Մեր նպատակը մեկն է՝ Հայ դատը, Հայաստանի գոյատևումը, անվտանգությունը և կենսունակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ:

– Անցնենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Այովան դարձավ ԱՄՆ 47-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ նշանակություն ունի այս նահանգի կողմից բանաձևի ընդունումը:

– Այս տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Տեխասը և Այովան: Վերջին 15-20 նահանգները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, չունեն հայկական մեծ համայնքներ: Սրանք այն նահանգներն են, որտեղ շատ հայեր չկան: Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք այս նահանգների կառավարությունների հետ ոչ միայն որպես ընտրողներ, այլև որպես մարդիկ, ովքեր դավանում են ընդհանուր արժեքներ: Օրինակ՝ Այովայում կան քրիստոնեական կազմակերպություններ, որոնք շատ օգնեցին մեզ, որովհետև նրանք տեսնում են ցեղասպանությունից տուժած քրիստոնյաների և ուզում են օգնել նրանց, նրանք պայքարում են մարդու իրավունքների խախտումների դեմ: Այս նահանգները ցույց են տալիս, որ մեր ուժը Ամերիկայում ոչ միայն քվեներն են, այլև արժեքները: Հիշո՞ւմ եք այն միջադեպը Վաշինգտոնում, երբ Էրդողանի թիկնապահները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա և ծեծի ենթարկեցին նրանց: Այդ ժամանակ մենք աշխատում էինք Տեխաս նահանգում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մեզ ասում էին, թե դժվար է լինելու հասնել ճանաչման այս նահանգում, քանի որ շատերը պաշտպանում են Թուրքիային, կարևորում են նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այլն: Մենք մտածում էինք, որ կհաղթենք, բայց միայն 60/40 տոկոս հարաբերակցությամբ, բայց Էրդողանի թիկնապահների հարձակումից հետո պատկերը փոխվեց՝ Տեխասի խորհրդարանականները 100 տոկոսով կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, որովհետև մարդիկ տեսան Թուրքիայի և Էրդողանի իրական դեմքը և ասացին՝ դա անընդունելի է Ամերիկայի համար, դա այն չէ, ինչին մենք հավատում ենք: Նույն պատկերը Այովայում էր: Այժմ մնացել է երեք նահանգ՝ Միսսիսիպին, Ալաբաման և Ինդիանան, և մենք կարծում ենք, որ նույնը տեղի կունենա նաև այս նահանգներում:

Մեր աշխատանքը Ամերիկայում նման է շախմատային խաղին, մենք փորձում ենք հասնել մեր նպատակին քայլ առ քայլ: Եթե փորձես հաղթել խաղն առաջին հինգ քայլից հետո, կարող ես պարտվել, ուստի փորձում ես հասնել հաղթանակին աստիճանաբար: Մեր գործունեության ոլորտներից մեկը նահանգներում ճանաչմանը աջակցելն է, և հիմա արդեն 47 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մյուսը մամուլն է՝ «Նյու Յորք Թայմզ», «Ասոշիեթիդ Պրես», «Վաշինգտոն Փոստ» և այլն: Այս բոլոր պարբերականները օգտագործում են Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը առանց չակերտների: Դրանից հետո գալիս են համալսարաններն ու պրոֆեսորները, քաղաքացիական հասարակությունը, էթնիկ խմբերը, կրոնական խմբերը, մարդու իրավունքների խմբերը: Այս ամենը շախմատի խաղ է, և մենք ի վերջո շախ և մատ ենք հայտարարելու թագավորին: Դա ընդամենը ժամանակի հարց է:

– Այսպիսով, ո՞րն է Հայ դատի հանձնախմբի գլխավոր առաջնահերթությունը այսօր, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հա՞րցը:

