ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

Այսօր, նոյեմբերի 17-ին, «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Հանդիպման թեման եղել է ՀՅԴ 7 կետանոց առաջարկությունները:

Խոսելով ծրագրված հանդիպումների մասին` Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարեւորում են այս հանդիպումների հրապարակայնությունը, ուստի հանդիպման մանրամասներն ինպես այս, այնպես էլ հաջորդ հանդիպումների դեպքում` ներկայացվելու են հանրությանը:

«ՕԵԿ ներկայացուցիչները գիտակցում, ընկալում եւ հաստատում են, որ սա ՀՅԴ-ի ինքնուրույն առաջարկած օրակարգն է եւ չեն շփոթում այլ առաջարկությունների հետ: Մենք գնահատում ենք, որ այս կարգի կոնսուլտացիաների վերաբերյալ ի վերջո ՕԵԿ պաշտոնական տեսակետը հայտնում է կուսակցության քաղաքական խորհուրդը»,-ընդգծել է նա:

ՀՅԴ-ական գործիչը նկատել է, որ ՕԵԿ դիրքորոշումը ՀՅԴ օրակարգի երկու հարցի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ գիտեին, ուստի առավել մանրամասն քննարկել են ՀՅԴ առաջարկած մյուս կետերը:

«Ներկայացրել ենք յուրաքանչյուր կետի, սկզբունքի, դրույթի բացվածքը, այդ կետերի մեր պարզաբանումը, որպեսզի առավել ամբողջական պատկերացում կազմեն: Իհարկե, այս քննարկումը նախնական էր, բայց առաջին տպավորությամբ, որոշ կետերի վերաբերյալ կար մոտեցումների գրեթե նույնություն, այլ կետերի դեպքում` ընդհանրություններ»,-նշել է Ա. Վարդանյանը:

ՀՅԴ-ն այս կոնսուլտացիաներից հետո կազմակերպելու է լայն քննարկումներ` հասարակության ակտիվ հատվածի, փորձագետների, կուսակցությունների, ակտիվ հ/կ-ների, ԶԼՄ-ների մասնակցությամբ, ինչին, ի դեպ, իր մասնակցության պատրաստակամությունն է հայտնել նաեւ ՕԵԿ-ը:

Աղվան Վարդանյանը վստահեցրել է, որ հավասար են նայում քաղաքական դաշտի բոլոր ուժերին, անկախ նրանց զբաղեցրած դիրքից:

«Մենք չենք անձնավորում, գնահատականներ չենք տալիս, փորձում ենք բոլորին հավասար կերպ ներկայացնել մեր օրակարգը, մնացածը` յուրաքանչյուր կուսակցության որոշելիքն է»,-հայտարարել է ՀՅԴ-ական գործիչը:

Նշենք, որ երկուշաբթի կայանալու է ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը: Հանդիպման առաջարակ է արվել նաեւ ՀՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ «Ազատ դեմոկրատներին»:

Տպել Տպել