ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան կապ չունի ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի հետ

ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այս այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժական համալսարանում ռուսերենի մասնագետների հետ ուղղակի հանդիպում էր, որը կրկին կապ չունի հայեցակարգի հետ», – նշեց նախարարը:

ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան ևս ընդգծեց, որ այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են միայն գիտության և կրթության ոլորտին առնչվող:

Խոսելով կրթությունից՝ ՌԴ ԿԳ նախարարը կարևորեց ՀՀ դպրոցներում շախմատի դասերի առկայությունը:

«Դուք լավ տրադիցիա ունեք. 2-րդից 4-րդ դասարաններում շախմատի ուսուցումը պարտադիր է, դա ուղիղ կապ է մաթեմատիկայի, հետագայում էլ IT ոլորտի զարգացման համար, որոնց նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծ է», – նշեց Օլգա Վասիլևան:

Լևոն Մրտչյանն էլ հավելեց, որ բացի գիտության բնագավառում համագործակցությունից՝ ՌԴ գործընկերների հետ քննարկվել է նաև փոքր դպրոցների կառավարկան մեթոդիկան:

ՌԴ ԿԳ նախարարը` Հայաստան այցի շրջանակներում երեք ուղղության վրա է շեշտը դրվելու,- ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` խոսելով ՌԴ ԿԳ նախարարի այցի առաքելության մասին: Նա տեղեկացրեց նաև, որ Վասիլևայի հետ պայմանավորվել են հատուկ շեշտադրում անել բնական գիտությունների և ինժեներատեխնիկական ուղղությամբ: «Երեք հիմնական ուղղությամբ ենք համագործակցելու` ինժեներատեխնիկական, միջուկային ֆիզիկայի և բնական գիտությունների: ՌԴ-ի մեր գործընկերները, հատկապես` գիտական հաստատությունները, շատ ավելի սերտ համագործակցություն կսկսեն մեզ հետ: Բացի այդ` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների մեթոդիկայի հարցում կլինի համագործակցություն, մենք կվերցնենք Ֆինլանդիայի և ՌԴ-ի փորձը, քանի որ Ռուսաստանում էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող մեծ թվով դպրոցներ կան»,- ասաց Մկրտչյանը:

Հարցին, թե «Ռուսաց լեզու» առարկայի դասագրքերից մեկում գրված է «նեգր», և որքանո՞վ է սա էթիկապես ճիշտ, Մկրտչյանը պատասխանեց, որ եթե, իրոք, նման բան կա, աններելի սխալ է: «Պետք է անպայման նայել սա, ճշտել»,- ասաց նա:

ՌԴ ԿԳ նախարարը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում: Այսօր Օլգա Վասիլևան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ նրան շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Տպել Տպել