Սփյուռքահայությանը երաշխիքներ են պետք

ՀՀ իրավական համակարգը պետք է հնարավորություն և վստահություն ներշնչի ինչպես օտարերկրացիներին, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներին` Հայաստանի բիզնես-ոլորտում ներդրումներ անելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան գործարար կապերի հնարավորություններին, որոնց օրեր առաջ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքն այն մասին, որ ֆրանսիական ընկերություններին պետք է քաջալերել ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար: Անշուշտ, ֆրանսահայերը կարող են ներդրումներ իրականացնել, բայց դա անելիս իրավական համակարգը պետք է քաջալերի իրենց, նրանք պետք է հանգիստ լինեն, որ Հայաստանում կարող են բիզնես կազմակերպել և հանգիստ ձևով դա իրականացնել՝ պաշտպանված իրավական առումով` ասել է Մ. Փափազյանը:

Ֆրանսահայի համոզմամբ՝ այսօր շատ քիչ է այդ վստահությունը, որ Հայաստանում կարելի է ներդրումներ իրականացնել ապահով կերպով: «Պատճառը պատմական է: Տարիներ շարունակ պատգամ փոխանցվեց արտասահմանին և Սփյուռքի հայերին՝ «Հայաստանը ձեր երկիրը չէ», «Դուք օտարերկրացի եք», «Սա մեր երկիրն է»:

Կային նախագահներ կամ ավելի ճիշտ` նախագահ, որ այդ պատգամը փոխանցեց ու շեշտեց, որ մենք օտարերկրացի ենք: Սա շատ լուրջ պատգամ էր, որի զգացողությունը դեռ կա սփյուռքահայերի և ֆրանսահայերի մեջ»,- նկատել է տվել Մուրադ Փափազյանը:

Հարցին, թե ՀՀ ո՞ր նախագահին նկատի ունի` Մ. Փափազյանը պատասխանել է` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով սփյուռքահայերի շրջանում սերմանեց օտարի զգացողություն:

Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահը նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները պետք է հետայսու հակառակ պատգամը փոխանցեն: «Անշուշտ, այսօրվա իշխանությունների պատգամը նույնը չէ, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի պատգամն էր, բայց միևնույն է` գործող իշխանությունը բավական հզոր ձևով չփոխանցեց այդ մեսիջը սփյուռքահայությանը»:

ՙԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ՚

Տպել Տպել