– Մենք մեկ առաջնահերթություն ունենք և դա Հայ դատն է, հայ ժողովրդի Հայրենիքի ապագան, դա է մեր «հյուսիսային աստղը», և ամենը, ինչ անում ենք, ուղղված է այդ նպատակին, որը հայ ազգի գոյատևումն է, անվտանգությունը և կենսունակությունը: Նկատի ունեմ հայ ժողովրդին լայն իմաստով՝ Հայրենիքը և Սփյուռքը: Սա է մեր նպատակը: Եթե ուզում ենք կանխել Թուրքիայի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Հայաստանի շրջափակումը, աջակցությունը Ադրբեջանին, ապա դրա լավագույն ձևը Թուրքիային միջազգայնորեն դատապարտելն է ցեղասպանության հանցագործության համար, դրան միջազգային ձևակերպում տալը: Սա շատ կարևոր դաշտ է, բայց ցեղասպանության հարցն անցյալի մասին չէ: Եթե Հայոց ցեղասպանության խնդիրը երեկվա մասին լիներ, ապա կլիներ միայն արժեքների խնդիր, որն արտահայտվում է զոհերի հիշատակը ոգեկոչելով և մոմ վառելով: Իրականում ցեղասպանության դատապարտման խնդիրը անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Կարո՞ղ է Հայաստանը անվտանգ լինել այսօր, երբ իր հարևանը ժխտում է ցեղասպանության փաստը: Մենք ասում ենք՝ ոչ:

Նմանապես մեզ համար կարևոր է Արցախի խնդիրը: Արցախի խնդիրը միայն տարածքային վեճ չէ կամ պայքար տարածքային ամբողջականության և ինքնորոշման միջև, այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության և ապագայի տեսանկյունից: Նույնը կարելի է ասել նաև մեր տնտեսական օրակարգի մասին: Երկու տարի առաջ մենք ստորագրեցինք առևտրի համաձայնագիր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: Այս տարի փորձում ենք հասնել կրկնակի հարկման բացառման համաձայնագրի ստորագրմանը: Բոլոր այս հարցերը ծառայում են մեկ նպատակի՝ Հայաստանի գոյատևմանն ու անվտանգությանը:

– Ինչպե՞ս կարելի է խորացնել Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները, դրանք բարձրացնել նոր մակարդակի կամ ինչպես ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնն է վերջերս ասել՝ «օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

– Մենք կառուցում ենք հայ-ամերիկյան հարաբերությունները 2015 թ. ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) հիման վրա երեք քայլերով: Առաջին քայլը պետք է լինի կրկնակի հարկման բացառման համաձայնագիրը ստորագրելը: Այն խիստ անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք հրավիրել ամերիկացի ներդրողներին Հայաստան և ցույց տալ, որ նրանք կրկնակի չեն հարկվելու: Երկրորդ խնդիրը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ չվերթներ կազմակերպելն է: Խոսքը պարզապես կոմերցիոն թռիչքների, ուղևորների մասին չէ: Մեր նպատակն է բեռնատար ինքնաթիռների թռիչքներ, այսինքն՝ ապրանքի արտահանում կազմակերպել Երևանի և Լոս Անջելեսի միջև: Երրորդ կարևոր նպատակը նոր համաձայնագիրն է «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ: Նախորդ անգամ ծրագրի ֆինանսավորումը վերաբերում էր հիմնականում ոռոգմանը և ճանապարհների կառուցմանը Հայաստանում: Բայց այս անգամ ուզում ենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվի STEM (գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ և մաթեմատիկա) կրթական ծրագիրը: Այդ ծրագիրն արդեն իրականացվել է Վրաստանում, ուստի կուզենայինք, որ Հայաստանը ևս մասնակցեր այդ ծրագրին:

– Վերջին հարցը նախագահ Թրամփի վարչակազմի և իր քաղաքականության մասին է: Պե՞տք է սպասենք ակտիվ քաղաքականություն Թրամփի կողմից մեր տարածաշրջանի ուղղությամբ:

– Շատ դժվար է հասկանալ վարչակազմի քաղաքականությունը, քանի որ նրանք, իմ կարծիքով, դեռևս խնդիր ունեն հասցնելու իրենց ձայնը աշխարհի այս հատվածին: Մի կողմից, Թրամփը չափից ավելի գործնական, բիզնես մոտեցում է ցուցաբերում արտաքին քաղաքականության ոլորտում, ինչը խիստ է տարբերվում Ամերիկայի ավանդական արտաքին քաղաքականությունից: Ամերիկան ընդհանրապես ավելի գլոբալ մոտեցում է ցուցաբերում արտաքին քաղաքականությանը՝ ձգտելով համաշխարհային առաջնորդության, իսկ Թրամփը գործարարի, առևտրականի պես է նայում այս հարցերին, ինչը կարող է լուրջ մարտահրավերներ առաջացնել մեզ համար, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան առևտուր անելու շատ բան ունեն: Սա մոտեցումներից մեկն է:

