Սիրիական հակամարտության տարիներին հայկական սփյուռքի «ողնաշարը» համարվող հայ համայնքը չի կազմալուծվել

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ Սիրիական հակամարտության տարիներին հայկական սփյուռքի «ողնաշարը» համարվող հայ համայնքը չի կազմալուծվել: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հակառակ տիրող պատերազմական վիճակին՝ անգամ ամենաթեժ պահերին Հալեպում հայկական դպրոցի, եկեղեցիների դռները բաց մնացին, զանազան կազմակերպություններ շարունակեցին գործունեություն ծավավել:

«Երբ կացությունը շատ ավելի հուսադրող եղավ, վերադարձողներ եղան, որոնց մեջ կային ոչ միայն ներսի քաղաքներից, այլ նաև դրսից եկողները: Վիճակագրություն չկա, բայց լսում ենք, որ ընտանիքները գալիս են Ամերիկայից, Լիբանանից, Հայաստանից և անգամ Ավստրալիայից»,- ասաց նա:

Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Սիրիական հակամատության ընթացքում համայնքը շատ մեծ կորուստներ կրեց, դրանք՝ և՛ նյութական էին, և՛ մարդկային: «Եթե համեմատենք Սիրիայի ընդհանուր ժողովրդի հետ, հայ համայնքի կորուստները քիչ են, բայց մեր ունեցածի մեջ մենք շատ կորուստներ ունեցանք: Կան վիճակագրական տվյալներ, ինչպես նաhատակված հայ զինվորականների, այնպես էլ՝ ահաբեկչություններին զոհ դարձած մարդկանց վերաբերյալ: Վիրավորների թիվը բավականին մեծ է»,- ասաց նա՝ նշելով, որ մոտավոր տվյալներով՝ համայնքից զոհերի թիվը 250-ն է:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով համայնքը կորցրեց նաև շատ աշխատատեղեր, և դրանց վերականգնման անհրաժեշտություն կա:

Նրա խոսքով՝ հայությունը միշտ էլ Սիրիայում հարգանքի է արժանացել և՛ իշխանությունների, և՛ ժողովրդի կողմից: Նա Սիրիայի խորհրդարանում պատգամավորների առկայությունը չպայմանավորեց նրանով, որ սիրիական իշխանությունները շահեր են ունեցել հայերից: Նա նկատեց, որ միշտ էլ Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ եղել են:

«Այս ընտրությունների ժամանակ մարդիկ ակնալում էին, որ մեկ հայազգի պատգամավոր կունենանք, բայց ունեցանք երկուսը՝ մեկը Հալեպից, մյուսը՝ Դամասկոսից»,- ասաց նա:

Խոսելով Սիրիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված հայ համայնքի աշխատանքների մասին՝ նա նշեց․«Մենք միշտ էլ շնորհակալ ենք եղել Սիրիայի ժողովրդին, որ 100 տարի առաջ, տարեգրության ժամանակ հազիվ հասանք Սիրիա, իրենք տեր եղան մեզ»:

Նրա խոսքով՝ այսօր, երեկ և անընդմեջ Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացնում են: «Նախորդ շրջանում նաև հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել` 1.5 մլն զոհերի հիշատակը հարգելով: Պետության ճանաչման հարցը չի նշանակում, որ անպայման արաբ և սիրիացի ժողովրդի վերաբերմունքն է արտացոլում: Դա քաղաքական հարց է, որը հարմար պահին անկասկած կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ Սիրիան ոչ թե բառերով է փորձել ցեղասպանությունը ճանաչել, այլ՝ գործով:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ Հայաստան ապաստանած սիրիահայերի համար Հայաստանը կարող է միջազգային օժանդակություն ունենալ: «Այնքան ժամանակ, քանի դեռ կան Հայաստանում վատ ապրողներ, կա միջազգային պարտավորություն` այդ ընտանքիներին օժանդակելու»,- նշեց նա:

Սիրիահայ պատգամավորը, անդրադառնալով Հայաստան-Սիրիա հարաբերություններին, նշեց, որ գոնե իր կարծիքով՝ Սիրիան որևէ այլ երկրի հետ Հայաստանի նման հարաբերություններ չունի, քանի որ հայ և սիրիացի ժողովուրդներն ունեն շատ երկար տարիների պատմություն: «Սիրիան Հայաստանին համարում է ոչ միայն բարեկամ, այլ բարեկամից շատ ավելի մոտ երկիր ՝ իր պետությամբ և ժողովրդով: Այդ կապը միշտ կմնա ջերմ և հավատում եմ, որ այդ բաժինն օրըստօրե կշատանա»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել Տպել