Ավարտել է Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի Հայ Դատի պաշտպանության շաբաթը

Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 15-ին ավարտել է Հայ Դատի Պաշտպանության նվիրված շաբաթը՝ Ամենամյա ընդունելության ընթացքում հավաքելով ընդհանուր առմամբ 75 հազար դոլար գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից, շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, իսկ ամենամյա ընդունելության ընթացքում պատվել են թուրք պրոֆեսոր, Հայոց Ցեղասպանության մասին աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամին: Այսպիսով այս իրադարձություններով Հայ դատի հանձնախումբը եւս մեկ կարեւոր առաջընթաց է գրանցել Ավստրալիայում: Հոկտեմբերի 29-30-ին Աքչամը միացել է հանձնախմբի պատվիրակությանը Կանբերայում մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով: Հանդիպումները հիմնականում տեղի են ունեցել խորհրդարանում, որտեղ օրենսդիրները եւ գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են Օսմանյան արխիվների վերաբերյալ Աքչամի վերջին հետազոտություններին, որը նոր մանրամասներ է ի հայտ բերում Հայոց ցեղասպանության մանրամասն պլանավորման մասին: Պատվիրակության այցելությունը Կանբերա բարձրացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը, որի արդյունքում խորհրդարանի անդամներ Մայքլ Դենբին եւ Ուորեն Էնսչը հանդես են եկել հայտարարություններով՝ հօգուտ հարցի:

Միջոցառումներ տեղի են ունեցել նաեւ Սիդնեյի հեղինակավոր ինստիտուտում, Սիդնեյի համալսարանում, Դեակինի համալսարանում, Մելբուռնի հրեաների Հոլոքոստի կենտրոնում, եւ այս ամենը` մարդկանց հոծ բազմության մասնակցությամբ: Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հարցազրույցներ է ապահովել Աքչամի հետ ABC Radio-ի ուղիղ եթերով: Հայկական հարցերին նվիրված շաբաթը եզրափակող իրադարձությունը հանձնախմբի Ամենամյա ընդունելությունն է եղել՝ գրեթե 250 հյուրերով: Ընդունելության ընթացքում գրեթե 75 հազար դոլար գումար է հավաքվել՝ ֆինանսավորելու համայնքի հանրային հարցերի հանձնաժողովի 2013 թ-ի գործունեությունը:

Թաներ Աքչամն իր հերթին հանդես է եկել ելույթով եւ հանձնախմբի կողմից հոնորար է ստացել՝ շարունակելու կենսական նշանակություն ունեցող իր հետազոտությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ավստրալահայ համայնքի «Տարվա ընկեր» մրցանակը շնորհել է Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի անդամ Ուոլտ Սեկորդին՝ նրա շարունական ջանքերի համար, ով մշտապես բարձրացրել է ավստրալահայ համայնքին վերաբերղ կարեւոր հարցեր եւ խնդիրներ: Նա ավստրալացի առաջին օրենսդիրն է, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղը հանձնախմբի կազմակերպած Ամենամյա ընդունելության առանցքային թեման է եղել: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը եւ հայ համայնքն իրենց հարգանքի խոսքն են ուղղել Նոր հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիկարային եւ նրա գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել