջարկենք շրջան գնա, հաճույքով պետք է գնա եւ աշխատի: Պետք է ճկուն մեխանիզմներ անենք՝ ուսուցիչների տների վերականգնում, հողհատկացումներ անենք, սոցիալական որոշակի փաթեթ, որը կօգնի, որ ուսուցչի մասնագիտությունը դառնա հրապուրիչ: Նրանց պետք է տալ արտոնություններ՝ հետագայում իր ճանապարհը շարունակելու: Եթե նույնիսկ ինքը որոշ փուլով աշխատում է, ինքը պիտի իմանա, որ այսքան տարի աշխատեց՝ կկարողանա իր ոլորտը փոխել: Ուսուցչի սոցիալական փաթեթը պետք է մշակվի»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ պետք է կարողանան այնպես անել, որ համակարգում մնան միայն իրենց առաքելության կարեւորությունը գիտակցող մարդիկ, որ հասարակությունն էլ ուզենա բյուջետային միջոցներ տրամադրել, նաեւ սեփական միջոցները ներդնել՝ կրթական համակարգը կայացնելու համար. «Տեսեք, դրամահավաքը՝ մի տեղ 2-3 հազար դրամ կարող է հավաքվի՝ աղմուկ բարձրանա, թեժ գիծ եւ այլն, մի ուրիշ տեղ նույն դրամահավաքը կատարվում է, ծնողները շատ գոհ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է իրենց գումարը հասնում նպատակին: Հասարակությունը ոչ թե չի ուզում լրացուցիչ ծախս անել, այլ չի ուզում անիմաստ տեղը ուրիշի գրպանը լցնել»:

Նախարարը նշեց, որ դպրոցների խորհուրդների դերակատարությունը պետք է մեծացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Տպել Տպել