ՀՀ-ն ինքիշխան պետություն է, այստեղ անվերադարձ միակ պետական լեզուն հայերենն է

Չեն կարող որևէ երկրում ուժեղանալ բնական գիտությունները և հասնել մինչև գիտական մակարդակի, եթե այդ երկրում չեն զարգանում օտար լեզուները, որովհետև փոքր ժողովուրդները հնարավորություն չունեն մասնագիտական, թարգմանական գիտական ծավալ ապահովելու: «Շանթ» հեռուստաընկերության եթերում («Հեռանկար» հաղորդաշար) ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգի անհրաժեշտությունը:

«Անցյալ տարի մեզ մոտ բակալավրիական կրթության 70 տոկոսը հումանիտարիզացված էր: Իսկապես վտանգված է այդ ուղղությունը մեզ մոտ, բոլոր առարկաների ժամաքանակներն ի հաշիվ բնագիտական առարկաների են մեծացել: Եթե մենք փոխում ենք մեր հանրակրթության վեկտորը դեպի բնական գիտություններ, ապա արմատապես պետք է փոխենք բնական գիտությունների և՛ մեթոդիկան, և՛ ժամաքանակը և՛ այլն»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս իմաստով Հայաստանը միշտ եղել է առաջամարտիկ տարածք՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած: Վստահաբար, եթե մենք ուզում ենք ունենալ գիտելիքահեն կրթական համակարգ և ունենանք գիտություն, պարտավոր ենք ունենալ արդիական օտար լեզուների համակարգ: «Սա որևէ ձևով չի կատարվում մեր հայագիտական բլոկի հաշվին, որովհետև ՀՀ-ն ինքիշխան պետություն է, այստեղ անվերադարձ միակ պետական լեզուն հայերենն է, և ես վստահ եմ, որ այդպես է լինելու միշտ, քանի շարունակվում է Հայաստանի անկախությունը, մնացյալ բոլոր լեզուներն օտար են»:

Լևոն Մկրտչյանը պատմել է, որ երբ սկսել են մշակել օտար լեզուների խորացված ուսուցման հայեցակարգը, երկու խնդիր են ունեցել, մեկը` որ ի տարբերություն խորհրդային ժամանակվա մեթոդիկայի, այսօր լսարանները, դասարաններն ավելի մեծ են, իսկ շաբաթական դասաժամերը` քիչ: Այսինքն՝ կարիք կար նոր մեթոդոլոգիայի, և կարիք կար, բացի ընդհանուր դպրոցական համակարգից, երկլեզվյա պարտադիր կրթական համակարգի որոշակի խորացման:

«Հիմա առաջին դասարանում միայն մայրենի լեզուն է, երկրորդից սկսվում է ռուսերենը, երրորդից՝ օտար լեզուները` կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն: Խորացված կրթական համակարգ ասելով` նկատի ունենք ոչ թե որևէ առարկայի, օրինակ՝ կենսաբանության, պատմության կամ այլ առարկայի փոխանցում հայերենից տվյալ լեզու, այլ տվյալ լեզուն ուսանելու ընթացքում սովորում են նաև այդ լեզվի գրականությունը, աշխարհագրական, երկրագիտական որոշակի նյութեր, որոնք օգնում են ավելի խորը հասկանալ տվյալ լեզուն»,-պարզաբանել է ԿԳ նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ իրենք սկզբում լատինատառ հենքի վրա մշակել են օտար լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: «Առաջանցիկը ֆրանսերենն է, ընտրել ենք 10 դպրոց, այդ 10 դպրոցում սկսել ենք ֆրանսիական խորացված ուսուցման պիլոտային ծրագիրը, դա դրված է կայքում քննարկման համար: Այնուհետև կիրիլիցայի հիմքի վրա ձևավորում ենք ռուսերենը, և ունենք մեկ դպրոց չինական խորացված ծրագրի, որը չինական ժողովրդի նվերն է, կառուցվում է այդ դպրոցը»:

Լևոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ եթե մեր տնտեսական վեկտորը շարունակի զարգանալ դեպի հարևան երկիր, ապա, անպայման, կարիք կունանք արևելագիտական ուղղվածության մեկ-երկու դպրոցի խորացված ուղղվածության:

tert.am

Տպել Տպել