Գյումրին ՀՀ-ի եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտը պահպանել է, բայց տուրիստական երթուղիներից դուրս է մնացել

Մեր ամենամեծ ցավն է, որ հիմնական տուրիստական երթուղիներից Շիրակի մարզը դուրս է մնացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ համաձայնվելով, որ չնայած նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալուն՝ զբոսաշրջիկները Գյումրի քիչ են այցելում:

«Խնդիրն այն է, որ տուրիստական պրոդուկտի մշակման խնդիր ունենք և այդ պրոդուկտը ճիշտ փաթեթավորելու և տուրօպերատորներին ներկայացնելու: Մենք, իհարկե, ունենք տուրիզմի լայն հնարավորություն ամբողջ սպեկտրով՝ թե՛ քաղաքային տուրիզմով, որովհետև Գյումրին Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտն ու մշակույթը պահպանել է, և վստահ եմ, որ Կումայրի ծրագրի շրջանակներում իրակացվող վերանորոգումը պատմամշակութային շինությունների՝ հնարավորություն կտա մեծացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ և քաղաք»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով՝ նաև ավանդական պատմամշակութային տուրիզմի հնարավորություններ ունեն: «Մարմաշենի վանքը, Առիճի վանքը, Երերույքի տաճարը, որն ունիկալ է իր կառուցվածքով, և, իհարկե, արկածային զբոսաշրջությունը, նույն Արփի լիճը ունիկալ հնարավորություն է ընձեռնում արկածային և բնապահպանական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Նաև գյուղատնտեսական տուրիզմը, ունենք գյուղեր, որտեղ գյուղական կենցաղը պահպանված է և գիտեք, որ աշխարհում շատ պոպուլյար է, և մարդիկ գալիս են, ուզում են վեր կենան, կով, կթեն, խոտ հնձեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արձանագրում են, որ ունեն, իսկ ի՞նչ են անում դրանք կյանքի կոչելու համար, մարզպետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մշակում ենք տուրիզմի զարգացման հայեցակարգը, տուրիստներին, որ Երևանից հասնեն Գյումրի, Գյումրիում գոնե մեկ գիշեր մնան, հանդիպումներ ենք ունենում հյուրանոցային ինդուստրիայի ներկայացուցիչների, տուրիստական կազմակերպությունների հետ: Մի օրում, իհարկե, հնարավոր չի լինի այդ ամենը լուծել, բայց գլխավորը մենք մեր ուղղությունն արդեն կանխորոշել ենք ու գիտենք՝ որ ուղղությամբ ենք գնալու»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ թեև դեռևս կարճ ժամանակ է, որ պաշտոնավորում է, բայց արդեն հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին: «Կարողացել ենք ըստ բնագավառների մշակել զարգացման ուղղությունները, որը կարծում ենք, էական կբարելավի մեր մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ թե՛ գյուղատնտեսության բնագավառում, թե՛ ձեռնարկատիրական բնագավառում, թե՛ քաղաքաշինական բնագավառում, և ամենակարևորը նաև տուրիզմի ու բնապահպանական բնագավառում»,-ասաց ա:

Ի դեպ, մարզպետը նշեց, որ հայեցակարգ են մշակում նաև տեքստիլ ուղղությամբ արդյունաբերական գոտի ստեղծելու ուղղությամբ: «Մտադիր ենք տեքստիլ ձեռնարկություններին բերենք և նրանց որոշակի արտոնություն տանք, որ կազմակերպությունները աշխատեն: Հույս ունենք, որ մյուս տարվա այս օրվա դրությամբ կասենք, որ տեքստիլը որակական մեծ զարգացումներ է ապրել»,-ասաց նա:

tert.am

Տպել Տպել