Մյուսը «Առաջինը Ամերիկան» մոտեցումն է: Կարծես, Թրամփն ավելի շատ է հակված մերժելու արտաքին ճնշումը, քան նախորդ նախագահները: Ասենք, Բուշը, Քլինթոնը կամ Օբաման հաշվի էին առնում Թուրքիայի կարծիքը կամ տեղի էին տալիս Թուրքիայի ճնշմանը: Թրամփի պարագայում փոքր-ինչ այլ վիճակ է: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է, որ ինչ-որ պահի Էրդողանը կարող է անցնել «կարմիր գծեր» Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում, և Էրդողանի ագրեսիվ վարքագիծը կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Երրորդ հանգամանքն այն է, որ Թրամփի շատ աջակիցներ մեծ ուշադրություն են հատկացնում կրոնական հարցերին, կրոնական ազատությանը և քրիստոնյաների պաշտպանությանը աշխարհում, հետևաբար Թրամփի վարչակազմը կարող է նայել մեզ առնչվող մի շարք խնդիրների հենց այս տեսանկյունից, և սա շատ հետաքրքիր է: Խոսքն, օրինակ, Ջուղայի խնդրի, Թուրքիայում հայկական եկեղեցիների կամ Ստամբուլում հայերի կրոնական ազատության խնդրի մասին է: Սրանք խնդիրներ են, որոնց Թրամփի թիմակիցները կարող են այլ կերպ նայել, քան Օբամայի կամ Բուշի թիմակիցները: Մենք փորձում ենք աշխատել բոլոր այս խնդիրների ուղղությամբ, բայց ինքը՝ Թրամփի վարչակազմը դեռևս հստակեցնում է իր մոտեցումը մեր խնդիրներին:

– Հայկական լոբբինգը բավարար ուժ ունի՞ ազդելու վարչակազմի քաղաքականության վրա:

– Սա մարտահրավեր է: Թրամփը՝ որպես թեկնածու և նախագահ, քաղաքական կուսակցական համակարգի ծնունդ չէ: Օբաման, Բուշը, Քլինթոնը, Ռեյգանը թրծվել են քաղաքական դաշտում, անցել են երկար ճանապարհ՝ բարձրանալով կուսակցական, նահանգային համակարգերի աստիճաններով, լինելով կոալիցիաների մեջ, դառնալով կուսակցական ղեկավարներ, և վերջում բարձրացել են այս համակարգի գագաթը: Եվ քանի որ մենք շատ լավ ինտեգրված ենք այս համակարգերին՝ հնարավորություն ենք ունեցել գործակցելու այս գործիչների հետ նրանց վերելքի ճանապարհին, այնպես որ, երբ Ռեյգանը դարձավ նախագահ, նա շատ լավ գիտեր հայերին: Նույնը կարելի է ասել Բուշի, Քլինթոնի, Օբամայի մասին: Նրանք գիտեին հայերին նահանգներից, կուսակցություններից, կոալիցիաներից, էթնիկ համայնքներից, և մենք շփման փորձ և կապեր ունեինք նրանց հետ: Թրամփի ընտրությունն ավելի շատ նման է Շվարցենեգերի ընտրությանը Կալիֆոռնիայում. նա համակարգ եկավ ոչ թե ներքևից, այլ վերևից՝ միանգամից զբաղեցնելով ամենաբարձր պաշտոնը, ինչը նշանակում է, որ մենք ավելի քիչ հնարավորություններ ունեինք փոխազդելու և հարաբերություններ հաստատելու նրա հետ: Սա է իրողությունը: Բայց սա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք, և մենք պետք է աշխատենք այդ հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

1in.am

Տպել Տպել