Իրաքը կարող է էներգակիրների ոլորտում Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը դառնալ

Այսօր Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Դավիթ Լոքյանը ողջունելով Իրաքի պատվիրակությանը Հայաստանում՝ վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի երկօրյա աշխատանքի արդյունքները հիմք կհանդիսանան համագործակցության նոր ռեալ ուղղություններ նախանշելու և համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: «Հայաստանն ու Իրաքն ունեն բավականին լուրջ քաղաքական համաձայնությունների դաշտ, որը պետք է տեղափոխել տնտեսական ոլորտ: Մենք ունենք բազմակողմ համագործակցության մեծ ներուժ, մեր երկու երկրների կառավարությունները մեզ են վստահել այս համագործակացությունն ակտիվացնելու գործընթացը, և մենք պետք է արդյունավետ աշխատենք առկա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նախարարը ներկայացրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և առանձնացրել է գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, որտեղ կարելի է ակտիվ փոխգործակցություն ծավալել:

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու համար: «Հայ-իրաքյան հարաբերությունները բավականին առաջընթաց են ապրել նախորդ տարիներին և դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար հիմքեր կան:Մեր հիմնական նպատակն է վերացնել այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- ասել է Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին: Նա նշել է, որ իրաքյան կողմը համագործակցության ներուժ է տեսնում շինարարության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, նավթային ոլորտներում: Իրաքյան կողմի համանախագահը նաև ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացման, չվերթների ավելացման ուղղությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մի շարք երկրների համար որդեգրել է մուտքի վիզայի տրամադրման կարգը դյուրացնելու սկզբունքը և նշել է, որ հանձնաժողովը կանդրադառնա նաև այս հարցին:
Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին իր խոսքում Իրաքի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տարբեր միջազգային ատյաններում Իրաքին աջակցելու համար:

Հայ-իրաքյան տնտեսական համագործակցության հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև սեպտեմբերի 26-ին: Նիստի ավարտին ստորագրվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:

Իրաքյան պատվիրակության այցի ժամանակ նախարար Ֆալահ Հասսան Զեյդան Ալ-Լուհաիբին հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել