Չունենք աշխատանքից ազատված` մեծ թվով ուսուցիչներ

Այս տարի 13 դպրոց կվերակազմակերպվի. այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ վերակազմակերպվում են այն դպրոցները, որոնց կողքին կան այլ դպրոցներ: Որպես օրինակ` նախարարը նշեց Կոնդի` կողք կողքի գտնվող երկու դպրոցները, որոնք միավորվել են:

Ինչ վերաբերում է դպրոցների վերակազմակերպման պատճառներին, ապա, ըստ ԿԳ նախարարի, առաջին խնդիրն աշակերտների թվի նվազումն է, ինչը որոշակիորեն կախված է նաև արտագաղթից:

ԿԳ նախարարն անդրադարձավ նաև հարցին, որ դպրոցների օպտիմալացման հետ կապված հիմնական խնդիրը փակվող դպրոցների ուսուցիչների մտահոգությունն է, որ առանց աշխատանքի կմնան: Մկրտչյանը նշեց, որ մի քանի տասնյակ մանկավարժների մասին է խոսքը, որոնց փորձում են աշխատանքի տեղավորել: «Խնդիր ունենք ադմինիստրատիվ աշխատակիցների դեպքում, իսկ մանկավարժների հարցով փորձում ենք խնդիրը լուծել: Մեծ առումով` չունենք աշխատանքից ազատված` մեծ թվով ուսուցիչներ»,-ասաց նախարարը:

Մեկ այլ հարցի, որ պետական դպրոցներում կա խնդիր` երկրորդ հերթ են մտցնում` պատճառաբանելով, թե տարածքի խնդիր ունեն, այն դեպքում, երբ որոշ դպրոցներ իրենց տարածքը վարձով են տալիս, ուստի ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ, Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք այժմ մոնիթորինգ են իրականացնում: «Պետք է նաև ծնողի ընտրության հարցը թողնենք, և եթե ծնողն ուզում է, որ հենց այդ դպրոցում սովորի իր երեխան, պետք է մասնաշենքերն ուժեղացնել: Դա մեր լուծումներից մեկը կլինի: Երևանում 30 տոկոսից ավելի դպրոցներ գերբեռնված կամ թերբեռնված են, դրա համար էլ գնում ենք վերակազմակերպման: Բացի այդ` պետք է այնպես անենք, որ կրթական հաստատության շենքերը ծառայեն կրթության կարիքներին, իսկ եթե ազատված շենքի վիճակն անմխիթար կլինի, այն կփոխանցենք պետգույքին»,- ասաց նախարարը:

Կրթության ոլորտն այսօր ունի որակի բարձրացման և նյութատեխնիկական բազայի վերականգնման խնդիր. լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` ներկայացնելով Երևանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցությունը:

Ըստ նախարարի` խորհրդակցությունների հիմնական թեման «Ուսուցիչ» ծրագիրն է, որի հիմքում երկու փոփոխություն է: «Ուզում ենք երկու կարևոր խնդիր լուծել` ուսուցչի որակական արդյունքի բարձրացում և ուսուցչի սոցիալական կացության կտրուկ բարելավում: Բացի այդ` տարեկարգերի ֆինանսավորման խնդիրը պետք է լուծել և տարեկարգից տարեկարգ անցման համար նախատեսված գումարի չափն ավելացնել: Պետք է նաև դպրոցների ֆինանսավորման ձևը փոխել, չի կարելի մեկ ընդհանուր բանաձևով Հայաստանի բոլոր դպրոցները ֆինանսավորել»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա նշեց նաև, որ կրթության ոլորտում սխալ քայլերի արդյունքը երևում է 5-7 տարի հետո, դրա համար էլ իրենք մտածում են այնպիսի քայլեր անել, որ տարիներ հետո չփոշմանեն:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսյան քննարկումներից հետո ամբողջ տարվա ընթացքում լինելու են քննարկումներ «Ուսուցիչ» ծրագրի և կրթության ոլորտում սպասվելիք փոփոխությունների առնչությամբ: «Մենք այժմ ամենադժվար շրջանին ենք մոտենում. ունենք լավ կրթական համակարգ, որը նաև դրսում է ճանաչելի, բայց մնացել է ամենակարևոր խնդիրը լուծել` որակի ապահովումը: Բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք կրթական համակարգ, որը կլինի մերը` հայկական, ընդունելով, սակայն, դրսի լավագույն փորձը»,- ասաց Մկրտչյանը:

Տպել Տպել