ՀՀ պետական լեզուն հայրենն է ու կմնա հայերենը

ՀՀ պետական լեզուն հայրենն է ու կմնա հայերենը, մնացյալ բոլոր լեզուները օտար լեզուներ են, լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Դիտարկմանը, թե արդյոք վարչապետը հանձնարարական չի տվել ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ, նախարարը նշեց.

«Վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ։ Վարչապետի հանձարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզուների ուսուցման համակարգում», – ասաց նախարարը, ապա ավելացրեց, որ արդյունքում մշակվել են լատինատառ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների և ռուսաց լեզվի հայեցակարգեր։

«Դպրոցներում 2-րդ դասարանից պարտադիր անցնում են ռուսաց լեզու, որովհետև այն ԱՊՀ երկրներում և եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքային լեզու է։ Գիտական և ռազմաարդյուանբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է», – նշեց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ երկրորդ կարևոր լեզուն անգլերենն է, քանի որ այն այսօր շատ կարևոր և գործածվող լեզու է աշխարհում։
Նախարարը մտահոգություն հայտնեց հատկապես ֆրանսերենի կորստի վերաբերյալ։

«Այսօր նաև մեկ այլ խնդիր է առկա՝ ուսուցիչների որակի անկում և դասաժամերի անբավարար քանակ: Օտար լեզուների բոլոր մասնագտներն ասում են, որ մեծ լսարաններով շաբաթական մեկ կամ երկու ժամով հնարավոր չէ օտար լեզուների կրթության որակն ապահովել, պետք է նաև փոփոխություն անել մեթոդիկայի մեջ», – ասաց նախարարը։

Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցների գաղափարին ինքը դեմ է եղել՝ համարելով, որ օտար լեզու կարելի է սովորել՝ ստանալով հայկական կրթություն։

Նախարարը նաև նկատեց, որ եթե կրթության ոլորտում լուրջ փոփոխություններ են ակնկալվում, ապա պետք է նախ բարձրացվի օտար լեզուների և բնական գիտությունների կրթական որակը։

«Մենք համապատասխան հանձնարական ունենք որակական փոփոխություն անելու։ Շուրջ 2 տարի այդ ուղղությամբ աշխատում ենք», – եզրափակեց խոսքը նախարարը։

Լևոն Մկրտչյանն նշեց, որ դեմ է ներառական կրթության մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», – ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու համար փորձեր են արվում։

Նախարարը նաև ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։

Նրա խոսքով՝ ՀՀ ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։ «Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել են 6 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքաներում», – նշեց նախարարը։

Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ այդ պահանջի տակ հիմնավորումներ չկան, ասաց Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի պահանջին։

«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ, իսկ եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի մաշկի գույնը ուրիշ է, հրաժարական տուր, պիտի քննարկե՞մ այդ հարցը», – ասաց նախարարը։

aysor.am

Տպել Տպել