Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մաաթիին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մաաթիին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման միջոցառումների հետ կապված հարցերը:

Ողջունելով դեսպան Մաաթիին, ՏԿԶ նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը վստահեցրել է, որ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ են տարվում նիստը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Դ. Լոքյանը վստահեցրել է, որ համատեղ նիստը նոր խթան կհանդիսանա հայ-եգիպտական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու համար:

Դեսպան Մաաթին էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նաև կարծիք հայտնել, որ երկար տարիների ընդմիջումից հետո նոր ազդակներ կտրվեն երկու պետությունների միջև համագործակցությանը և տնտեսական կապերի ամրապնդմանը:

Հավելենք, որ հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրը: Հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, նիստի շրջանակներում տեղի է ունենալու նաև գործարար համաժողով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել