Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ կարևորել է ուսուցչի դերը

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երևում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով բարեփոխումների իրականացման կառուցվածքը՝ նախարարն այդ գործում առանձնահատուկ կարևորել է ուսուցչի դերը` շեշտելով. «Ներկայացնելով «Ուսուցիչ» նախաձեռնությունը` քարոզչության ցանկություն չունենք, այլ պարզապես ուզում ենք դիմել կրթության ոլորտի կարևորագույն հատվածին` ուսուցչությանը, ովքեր անկախության առաջին իսկ օրվանից առանց պատշաճ վարձատրության, առաքելության գիտակցումով կատարում են իրենց պարտականությունը: Ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը` կոչ անելով ուսուցչությանը` բովանդակային քննարկումների ժամանակ ակտիվություն ցուցաբերել, խոսքից անցնել գործի և գործնական ծրագիր ներկայացնել: Անդրադառնալով ուսուցիչների տարակարգերի, դպրոցների ընտրության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է. «Անշուշտ, ուսուցիչ ասելով` ես, իհարկե, նաև տնօրենին նկատի ունեմ: Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն: Մենք պետք է կարողանանք դպրոցական համակարգը դարձնել բոլորի հոգածության առարկան, իսկ դա պետք է սկսել ուսուցչից»:

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը եղել է նաև Գորիսի պետական համալսարանում, ծանոթացել իրականացվող կրթական ծրագրերին և բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: Նախարարը հանդիպում է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, պատասխանել նրանց հուզող բալոր հարցերին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տպել Տպել