Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի նամակը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ջեյմս Մըքգավերը մասնակցել է սիրիահայերի եւ Սիրիայում ապրող մյուս քրիստոնյաններին զորակցություն հայտնող նամակարշավին։ Նման նախաձեռնությամբ օրերս հանդես էր եկել Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը:

Կոնգրեսականը նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ հորդորելով երաշխավորել, որ Միացյալ Նահանգները աչալուրջ հետեւողականությամբ պահանջի Սիրիայի հակամարտ կողմերին «պաշտպանել խաչաձեւ կրակի տակ հայտնված քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի եւ այլ փոքրամասնությունների անվտանգությունը»:

«Ես գրում եմ արտահայտելու իմ խորը մտահոգությունը Սիրիայի հումանիտար ճգնաժամի, մասնավորապես, Հալեպի շրջանում հայերի եւ մյուս փոքրամասնությունների իրավիճակի կապակցությամբ: Օր-օրի վատթարացող իրավիճակում ԱՄՆ-ի համար շատ ավելի կարեւոր ու հրատապ է, քան երբեւէ համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, առաջնորդ լինել՝ ապահովելու համար Սիրիայի քրիստոնյաների ու մյուս փոքրամասնությունների անվտանգությունը»,- գրել է կոնգրեսականը:

Նոյեմբերի 16-ին ուղարկած իր նամակում Մըքգավերը պետքարտուղարի ուշադրությունն է հրավիրել, որ Սիրիայի հայկական համայնքը, մասնավորպես, Հալեպում բնակվող հայերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու Սիրիական անապատի մահաբեր ճանապարհը անցածների սերունդներ են:

«Այս հայերը քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ այսօր դառնում են ռմբահարումների, դիպուկահարների հարձակումների, մարդասպանների, առեւանգիչների, սրբավայրերը պղծողների եւ ավերողների զոհերը», – շեշտել է կոնգրեսականը՝ նշելով, որ միայն վերջերս Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Նահատակաց եկեղեցին, որը ուխտատեղի է համայն աշխարհի հայերի համար, լրջորեն վնասվել է անհայտ զինյալների հարձակման հետեւանքով:

Աջակցություն հայտնելով ԱՄՆ-ի հումանիտար օգնության ծրագրերին՝ ուղղված Սիրիայի հակամարտությունից տուժածներին, կոնգրեսականը պետքարտուղարին հորդորել է երաշխավորել, որ ԱՄՆ-ի օգնությունը, ներառյալ վերջերս ավելացված 30 միլիոն դոլարը, ուղարկվի Սիրիայում վտանգի տակ գտնող բնակչությանը՝ այդ թվում՝ Հալեպի հայ համայնքին ու մյուս փոքրամասնություններին:

Կոգրեսականը Պետդեպարտամենտին եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը կոչ է արել հնարավորինս աջակցել ամերիկահայերի, այլ երկրների հայկական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության հումանիտար ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու, օգնելու Սիրիայի հայ համայնքին եւ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին:

Կոնգրեսական Մըքգավերը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահն է: Նա ընտրվել է Մասաչուսեսթ նահանգից, Դեմոկրատական կուսակցության անդամ է:

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի նամակը:

«Մենք շատ բարձր ենք գնահատում կոնգրեսական Մըքաովերն նախաձեռնությունը եւ կառուցողական համագործակցությունը Պետդեպարտամենտի հետ, որի նպատակն է ապահովել, որ ամերիկյան օգնությունը հասնի Սիրիայի կարիքավորներին, ներառյալ՝ հայերին եւ այլ քրիստոնյաներին, Հալեպում տեղի ունեցող բռնություններից տուժածներին», – ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ նշելով, որ Հայ դատի հանձնախումբը կիսում է կոնգրեսականի մտահոգությունները եւ միանալով նրան՝ վարչակազմին կոչ է անում դիվանագիտական ջանքերով համոզել Սիրիայի հակամարտ կողմերին, որ նրանք պաշտպանեն ազգային փոքրամասնությունների ու ռիսկի տակ հայտնված բնակիչների անվտանգությունը:

Տպել Տպել