Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար դեռ բավական ճանապարհ կա անցնելու

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումից անմիջապես հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ այս տարի Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը: Խոսակցություններից երկար ժամանակ չանցած` այս օրերին Հայաստանում են Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն և նրա գլխավորած պատվիրակությունը՝ Ուրուգվայի խորհրդարանի բոլոր խմբակցություններիներկայացուցիչները, Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Ուրուգվայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները: Նրանք հանդիպումներ են ունեցել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում՝ խոսելով Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման մասին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատվիրակության անդամ, Ուրուգվայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանն ասաց, որ Ղարաբաղում բոլոր հանդիպումները շատ հաջող են անցել, բարձր կարգի ընդունելություն է ցուցաբերվել Ուրուգվայից Հայաստան ժամանած պատվիրակությանը, իսկ հանդիպումներից իրենց մեծ գոհունակություննեն հայտնել Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխե Օռիկոն և նրա հետ ժամանած պատգամավորները:

Ըստ Ա. Հոչաչանյանի՝ այցը կրում էր ճանաչողական բնույթ, այսինքն՝ այն Հայաստանի, ԼՂ-ի մասին տեղեկություններ քաղելու նպատակ էրհետապնդում: «Պատվիրակները եկան, որպեսզի վերադառնալուն պես իրենց տեսակետները հայտնեն, և շարունակվի այն գործունեությունը, որը Հայ դատի գրասենյակը սկսել է Ուրուգվայի կառավարությունում և խորհրդարանում: Երբ Օռիկոն ստանձնեց խորհրդարանի նախագահի պաշտոնը, հաջորդ օրվանից սկսեցինք իր հետ աշխատել Ուրուգվայի կողմից Ղարաբաղի ճանաչման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով: Ծրագիր մշակվեց Հայաստան գալու, իսկ այսօր արդեն կապեր հաստատվեցին ՀՀ կառավարության հետ, և ծրագիրն ամբողջացվեց նաև դեսպան Վահագն Մելիքյանի հետհամատեղ գործունեության արդյունքում»,- մանրամասնեց Ուրուգվայում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայ դատի գրասենյակն Ուրուգվայում շատ ավելի վաղ էր սկսել աշխատել Ուրուգվայի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում:

Նա պարզաբանեց, որ ժամանակին Ուրուգվայում Հայ դատի հանձնախումբը սկսել էր մշակված ծրագրի վրա աշխատել, որը բավականին գոհացնող է: Նա միաժամանակ հստակեցրեց, որ նպատակն իրականացնելու համար դեռ կես ճանապարհ կա անցնելու, բայց հուսով են՝ որոշ ժամանակ անց կկարողանան հաջողությամբ պսակել սկսած գործը:

Արփի Հոչաչանյանի խոսքով` հույս է տալիս այն, որ աշխատում են Ուրուգվայիկառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ, որոնց տրամադրվածությունը այս գործընթացի հանդեպ դրական էևՀայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին հույս է տալիս` մտածելու, որ գործընթացը հաջողությամբ կպսակվի:

Հարցին, թե ինչի՞ց է կախված այս գործընթացի հաջողությունը՝ նա պատասխանեց. «Ուրուգվայի խորհրդարանը չորս կուսակցություններից է կազմված, որոնք բոլորը պետք էհամապատասխան իրենց կարծիքը հայտնեն` հաջողության հասնելու համար: Այդ գործընթացը դեռ ավարտված չէ, այն ընթացքի մեջ է: Ուրուգվայի կողմից Ղարաբաղի անկախությունը կճանաչվի, երբ Ուրուգվայի կառավարության անդամները, խորհրդարանականներն իրենք համոզված լինեն, որ Ղարաբաղը պետք է ընդունեն իբրև ազատ, անկախ պետություն»:

Ուստի դա իրագործելու համար Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները, վերադառնալով Ուրուգվայ, անմիջապես պետք է հանդիպումներ ունենան պատվիրակության անդամների և այլ խորհրդարանականների հետ հարցի վերաբերյալ նրանց կեցվածքը ըմբռնելու ու նրանց ճիշտ ուղղորդելու նպատակով: Ըստ Ա. Հոչաչանյանի՝ պետք է պատասխանատու անձանց դիրքորոշումներն ուղղորդեն ի նպաստ հայերի:

Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարարության կողմից Ուրուգվային ուղղված բողոքի նոտան կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ Ուրուգվայի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի վրա՝ Ա. Հոչաչանյանը պատասխանեց, որ դա առաջին բողոքի նոտան չէր: «Ուստի գիտեինք, որ այս անգամ ևս Ադրբեջանը պետք է հայտարարություն տարածի և այդպես էլ արեց: Եթե նախորդ տեքստերը համեմատենք, կհասկանանք, որ նույնն են: Մենք վարժվել ենք դրան»,- եզրափակեց իր խոսքը Ուրուգվայում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ բողոքի նոտա էր հղել Ուրուգվային՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով այդ երկրի իշխանություններից Ստեփանակերտում ուրուգվայցի պատգամավորների արած վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն` հարավամերիկյան այդ երկիրը կարող է առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել